Լրահոս

03.09.2013 14:35


Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը

Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը:

Նա նշել է, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա. հետևաբար, Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:

«Հնարավո՞ր է, որ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը»,–«Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահակյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ: Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը