Մեկնաբանություն

22.08.2013 15:50


Ինչպե՞ս կարող է «արեւմտամետ» գործիչը լինել ամենավատը

Ինչպե՞ս կարող է «արեւմտամետ» գործիչը լինել ամենավատը

«Yourruler.com» կայքը փորձել է պարզել, թե աշխարհի երկրների ղեկավարներից ովքեր են ամենավատ կառավարիչները:

Եվ պարզվել է, որ աշխարհի 195 երկրների ղեկավարների շարքում ամենավատ ղեկավարներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է:

Իրոք, զարմանալի է. ախր, շախմատ խաղալ գիտի, թենիս խաղալն էլ ոնց որ մոտը ստացվում է, ասում են՝ շաշկի էլ է խաղում, համ էլ կարողանում է նամակ գրել՝ անգամ Սերժ Թանգյանին, հետո՝ բոլոր քարոզարշավները կարողանում է մեն-մենակ անցկացնել: Ավելին՝ հնթացս պայթում են փուչիկները՝ այրելով մարդկանց, բայց նա չի ընդհատում քարոզարշավային ելույթը:

Էլ ի՞նչ է կարողանում անել: Հա՝ հարսանիքների ամենաակտիվ մասնակից է, նաեւ՝ գիտի, թե խիյարն ինչպես է «բուսնում»:

Նրանից լավ ոչ ոք չի կարող հրճվագին ծիծաղել եւ ուրախանալ, երբ Թուրքիայի հավաքականը գոլ է խփում մեր դարպասին:

Քանզի՝ նրանից լավ ոչ ոք չի կարող ընտրություններում տոկոսներ «խփել» եւ մնալ Բաղրամյան 26-ում:

Բացի այդ՝ ո՞վ կարող է բոլոր գերտերություններին ասել «այո», իսկ հետո փորձել այդ ամենի տակից դուրս գալ «և, և» մարտավարության միջոցով:

Աշխարհի երկրների ղեկավարներից այդ ո՞ր մեկը կարող է պարտակել իր վարչապետի օֆշորային սկանդալը եւ նաեւ՝ մատ թափ տալ Վերահսկիչ պալատի վրա, որն հանդգնել է բացահայտել պետբյուջեից 700 միլիարդի կողոպուտը:

Սերժ Սարգսյանից բացի ոչ ոք չի կարող դա անել:

Վերջինիս հաջողվում է նաեւ տարեսկզբի 9 տոկոսանոց տնտեսական աճը յոթ ամիս անց «հասցնել» 4 տոկոսի (ըստ ԱՎԾ-ի): Նրան հաջողվում է նաեւ երկու ամսում երկիրը թափով դատարկել՝ ընդհանուր առմամբ արձանագրելով ավելի քան 250 հազար մարդու արտագաղթ վերջին հինգ տարում:

Աշխարհի պետությունների եւ ոչ մի ղեկավար չի կարող այնքան խորը թաքնվել արձակուրդների ժամանակ, ինչպես դա հաջողվում է Սերժ Սարգսյանին:

Կա՞ արդյոք աշխարհում պետություն, որի ղեկավարը ցուցում տա գլխավոր դատախազին, թե ինչքան չարաշահում պետք է հայտնաբերել պետբյուջեի մասով, իսկ ինչքանի վրա աչք փակել։

Եվ վերջապես՝ այդ ո՞ր մի պետության ղեկավարն է կամենում Ալիեւի վերընտրությունը, որը եւս ամենավատերի շարքում է: Նման վեհանձնություն չի դրսեւորում այլ պետությունների եւ ոչ մի նախագահ:

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է Սերժ Սարգսյանին ընդգրկել ամենավատերի ցանկում:

Չէ, սա հաստա՛տ «մութ ուժերի» ձեռքի գործն է կամ էլ՝ սրանից միջազգային դավադրության հոտ է գալիս:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Միայն թե հանկարծ Թաթան երգի բառերը չփոխի՞ ու այսուհետ սկսի երգել՝ «Ա-մե-նա-վա՜տը դո՛ւ ես»:

Հիշում եք՝ վերջին անգամ Սերժ Սարգսյանի առաջ երգում էր՝ «Ա-մե-նա-լա՜վը դո՛ւ ես»:

Այս խորագրի վերջին նյութերը