Լրահոս

17.07.2009 17:37


Պարզվել է «Չերյոմուխա–7» զինատեսակն օգտագործած ենթասպաների ինքնությունը

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կ. Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ հարուցել քրեական գործեր ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝  տեղեկացնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի, մյուսը՝ 309-րդ հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների  դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների, նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ անկարգությունների ժամանակ մահացած երեք և մարմնական վնասվածքներ ստացած երեք քաղաքացիների մարմիններից հանված օտար մարմինները հանդիսանում են «Չերյոմուխա-7»  տեսակի փամփուշտներից կրակված գազային նռնակներ և դրանց պլաստմասե խցաններ:

Պարզվել են նաև այն ենթասպաների ինքնությունը, ովքեր դեպքի օրն օգտագործել են  նշված տեսակի կարաբինները:

ՌԴ ՆԳՆ «Հատուկ տեխնիկա և կապ» ԳՀՄ պետական ձեռնարկությունում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Չերյոմուխա-7»  տեսակի փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում, արգելվում է անմիջապես մարդու վրա կրակը: Կրակը կարող է արձակվել իրավախախտների մոտ գտնվող տեղանքի կամ օբյեկտների վրա՝ հաշվի առնելով իրավախախտների վրա գազային ամպի տեղափոխումն ապահովող քամու ուղղությունը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության զորքերում հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ նախապատրաստական դասընթացները և ուսումնական վարժանքներն իրականացվել են ուժը կորցրած ԽՍՀՄ ՆԳ նախարարի 1989թ. հուլիսի 6-ի թիվ 127 հրամանով հաստատված ներքին գործերի մարմինների և ներքին զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ հրահանգով: Նշված հրահանգի և ԽՍՀՄ  ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի կողմից  «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ մեթոդական ձեռնարկի ուսումնասիրությամբ հաստատվում է, որ  «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտներով արգելվում է կրակել մարդկանց բազմության ուղղությամբ և նշանառու կրակ արձակել իրավախախտների վրա:

ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում անցկացված փորձաքննությամբ հիմնավորվել է, որ դիակներից և վիրավոր քաղաքացիների մարմիններից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակների պլաստմասսե խցանների վրա կան կողմնակի հետքեր՝ դեֆորմացիաներ, պատռվածքներ, շփման և հպման հետքեր, որոնք առաջացել են պինդ մարմինների հետ բախման կամ արգելանյութի միջոցով անցնելու հետևանքով:

Նույն եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ պատին կամ այլ արգելքի բախվելուց հետո հետացատկի դեպքում /ինչպես նաև որևէ արգելքի միջով անցնելուց հետո/  «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակները՝ կախված բախման անկյունից և արգելանյութի հատկություններից, կարող են մարդուն՝ այդ թվում նաև մահացու, վնասվածքներ պատճառել:

Փաստորեն 2008թ. մարտ 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները խախտել են զենքի՝  հրազեն հանդիսացող ԿՍ-23 հատուկ միջոցների, հետ վարվելու կանոնները, որի հետևանքով անզգուշությամբ երեք քաղաքացիների մահ և ևս երեք քաղաքացիների առողջությանը տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառել:

Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից կատարված հանցագործության դեպքեր, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով:

Բացի այդ՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը տրամադրել է 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսագրություններ պարունակող լազերային սկավառակ:

Տեսասկավառակի 0:11:55 րոպեից 0:14:20 րոպեն պատկերված կադրերում վահաններով և մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում վազում են քաղաքացիական հագուստով անձանց հետևից, այնուհետև հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածում են անհայտ քաղաքացուն: 

 Նույն տեսասկավառակի 0:03:30 րոպեից 0:05:01 րոպեն պատկերված կադրում ոստի-կանության աշխատակիցները երկու քաղաքացիական անձանց բերման ենթարկելիս և  «Վազ 2121՚»մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենան նստեցնելիս բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ձեռքերով և ոտքերով հարվածում վերջիններիս:

Այսինքն, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ զուգորդված բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ:

Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործության դեպքեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործերը միացվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը