Լրահոս

26.08.2013 14:59


Միքայել Մելքումյան. «Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է ոչ թե փոքր, այլ մեծ քայլերի քաղաքականություն»

Միքայել Մելքումյան. «Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է ոչ թե փոքր, այլ մեծ քայլերի քաղաքականություն»

Հարցազրույց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» խմբակցությոան անդամ Միքայել Մելքումյանի հետ
-Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներկա իրավիճակին: Չէ՞ որ պաշտոնապես 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է 7.2 % տնտեսական աճ:
-Նախ ասեմ, որ պաշտոնական վիճակագրության և իմ պատկերացումները տնտեսական աճի հետ կապված տարբերվում են, և, երկրորդ, 7.2 %-ը ոչ թե ՀՆԱ-ի աճն է, այլ ըստ ԱՎԾ-ի տնտեսական ակտիվության աճի մակարդակն է բնութագրում, որը տարբերվում է ՀՆԱ-ի աճից և ՀՀ-ում պաշտոնապես գործում է 2011 թվականից:
Սակայն խնդիրը ոչ թե աճի թվաբանական ցուցանիշի մասին է, այլ այդ աճի որակի մասին է: Պարզից էլ պարզ է, որ առկա աճը, ըստ էության, էական ազդեցություն չունի բնակչության կենսամակարդակի բարելավման, ավելին` հանրապետության ներդրումային գրավչության, արտադրական կազմակերպություններում արտադրողականության և արտահանման ծավալների աճի վրա: Առայժմ չի հաջողվում արտահանման ծավալների կտրուկ աճ արձանագրել, առանց որի անհնար է ՀՀ-ում և զարգացած երկրներում խոսել իրական տնտեսական աճի մասին:
Կառավարության կողմից արդեն մի քանի տարի գերակա հռչակված արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության իրականացման համար դեռևս չեն ձևավորվել ծանրակշիռ պայմաններ և նախադրյալներ:
Ինչ վերաբերում է 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին պաշտոնապես գրանցված 4% տնտեսական ակտիվությանը, ապա նշենք, որ դա նախատեսվածից ցածր ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 6.7%, գյուղատնտեսական ապրանքներինը` 4.7%, շինարարությանը նվազել է 8.6%-ով: Սա նշանակում է, որ դիվերսիֆիկացում չկա, իսկ տնտեսական աճը դանդաղում է: Ավելին, սպառողական ապրանքների գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 4.7%, իսկ աշխատավարձի աճը՝ 3.2%: Տարբերությունն ակնհայտ է: Եթե սրան գումարենք նաև այն, որ հուլիսի 7-ից թանկացել են գազն ու էլեկտրաէներգիան, ապա առաջիկայում գնաճը կկազմի շուրջ 8-8.5%:
Այսպիսով, մեզանում տնտեսական վիճակագրական աճը հիմք չի դառնում իրական տնտեսական զարգացման համար:
-Ի՞նչն է, ըստ Ձեզ, հիմնական պատճառը»:
Նախ, ՀՀ տնտեսության և արդյունաբերության կառուցվածքը ձևավորվել է այս տեսքով անցած 20 տարիների ընթացքում: Եթե սննդի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքագործական արդյունաբերության և մի շարք այլ ճյուղերում իրականացվում են մեծածավալ կապիտալ ներդրումներ, և ինչ-որ ձևով ապահովում են ժամանակի պահանջը բավարարող տեխնիկատեխնոլոգիական բազա, ապա մյուս ոլորտներում, հատկապես` մեքենաշինության, քիմիական, շինանյութերի, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների մի շարք այլ ոլորտներում, ըստ էության, չեն իրականացվել համապատասխան ծավալի կապիտալ ներդրումներ: Դրա հետևանքով աշխատանքի արտադրողականությունը այդ ոլորտների կազմակերպություններում օրական չի անցնում մեկ աշխատողի հաշվով` 40000 ՀՀ դրամից, որը միջազգային ներկա պահանջներին չի համապատասխանում և անհնար է բարձրացնել աշխատավարձը, ներգրավել որակյալ աշխատուժ, որակյալ կառավարման համակարգ և ավելացնել արտահանումը: Ավելին, ներկայումս հանրապետության մեքենաշինական հենք ունեցող բազմաթիվ ձեռնարկություններ վաճառվում են, որոնք ունեն մի քանի տասնյակ հեկտար տարածք, 10-30 հազ. քառակուսի մետր արտադրական մակերես, գործիքաշինական, գալվանացման, էներգետիկ, տրանսպորտային, մեխանիկական, այլ բնույթի տնտեսություններ և այլն: Դրանք վաճառվում են իրենց իրական գներից մի քանի անգամ ցածր գներով, սակայն գնորդները շատ քիչ են:
Այսպիսով, չկա պահանջարկ, արտադրական բնույթի ներդրումների իրականացման համար, սակայն պետք է ստեղծել պայմաններ դրա համար:
Օրինակ՝ մենք բավականին ուշացրել ենք սև և գունավոր մետաղաջարդոնի արտահանման պետական տուրքի մակարդակի կտրուկ բարձրացումը և դրա հետևանքով ժամանակավոր մեծ քանակությամբ ռազմավարական մետաղական հումք դուրս հանվեց հանրապետությունից:
Այսօր ժամանակն է, որ տեղում մետաղաջարդոնից ձուլվի սև մետաղ, որի արդյունքում նախադրյալներ կձևավորվեն մի շարք ձեռնարկությունների գործարկման համար:
Երկրորդ կարևոր նախապայմանը կիրառական գիտության բարձր տեմպերով զարգացման ապահովումն է: Չէ՞ որ նախկինում յուրաքանչյուր ենթաճյուղում գործում էր առնվազն մեկ խոշոր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական կառույց: Դրա լավագույն օրինակներից է լեռնամետալուրգիայի ինստիտուտը, որը մասնավորեցվեց հենց ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի կողմից:
Մեզանում, համոզված եմ, շնորհալի և տաղանդաշատ գիտնականների պակաս չկա: Սակայն գիտությունը, և հատկապես` կիրառական գիտությունը, չի կարող զարգանալ առանց մասնավոր և շահագրգիռ հատվածի ակտիվ մասնակցության:
Երրորդ կարևորագույն պատճառը պետություն-մասնավոր հատված համագործակցության որակն է: Այն հեռու է բավարար լինելուց: Որքան ես եմ հասկանում, այդ համագործակցության հիմնական արգասիքն այն է, որ հավաքվում են տվյալ ոլորտի կազմակերպությունների ղեկավարները և կառավարության ներկայացուցիչները և որոշում, թե ինչ չլուծված խնդիր կա: Դրանք արձանագրում են, և հետո պարզվում է, որ դրանց մեծ մասը պահանջում են լրացուցիչ ֆինանսական, վարկային միջոցներ և/կամ հարկային ու մաքսային արտոնություններ: Եվ, չլուծված հարցերը տարիներով մնում են չլուծված:
Չորրորդ կարևոր խոչընդոտը վարվող հարկային և մաքսային քաղաքականությունն է: Այն, ըստ էության, չի նպաստում և չի խթանում ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկատիրությունը:
Հինգերորդ՝ մրցակցային հարաբերությունների որակը նպաստում է ընկերությունների կողմից գերիշխող դիրքի չարաշահմանը և շուկաներում դրանց կենտրոնացման աստիճանի բարձրացմանը: Դա է վկայում նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան հաշվետվության արդյունքները:
Եվ, վերջապես, վեցերորդ, բանկային և այլ բնույթի վարկերի պահանջները անհիմն խիստ են և ունեն այնպիսի բարձր տոկոսադրույքներ (14-22%), որոնք ուղղակի ավելի բարձր են, քան շատ ու շատ ոլորտների ձեռնարկությունների շահութաբերության մակարդակն է: Նույնիսկ այդ պայմաններում վարկերը առավելապես անհասանելի են և դրանց ձեռքբերման ընթացակարգերը լրացուցիչ ջանքեր և չհիմնավորված ծախսեր են պահանջում տնտեսվարողներից:
-Այսպիսով, հաշվի առնելով Ձեր ներկայացրած պատճառները, որո՞նք են իրավիճակից դուրս գալու հիմնական ուղիները և ելքերը:
-Կարծում եմ, որ առաջնայինը համապատասխան քաղաքական որոշման ընդունումն է` հաշվի առնելով բոլոր սահմանափակումները, դժվարությունները, իրողությունները և առկա ավանդույթները, այդ թվում՝ և՛ մենաշնորհային, և՛ օլիգոպոլիական ավանդույթների և շուկաների առկայությունը:
Սակայն այդ քաղաքական որոշումը պետք է լինի մի կողմից պարզ և հասկանալի ժողովրդի համար, որպեսզի նրանք հավատան և համախմբվեն դրա իրականացման շուրջը, մյուս կողմից, դա պետք է լինի խիստ մասնագիտական և ճիշտ հաշվարկված:
Պարզ է, պետք է լինի այն, որ ժողովրդին ներկայացվում է իրատեսական քայլերի իրականացման հաջորդականություն, որից բխում է, որ վեց ամիս հետո կենսամակարդակը կլինի առավել բարելավված, 1.5 տարի հետո աղքատությունը կնվազի այս մակարդակով, իսկ 2.5 տարի հետո աշխատավարձը կհամապատասխանի այսինչ մակարդակին և այլն:
Մասնագիտական քայլերի հաջորդականությունը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը.
1. Հարկային և մաքսային քաղաքականության գծով.
 2014 թվականի հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտներից ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրայից պետք է տեղափոխել դեպի ընթացիկ գործարքների հարթություն` հաշվի առնելով նաև այն, որ դրանով իսկ տնտեսվարողները վարկավորում են պետությանը և դրա դիմաց չեն ստանում տոկոսներ: ԱԱՀ-ն սահմանից տեղափոխելու արդյունքում տնտեսվարող սուբյեկտները ամսական կխնայեն շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք շրջանառու միջոցներ: Սա լուրջ խթան կհանդիսանա ձեռնարկատիրության հետագա զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման համար: Ի դեպ, վերոհիշյալի մասին համապատասխան օրենքի նախագիծը մեր կողմից դրվել է շրջանառաության մեջ: Օրենքի նախագիծը համահունչ է կառավարության ծրագրին և քաղաքականապես` ճիշտ:
 Անհապաղ անհրաժեշտ է ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման շեմը 300 մլն դրամից իջեցնել գոնե այս փուլում` 200 մլն դրամի: ՀՀ-ի նման փոքր տնտեսություն ունեցող երկրներում 200 մլն դրամի ներդրումային ծրագիրը նույնպես ծանրակշիռ կարելի է համարել: Դրա մասին համապատասխան օրենքի նախագիծը նույնպես շրջանառության մեջ է:
 Առևտրական գործունեության ոլորտում 2013 թվականի 1-ից գործող շրջանառության հարկը անհրաժեշտ է 3,5 %-ից իջեցնել 2,5 %-ի` հաշվի առնելով այս ոլորտում շահութաբերության 10-12 % մակարդակը:
 ՀՀ տնտեսության հետճգնաժամային ներկա իրավիճակում առավել նպատակահարմար ենք համարում 58,35 մլն դրամի տարեկան շրջանառության ԱԱՀ-ի հարկային արտոնության շեմի իջեցում 40 մլն դրամի շրջանառության մակարդակի` պայմանով, որ մինչև 40 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ունենան հարկային արտոնություններ բոլոր հարկատեսակների գծով` բացառությամբ եկամտային հարկի:
 Մաքսային օրենսդրությունը և հատկապես վարչարարությունը պետք է խթանեն տնտեսվարողների գործունեությունը: Այս փուլում անհրաժեշտ է վերացնել այպես կոչված «հսկիչ» գների (ներկրման դեպքում) ինստիտուտը ներկրողների համար և մշակել ու կիրառել ներկրողների կողմից ապրանքների գների իրական հայտարարագրման գործուն համակարգ:
2. Մրցակցային հարաբերությունների բարելավում.
ՀՀ ապրանքային շուկաների օլիգոպոլիական բնույթը և այդ շուկաներում տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման հնարավորությունների առկայությունը, նաև շուկաներում կենտրոնացման աստիճանի խորացումը անհրաժեշտ է կանխարգելել և ազատ ու արդար մրցակցային դաշտ ապահովել մրցակցության պաշտպանության նոր ինստիտուտների և գործիքների կիրառմամբ: Մասնավորապես, գերիշխող դիրքի չարաշահման համար օրենքով կիրառվող 5-200 մլն դրամի տուգանքները, ըստ էության, արդյունավետ չէ և չի պատասխանում այն հարցին, թե որ դեպքում պետք է կիրառել 5մլն դրամ և որ դեպքում 199 մլն դրամի տուգանք: Կամ շուկայի կենտրոնացման մասին չհայտարարելու դեպքում, նախորդ տարվա շրջանառության 4 %-ի չափով տուգանքը նույնպես մեթոդաբանորեն հիմնավորված չէ: ՏՄՊՊՀ-ի կողմից ապրանքային շուկաների մշտադիտարկումները պետք է պատասխանեն այն հարցին, թե որ տնտեսվարողները շուկաներում ինչպիսի ներդրումային և գնային վարքագիծ են ցուցաբերում և ինչպես են ձևավորվել այդպիսի ոչ պատեհ պայմաններ` հակամրցակցային վարքագիծ դրսևորելու համար:
Անհրաժեշտ է արմատապես բարելավել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը և մշակել հակամենաշնորհային օրենսդրություն:

3. Ձեռնարկության վարկային հարաբերությունների կազմակերպում.
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վարկ ստանալը լուրջ քաշքշուքների առարկա է, և նույնիսկ լուրջ և բարի համբավ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին հաճախ չի հաջողվում ժամանակին և անհրաժեշտ ծավալի վարկային միջոցներ ձեռք բերել:
Ավելին` ունենալով տարածաշրջանում ամենաբարձր վարկերի տոկոսադրույքները (14-22 %), մեր բանկային հաստատությունների կողմից չի հաջողվում մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ: Ո՞րն է պատճառը: Բանկերի մեծ մասը տնտեսվարողների առջև դնում են այնպիսի կոշտ և հաճախ դժվար լուծելի պահանջներ (գրավի դիմաց ավելի քիչ վարկային միջոցներ, բարձրորակ բիզնես-ծրագիր և այլն), որի հետևանքով ուղղակի ուշանում է վարկի ձեռքբերումը և տապալվում գործարքների բնականոն ընթացքը:
Բարձր տոկոսադրույքների արդյունքում բանկերի իրական շահութաբերությունը բավականին բարձր է: ՀՀ կենտրոնական բանկը պետք է իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 %-ից առնվազն 6 %-ի, որի հետևանքով կձևավորվեն զսպողականից անցում չափավոր ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու հիմքեր: Ավելին` օրեր առաջ անհասկանալի պատճառներով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բաձրացավ մինչև 8.5%` իբր զսպելու գնաճային ճնշումները:
Անհրաժեշտ է, որպեսզի բանկերի կողմից իրականցվող վարկային քաղաքականությունը միտված լինի դեպի արտահանող ընկերությունների` ինչպես զուտ արդյունաբերական, այնպես էլ արդյունաբերական գյուղատնտեսական, ենթակառուցվածքային ոլորտների ֆինանսավորմանը:
4. Արտադրական և սոցիալան ենթակառուցվածքների բարելավում.
Խոսքն առավելապես գնում է ավիացիայի, երկաթուղու, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների մասին: Այս ոլորտների արդյունավետ ազատականացումը էական ազդեցություն կունենա երկրի ներդրումային գրավչության բարելավման վրա: Այս փուլում, հատկապես, խոսքը գնում է ավիացիոն ոլորտի մասին: Անհրաժեշտ է լուծումներ գտնել, որպեսզի մի կողմից օդանավակայանի ծառայությունների և ավիավառելիքի գների հարաբերականորեն բարձր լինելու պայմաններում ավիափոխադրող ընկերությունները մատուցեն մատչելի և որակյալ ծառայություններ: Դա հնարավոր է միմիայն այդ ոլորտում իրական մրցակցային հարաբերությունների պայմաններում:
5. Թերևս ամենակարևորը պետական կառույցների ազատական և գործընկերային վերաբերմունքն է տնտեսվարողների նկատմամբ: Ներկայումս ՀՀ-ում 477 խոշոր ձեռնարկությունների կողմից վճարվում է հարկային մուտքերի մոտ 60 %-ը: Այսպիսով, խորանում է շուկաների համակենտրոնացման գործընթացը, մյուս կողմից, քանի որ մենք ներկրող երկիր ենք, ապա տարեցտարի արձանագրվում է փողի պակասորդ, որը պայմանավորված է ներկրման ծավալների շուրջ երեք անգամյա գերազանցմամբ ներկրման ծավալները: Այսպես, 2012 թվականի ՀՀ ներկրման ծավալը կազմել է 4,25 մլրդ դոլար, արտահանմանը` 1,4 մլրդ, տրանսֆերտները` շուրջ 1,5 մլրդ, այլ մասնավոր ներդրումները` շուրջ 0,5 մլրդ: Այսպիսով, արդյունքում ձևավորվում է շուրջ 850 մլն ԱՄՆ դոլարի պակասուրդ, որն էլ հանգեցնում է ֆինանսական ռեսուրսների պակասուրդի: Ուստի այս խնդրի լուծումը կարող է լինել մի կողմից բարձր արտադրողական և արտահանմանը միտված արտադրությունների ընդլայնումը, մյուս կողմից` ներքին սպառողական պահանջարկի աճը:
6. Եվ, վերջապես, ժամանակն է անցում կատարել բնակչության վճարունակ պահանջարկի խթանման քաղաքականության իրականացմանը, այն է` կտրուկ բարձրացնել նվազագույն աշխատավարձի մակարդակը ՀՀ-ում: Համապատասխան օրենքի նախագիծը շրջանառության մեջ է:
Դրա համար անհրաժեշտ է ոչ թե փոքր քայլերի քաղաքականության, այլ փաթեթային և մեծ քայլերի քաղաքականության իրականացում:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը