Մեկնաբանություն

27.08.2013 17:33


Մտավոր հաշմանդամների և «արևմտամետ գեղցիների» մասին

Մտավոր հաշմանդամների և «արևմտամետ գեղցիների» մասին

ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ նշել էր, որ լրատվամիջոցներն իրեն կապում են Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վարկաբեկեն, քանզի ում անունը կապվի Սարգսյանի հետ, անմիջապես կվարկաբեկվի։

Գեղամյանի հետ այս հարցում վիճելն անիմաստ է։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն էլ գիտի այդ մասին և դա է, թերևս, պատճառը, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող մամուլին փորձում են «անկախի» տեղ հրամցնել հանրությանը, քանզի գիտեն, որ եթե Սերժ Սարգսյանի հետ բացահայտ կապը ցույց տրվի, ապա այդ լրատվամիջոցները կվարկաբեկվեն։

«Անկախ» մամուլին ստեղծել են, որպեսզի քսի տան հասարակության վրա, որպեսզի բոլշևիկյան քարոզչություն իրականացնեն, որպեսզի վարկաբեկեն բոլորին՝ իրենց վարկաբեկվածությունը «լեգիտիմացնելու» համար։

Հարկ է նկատել, որ «անկախ» լրատվամիջոցներին հաջողվել է ահագին ավերածություններ գործել լրատվական դաշտում։ Խոսքս միայն 5–րդ շարասյան ֆունկցիա կատարելուն, էժանագին «մուտիլովկաներ» տարածելուն և տենդենցիոզ «վերլուծություններ» արտադրելուն չի վերաբերում։

Բացի «դհոլ» լինելուց «անկախները» նաև մտավոր հաշմանդամություն ու արևմտյան արժեքներ են քարոզում՝ լինելով խորը «գեղցիներ» և միջինասիական երկրներին հատուկ արժեհամակարգի կրողներ։

Ձոն էշության

Հեռուստատեսային դաշտն իշխանությունները վաղուց են նախրքաշի վերածել։ Բանավոր խոսքը ենթարկվել է սարսափելի մուտացիայի և դժվար է ասել, թե քաղաքական ու հասարակական թեմաներով հեռուստաէկրանից բարբաջողն իրենից ինչ է ներկայացնում։

«Վերին ատյանի» կողմից, որպես կանոն, խրախուսվում է անգրագիտությունը և տափակությունը։ Չնչին բացառությունները հաստատում են կանոնը։

Վերջին հինգ տարում իշխանություններին հաջողվեց ավերածություններ գործել նաև գրավոր խոսքի ասպարեզում։ Խոսքս գրագիտությանն ու ճիշտ շարահյուսությանը չի վերաբերում։ Դա, ինչպես ասում են, կես դժբախտությունն է։

Հանրության դեմ պայքարող «անկախները» փոխակերպել են բառի ձևն ու բովանդակությունը։ Սրանց գործունեությունն այլ կերպ, քան ձոն էշության չես անվանի։ Դե իսկ սկզբունքայնությունը, հետևողականությունն ու փաստարկներին դիմելն ամբողջությամբ խորթ են մտավոր հաշմանդամներին։

«Անկախները» նաև կոմպլեքս ու ամոթի զգացում չունեն այնպես, ինչպես փողոցում կանգնած «պուտանկեքը» չեն ամաչում իրենց գործունեության բնույթից։ Սակայն եթե «պուտանկեքը» որոշակի խաղի կանոն են պահում ու երբեմն տրվում են «զա կայֆ», ապա «անկախների» մոտ նման բան չկա։ Սրանք կարող են իրենց չսիրած «օլիգարխից» պաշտոնապես ֆինանսավորվել, բայց խոսել հակաօլիգարխիկ պայքարի անհրաժեշտության մասին։ Կարող են քաղաքացիականությունից ճամարտակել, բայց պաշտպանել Սերժ Սարգսյանին։ Կարող են բարձրաձայնել կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, բայց փաստաբանություն անել «Օֆշորի Տիկոյի» համար։ Կարող են խոսել Մեծ Հայաստանից, բայց միևնույն ժամանակ ձայնակցել թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ու Ղարաբաղը հանձնելու գիծ որդեգրել։

Մտավոր հաշմանդամների ու «արևմտամետ գեղցիների» գլխավոր առանձնահատկությունը, ծախվածությունից զատ, կատարյալ տգիտությունն է։ Ու որպես դասական գեղցիներ՝ սրանք միշտ անդրադառնում են «գլոբալ» հարցերի ու բացառապես «գեոպոլիծիկ» տեսանկյունից են «վերլուծում» իրականությունը (մտավոր գաճաճությունը հաղթահարելու ենթագիտակցական մղում)։

Դիլետանտիզմը որպես գաղափարախոսություն որդեգրածները կարող են ամեն օր լավաշ հոդվածներ գրել Չինաստան–Ռուսաստան, Իրան–Ռուսաստան «օսի», ԱՄՆ–ի մերձավորարևելյան ռազմավարության, համաշխարհային գլոբալ տաքացման և Ղարաբաղի խնդրի վրա դրա ազդեցության, Օբամա–Պուտին առանձնազրույցի (տղերքը մոմ բռնող են նաև), Ուկրաինա–ԵՄ, աշխարհի զտման, մի խոսքով՝ «գլոբալ» թեմաների մասին։ Եվ այդ ամենը դեմքի խորաթափանց արտահայտությամբ։

Բերեմ մեկ օրինակ։

«Մերձավոր Արեւելքում տեղի է ունենում ոչ թե պարզապես սահմանների վերաձեւում, այլեւ բնակչության գլոբալ զտում ոմն էթնիկ, կրոնական եւ ցեղային սկզբունքներով: Առանց գլոբալ եւ տարածաշրջանային զտման անհնար է հաստատել քիչ թե շատ ընդունելի կայուն գոյություն 21-րդ դարում». ահա՛ այսպիսի դարակազմիկ գնահատական է տալիս «մեծն» «գեոպոլիծիկոսը» և լուսավորում բոլորիս՝ ձեռքի հետ էլ, փաստորեն, մի ամբողջ 21–րդ դարի համար գործողությունների ուղենիշ սահմանում ԱՄՆ–ի ու մյուս մանր–մունր պետությունների համար։ Եվ ամենակարևորը՝ դա արվում է ամեն օր՝ տնային պայմաններում։ Ինչպես որ չինացիներին են իրենց բնակարանների նկուղներում «Ռոլեքս» կամ «Սեյկո» ժամացույցներ հավաքում։ Իսկ գերտերությունները գլխի չեն ընկնում, թե ինչպես պետք է վարվել և ստիպված հսկայական ինստիտուտներ են պահում։ Մինչդեռ մեր տնաբույծ Բժեզինսկին գիտի, թե 21–րդ դարում ինչպես է հնարավոր հաստատել քիչ թե շատ ընդունելի կայուն գոյություն։ Իսկ դուք ասում եք...

Ախր շա՜տ խելացի մարդ է մեր «գեոպոլիծիկոսը», բայց հայ ժողովրդի կարկառուն զավակներից միայն Սերժ Սարգսյանը գնահատեց նրան ու լուծեց կենցաղային խնդիրները։

Կենցաղային խնդիրների ու «գեոպոլիծիկայի» խառնուրդից էլ ծնվում են «գլոբալ» մտքերը և հրամցվում որպես տիեզերական մասշտաբի վերլուծություններ։

Առանձին ուշադրության է արժանի պատճառահետևանքային կապի մասին սրանք պատկերացումները։ Տրամաբանությունը երկաթյա է՝ «Ծառից թռավ մի ծիտիկ, այ քեզ հիմար նապաստակ» տարբերակով։

Դատե՛ք ինքներդ. մարդը կարող է գրել, որ ռուսական պատվիրակություն է այցելել Ղարաբաղ և անմիջապես եզրակացնել, որ Կրեմլը ոմն Աննա Չապմանի Ղարաբաղ է ուղարկել՝ հետախուզելու իրավիճակը եւ «շոշափելու» ղարաբաղյան իշխանությանը, Հայաստանի «եվրոպականացումից» հեռու մնալու եւ Ռուսաստանի գրկում մնալու պատրաստակամությունը: Եվ ոչ մի հիմնավորում կամ փաստ, որ Կրեմլն է այդ մարդկանց ուղարկել կամ ուղարկելուց էլ խնդիր է դրել շոշափել այն հարցերը, որոնց մասին գրում է մտավոր հաշմանդամության ռահվիրան, ով մտքի այդ «գոհարները» ներկայացնելուց առաջ «տրամաբանական» եզրահանգման էր եկել, որ եթե Պուտինը այցելել է Աբխազիա և շնորհավորել անկախության հինգ տարին, ապա չի բացառվում, որ Պուտինը երևանյան խոստացված (ե՞րբ էր խոստացել) այցի փոխարեն ինչ որ տարօրինակ բանով թռչի Ղարաբաղ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գեղցիության վառ դրսևորում և «վերլուծական» մտքի թռիչք։

Կամ նույն հեղինակը մեկ այլ «հոդվածում» կարող է գրել, թե ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը դեռ անհայտ է, բայց այն ձեռնտու է Հայաստանին։

Եթե համաձայնագրի բովանդակությունը հայտնի չէ, ապա ինչպե՞ս կարելի է նույն նախադասության մեջ եզրակացնել, թե այն Հայաստանին ձեռնտու է։

«Տրամաբանության» նմանատիպ դրսևորումների կարելի է հանդիպել ամեն օր։ «Հադրութ.am»–ները «շտամպովկա» են անում էշությունները հաճախորդներին ներհատուկ կարգապահությամբ և հոսքագծերի վրայից դուրս եկած ապրանքներին բնորոշ միօրինակությամբ։

Ամփոփենք.

Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին ոչ միայն հաջողվել է տնտեսության հերն անիծել և արտաքին քաղաքականությունը «ֆուտբոլայնացնել», այլ նաև մթնոլորտը գաղջացնել «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ։

Դժվար չէ կռահել, թե այս ամենն ինչով կվերջանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը