Կարծիք

23.08.2013 10:10


Ոճիր և պատիժ. հայկական տարբերակ

Ոճիր և պատիժ. հայկական տարբերակ

ԶԼՄ-ներն ամեն օր մեզ տեղեկացնում են բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք կատարում են պետական պաշտոնյանները, սակայն որևէ պատիժ այդ բացահայտումներին չի հետևում: Այդ երևույթն արդեն ունի համակարգային բնույթ և շատ կարևոր է հասկանալ դրանց պատճառները:

Վերջին ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական պատմությունը լի է ոճիրներով, այսինքն ծանր հանցագործություններով, սակայն պատժի` կատարածի համար պատասխանատվություն կրելու մասին որևէ նշանակալի դեպք դժվար է մտաբերել: Ո՞րն է պատճառը: Բոլորս գիտենք, որ դատական համակարգն անկախ չի և ենթարկվում է գործադիր իշխանությանը: Կարելի է ասել, որ ի տարբերություն իշխող Հանրապետական կուսակցության, որին ըստ էության ենթարկվում են պետական կառույները և որը, եթե հետևեք հայկական մամուլին, իրականում ապաքաղաքական կառույցի է վերածվել, դատական համակարգն ամենաքաղաքականացված կառույցն է և այդ “քաղաքականացվածությունը” արտահայտվում է վճիռներում: Հանրապետականի ապաքաղաքական լինելու և դատական համակարգի “քաղաքական” լինելու պատճառը մեկն է: Դա երկրի կառավարման հակասահմանադրական բնույթն է, այսինքն սահմանադրական մարմինները չպետք է կատարեն իրենց պարտականությունները և հակառակը` կատարեն այն, ինչն իրենցից ակնկալում է հակասահմանադրական կառավարման երաշխավորը:

Հայաստանի բնակչությանը կարելի է բաժանել երկու կատեգորիայի, որոնց նկատմամբ կիրառվում է տարբեր “օրենսդրություն”: Երկրորդ կետեգորիան հասարակությունն է, որի նկատմամբ գործող օրենսդրությունն կիրառվում է ողջ խստությամբ և ծանրությամբ, որը նաև առաջին հատվածի համար հանդիսանում է հարստահարման օբյեկտ: Այստեղ ամեն ինչ պարզ է և ավելացնելու ոչինչ չկա: Սակայն բնակչության առաջին կատեգորիան բավականին բարդ կառուցվածք ունի, առավել բարդ է հասկանալ այն “օրենքներն”, որոնցով այդ խումբը կառավարվում է: Բնական է, որ այդ խումբն, որի մեջ մտնում է պետական նոմենկլատուրան, ուժային կառույցների ֆունկցիոներները, խոշոր բիզնեսը և քրեական աշխարհի էլիտան, չեն կարող կառավարվել նույն ստանդարտներով, որոնցով սանձահարվում է բնակչության հիմնական զանգվածը: ՀՀԿ համագումարի վերջում, երբ մասնակիցները երկար հերթ էին կանգնել առաջնորդին հրաժեշտ տալու համար, կենդանի կատարմամբ հնչում էր ոչ թե երկրի հիմնը, այլ “Դավաճանությունն շանտղություն է” երգը: Երգի տակ հրաժեշտի համար մոտեցող զանգվածն ի ցույց էր դնում իր հավատարմությունն անձամբ առաջնորդին, ինչպես նաև ընդունում իրենց վրա իշխանություն իրականացնելու “ներքին կանոնները”: Հասկանալի է, որ “դավաճանության” համար պետք է խիստ պատիժներ սահմանվեն: Պարզ է նաև, որ քրեական հիմք ունեցող խմբավորումը չի կարող կառավարվել հասարակ մահկանացուների համար նախատեսված օրենքներով: 2008-ի դեպքերի ժամանակ, ի տարբերություն ձերբակալված քաղբանտարկյալների, խոշոր գործարար Խաչատուր |Սուքիասյանը հայտարարվեց “դավաճան” և պատժվեց յուրահատուկ եղանակով: Այսպիսով “դավաճաններն”, այսինքն նրանք, ովքեր եղել են խմբավորման անդամ և օգտվել են համապատասխան բարիքներից և հնարավորություններից, կամ ավելի ճիշտ մասնակցել են անօրինական գործընթացներին, պետք է պատժվեն այլ եղանակներով. հեռացում խմբավորումից` համապատասխան նվաստացումների միջոցով, կամ զրկվեն ունեցվածքից, կամ ավելի “ծանր հանցագործության դեպքում”, կրեն առավելագույն պատիժ, որի օրինակները բազմաթիվ են:
Սա է Հայաստանի կառավարման համակարգի կարևորագույն մեթոդոլոգիան, որի իմացության դեպքում կկարողանաք հասկանալ ներքաղաքագիտական հոդվածների իմաստն ու բովանդակությունը, ինչպես նաև «ռեֆորմների» բնույթը:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը