Մեկնաբանություն

25.08.2013 21:15


Ճակատագրի հեգնանք կամ պաշտոնդ անուշ

Ճակատագրի հեգնանք կամ պաշտոնդ անուշ

Անքննելի են մեր քաղաքական դաշտի հնաբնակների ճանապարհները։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին ՀՀ դեսպան նշանակեց Ղազախստանում։ Ահա այդպես ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում «թունդ ընդդիմադիր» աշխատող ևս մեկ գործչի կարիերան (հերթի մեջ են Դավիթ Շահնազարյանը, Աղասի Ենոքյաննն ու մյուս «թունդերը»)։

Նկատենք, որ Արա Սահակյանի՝ սերժական թիմի անդամ դառնալու փաստի հրապարակայնացումը շատ խորհրդանշական ստացվեց։ Խորհրդանշական Սերժ Սարգսյանի համար, քանզի նրան այդպիսով հաջողվեց մի տանիքի տակ հավաքել երբեմնի կատաղի թշնամիներին։

Եթե հիշում եք, 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ զանգվածները ներխուժեցին խորհրդարանի շենք ու ծեծի ենթարկեցին Արա Սահակյանին (ԱԺ շենքի պաշտպանությունն այդ ժամանակ իրականացնում էին ԱԱԾ–ի ստորաբաժանումները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ)։

Ճղճղան ձայնով ԱԺՄ–ական Արշակ Սադոյանը, ներխուժելով ԱԺ ղեկավարության նստավայր և տեսնելով Արա Սահակյանին, հայտարարել էր, թե ահա՛ նրանք, արեք ինչ ուզում եք։

Սադոյանի կոչից հետո ցուցարարները ջարդել էին Արայի գլուխն ու ստիպել նրան գոռալ «Վազ–գե՛ն, նախագա՛հ»։ Նախկին փոխխոսնակն առանձնապես չէր դիմադրել և ըստ ականատեսների՝ սկսել էր ասել այն, ինչ պահանջել էին, բայց դա նրան չէր փրկել «սամասուդից»։

Ծեծի հաջորդ օրը ԱԺ նիստ գումարվեց, որի ժամանակ իշխող ուժը քննադատության ենթարկեց այն ժամանակվա նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին ու նրա թիմին, իսկ ԱԺՄ–ական Շավարշ Քոչարյանին ԱԺ ամբիոնից ծեծելով իջեցրին դահլիճ։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. 1996–ի դեպքերից 17 տարի անց մենք ականատեսն ենք այն բանի, որ Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը և Արա Սահակյանը թիմակիցներ են։ Նրանցից առաջինը նախագահ է դարձել (հանրային խորհրդի), երկրորդը փոխարտգործնախարար է (փաստորեն՝ Արա Սահակյանի հետ ուս–ուսի տված աշխատելու է արտաքին քաղաքական «ֆռոնտում»), երրորդը՝ շարունակում է անբաժան մնալ «չորրորդ խոսափողից», բայց արդեն Սերժ Սարգսյանի համար «դհոլություն» անելու տարբերակով, դե իսկ վերջինս էլ դիվանագիտական ստատուս է ստացել։

Ոչ մի բան չենք ակնարկում։ Պարզապես արձանագրում ենք փաստերը։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։

Ախր շատ նախաձեռնողական, բարի ու միավորիչ է Սերժ Սարգսյանը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը