Լրահոս

17.07.2009 18:17


Ի՞նչ է պատասխանել Է.Նալբանդյանը «Հող ենք տալի՞ս Ադրբեջանին» հարցին

Ի՞նչ է պատասխանել Է.Նալբանդյանը «Հող ենք տալի՞ս Ադրբեջանին» հարցին

Հուլիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահի հետ հանդիպումից հետո արտգործնախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հետաքրքրական է, որ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հարցուպատասխաններում որոշ հարցեր ընդհանրապես բացակայում են, որոշ տրված հարցերին  ուրիշ պատասխան է տեղադրվել և այլն։ Կայքէջում տեղ չեն գտել նաև Արցախի լրագրողների հարցերն ու դրանց պատասխանները։

Մասնավորապես՝ «Հո՞ղ ենք տալիս Ադրբեջանին» հարցին ի պատասխան՝ արտգործնախարար Է. Նալբանդյանը հիշեցրել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կողմից վերջերս արված հայտարարությունը և շեշտել, թե գնահատելի է, որ երեք երկրներն այդպիսի ուշադրությամբ են վերաբերվում հարցին։ Նա նկատել է, որ դա նորություն չէ, և նրանք հետևողական ջանքեր են գործադրել օգնելու կողմերին՝ մոտեցնելու դիրքորշումները և ընթանալ դեպի հիմնախնդրի կարգավորում։ Այս հարցի պատասխանը կայքէջում ներկայացված է որպես հետևյալ հարցի պատասխան. «Իտալիայում «Մեծ ությակի» գագաթաժողովին նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը»։

«Ի՞նչ նկատի ունեք Ղարաբաղի ժողովուրդ ասելով՝ ԼՂՀ ներկայիս տարածքո՞ւմ ապրող, թե՞ ԼՂԻՄ-ի տարածքում» հարցին ի պատասխան, որը, ի դեպ, ընդհանրապես տեղ չի գտել կայքէջում, նախարարը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող ժողովուրդը»:

Կայքէջում չի տեղադրվել նաև հետևյալ հարցուպատասխանը. «Խոսքն ինքնորոշման իրավունքի սկզբունքի՞ մասին է, թե՞ ինքնորոշման իրավունքի ճանաչման, քանի որ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է»: Հարցին հետևլ է հետևյալ պատասխանը. «Ես ասացի՝ կամքի արտահայտում Ղարաբաղի ժողովրդի կողմից, այսինքն՝ Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպե՞ս է ինքը ցանկանում ապրել, և ինչպե՞ս պետք է լինի այդ կարգավիճակը»:

ԱԳՆ հաղորդագրությունում փախստականների վերաբերյալ հարցուպատասխան է տեղադրվել, որը, սակայն, ինչպես տեղեկացրել են Արցախի լրագրողները, ճեպազրույցի ժամանակ ընդհանրապես չի հնչել։

ԱԳ նախարարը չի պատասխանել նաև «Արդյոք տարածքների հետ կապված բանակցություններ ընթանո՞ւմ են, թե ոչ» հարցին։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը