Լրահոս

17.07.2009 18:01


Զինված ուխտագնացություն

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ հուլիսի 16-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, թե Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ճանապարհին անհայտ անձը հրազենից արձակված կրակոցով ձախ ոտքի մասում վնասվածք է պատճառել 1955թ. ծնված Գևորգ Հ.-ին:

Սակայն ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ հանցագործություն կատարած անձը 10-15 ուխտագնացների թվում է եղել: Տարածված լուրերի համաձայն՝ խմբի մեջ է եղել նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Սառնղբյուր գյուղում բնակիչները նշում էին, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամերին, Սառնաղբյուրի ջրամբարի տարծքում տեղակայված պոմպակայնի մոտակայքում: Դեպքի վերաբերյալ գյուղացիների շրջանում շրջանառվում է երկու վարկած: Վարկածներից մեկի համաձայն՝ գյումրեցի ուխտագնացները տրորել են գյուղացիներից մեկի արտը, և պոմպակայանի աշխատակից, Սառնաղբյուրի բնակիչ Գևորգ Հակոբյանը փորձել է կանխել ուխտագնացներին, որի հետևանքով նրանցից մեկը հրազենով կրակել է Գևորգ Հակոբյանի ոտքին: Մյուս վարկածի համաձայն՝ ուխտագնացները մտել են պոմպակայանի արգելված տարածք, ինչին խոչընդոտել է Գևորգ Հակոբյանն ու ստացել հարզենային վնասվածք:

«Մենք ոչ մի բան չենք տեսել։ Լսել ենք, որ եկել են մեր գյուղ՝ աղոթելու։ Վիճել են Գևորգի հետ, կրակել են ոտքին ու վերջ: Թե զենքով ի՞նչ ուխտագնացույթուն, ի՞նչ աղոթք, չեմ հասկանում: Ասում են, որ էդ ուխտագնացները հարբած են եղել: Մեր գյուղում դեռ նման բան չէր պատահել: Էդ մարդն ամբողջ գյուղին ջրով էր ապահովում, հիմա թող մարդ բերեն, որ էս սեզոնին պոմպակայանն աշխատեցնի»,- նշեց ներկայանալ չցնկացող սռանաղբյուրցի մի տղամարդ:

Ոստիկանության Անիի բաժնում և մարզային ոստիկանությունում հրաժարավեցին մեկնաբանություններ տալ դեպքի առիթով՝ նշելով, որ ոստիկանության կայքէջում արդեն տեղեկատվություն տեղադրված է:

Փոխարենը ոստիկանության բարձրաստիճան աղբյուրները հաստատեցին գյուղում շրջանառվող վարկածները հանցագործության կատարման դրդապատճառների վերաբերյալ: Նույն աղբյուրը հաստատեց նաև, որ, իրոք, ուխտագնացություն է կազմակերպվել Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցուց մինչև Էջմիածին: Նպատակը եղել է՝ աղոթել բոլոր այն եկեղեցիներում, որոնք գտնվում են ճանապարհին: Չժխտվեց, որ խմբի կազմում է եղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, սակայն թե ինչքանո՞վ է Սպարտակ Ղուկասյանը կապ ունեցել կատարվածի հետ, չեն կարող ասել, քանի որ խումբը քայլել է առանձին-առանձին, և հավանական է, որ քաղաքապետի որդին ընդհանրապես եղած չլինի դեպքի վայրում:

Դեպքի առիթով ձերբակալվածներ չկան, կան բերման ենթարկված անձինք, ընթանում է նախաքննություն:

Իսկ Գյումրի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից «7օր»-ին տեղեկացրեցին, որ վիրահատել են Գևորգ Հակոբյանի ձախ ոտքը, որի ոսկորը փշրված է եղել: Այժմ տուժող Գևորգ Հակոբյանի վիճակը գնահատվում է բավարար:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը