Քաղաքական

04.09.2013 12:50


Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել։

Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել։

«Top-new.am» կայքի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն, անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ-Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը, ասաց, որ իր համար հասկանալի է այն շոկային ու ինչ որ տեղ անկումային տրամադրությունները, որոնք երեկվանից տարածվում են մեր հասարակության ակտիվ շրջանակներում:

«Ես այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ, այն պարզ պատճառով, որ լինելով ԱԺ պատգամավոր ունեմ այնքան ինֆորմացիա, որքան ցանկացած հեռուստադիտող: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ երեկ կայացվել է միանձնյա որոշում: Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ: Դատելով իշխանական պատգամավորների եվրոպամետ տեսակետներից, չի խորհրդակցել նաև իշխող քաղաքական ուժի հետ, և որքան հասկանում եմ, չի կիրառել նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված մեկ ուրիշ քայլ՝ չի խորհրդակցել նախկին նախագահների հետ»,- նշեց Հովհաննիսյանը:
- Բայց գրեթե նույն պատկերն էր ասոցացման համաձայնագրի շուրջ:
- Ամբողջովին նույնն էր: Փակ փաստաթուղթ էր, որին տիրապետում էին ընդամենը մի քանի հոգի: Այս պայմաններում որևէ լուրջ մարդ չէր կարող առանց կարդալու կարծիք հայտնել: Իհարկե, կային գործիչներ, վերլուծաբաններ, ովքեր դա անում էին, բայց դա այլ պատվերի շրջանակներում էր:
- Օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ: Դուք կիսում եք այդ տեսակետը:
- Ծառուկյանն ասել է այն, ինչը մտածում են միլիոնավոր հայեր: Միևնույն ժամանակ, պետք է շատ հստակ հասկանալ՝ հայ-ռուսական լավ հարաբերությունները չեն պարտադրում լարված հարաբերություններ Եւրոպայի և Արևմուտքի հետ: Ցավոք, ես նման միտումներ արդեն տեսնում եմ: Եւրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին արձագանքները բավական կոշտ են: Հաջողված արտաքին քաղաքականությունը Հայաստանի պարագայում հավասարակշռված քաղաքականությունն է:

Զրուցեց Հասմիկ Մարգարյանը

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/22510.html

Այս խորագրի վերջին նյութերը