Տնտեսական

29.08.2013 12:27


ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

hetq.am–ը հիշեցնում է, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:

Անգամ հնարավոր առավելագույն երկարաձգված վերջնաժամկետից՝ ապրիլի 30-ից 4 ամիս անց, 2013թ. օգոստոսին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ավելին, շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն կրկին երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով (2013թ. մայիս 17 և հուլիս 12) և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

Ս.թ. մայիսի 17-ի նամակին ի պատասխան մայիսի 20-ի թիվ 01910513 նամակով Արսեն Քարամյանը հայտնել է, որ «...Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են և ներկայումս իրավասու մարմինների կողմից իրականացվում են բնակարանների մակերեսների փաստացի չափագրման և շինարարության ավարտի փաստագրման աշխատանքները: 2013 թվականի մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի գնի ընդհանուր վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը: Բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ շահառուներն անհատապես կծանուցվեն»: Մինչդեռ հակառակ նամակում նշվածի՝ մինչ օրս իրենց բնակարանները տեսնելու հնարավորություն են ունեցել 14 բնակելի հարկերից միայն 1-4-րդ հարկերի բնակարանների շահառուների մի մասը, որոնց հետ այլևս որևէ գործարք չի կատարվել:

Մանրամասները՝ hetq.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը