Մեկնաբանություն

22.08.2013 15:20


Ղարաբաղցի ռենեգատների «Fait accompli»–ն

Ղարաբաղցի ռենեգատների «Fait accompli»–ն

Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբից, քանզի միջազգային այլ ատյաններում նրանց հնարավորություններն ավելի մեծ են։ Մասնավորապես՝ ՄԱԿ–ում Ադրբեջանին հաջողվել է մի քանի բանաձևեր անցկացնել, որոնք ի վնաս ՀՀ և ԼՂՀ շահերի են։ Մինսկի ձևաչափն, ըստ այդմ, հակասում է Բաքվի շահերին։

Բաքվին ձեռնտու չեն նաև հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակը և մեր անվտանգության ներկա համակարգը։

Ահա այդ երկու ուղղություններով էլ թուրք–ադրբեջանական տանդեմը քաղաքական ու քարոզչական քայլեր է ձեռնարկում։ Քայլեր, որոնք ակտիվացան «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո և հիմա նոր թափ են հավաքում՝ Սերժ Սարգսյանի «արևմտամետ» կուրսի արդյունքում։ Պատահական չէ, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը հաջորդեց Գյուլի հայտարարությունն այն մասին, որ թյուրքալեզու պետությունների հաջորդ կոնֆերանսը պետք է անցկացնել Ղարաբաղում։

Թյուրքալեզու պետությունների կոնֆերանս նախկինում էլ էր տեղի ունեցել, բայց նմանատիպ հայտարարություններ չէին հնչել, այն էլ՝ խաղաղության աղավնի համարվող Գյուլի շուրթեից։ Սակայն Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը բերել է այն բանին, որ մենք ստացել ենք չորս ճակատ՝ վատացնելով մեր հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ և մնալով առանց դաշնակիցների։ Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ շտապեցին օգտվել ստեղծված իրավիճակից։

Նրանք, ովքեր պնդում են, թե իբր Արևմուտքը մեզ կօգնի կամ ՆԱՏՕ–ն թուլ չի տա մեր պարտությունը՝ պարզապես անմեղսունակներ են կամ էլ հայի ազգանունով վարձկաններ։

Ուշագրավն այն է, որ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված մեր հարևան երկու պետություններն ունեն իրենց համախոհները Հայաստանում։ Իշխանությունների «նախաձեռնողականությունը», ինչպես նաև տեղեկատվական դաշտում 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող «Lragir.am»–ի գործունեությունն ամբողջությամբ համահունչ է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։

Եվ թող ղարաբաղցի ռենեգատներ Իգոր Մուրադյանն ու Հայկազն Ղահրիյանը «Lragir.am»–ի էջերից կոկորդիլոսի արցունքներ չթափեն, թե Ադրբեջանն ու Թուրքիան «չար» Ռուսաստանի «դաբրոյով» սպառնում են Հայաստանին, և թող իրենց կեղծ մտահոգությունները չհայտնեն առ այն, որ Ադրբեջանն ուզում է Մինսկի խմբի ձևաչափը վերացնել ու անցնել պատերազմական գործողությունների։

Մինսկի խմբի ձևաչափի դեմ և հայ–ռուսական հարաբերությունները վատացնելու կամ որ նույնն է՝ ռուս–ադրբեջանական հարաբերությունները լավացնելու օգտին տարիներ շարունակ հանդես են գալիս նույն այդ ղարաբաղցի ռենեգատները՝ ձայնակցելով թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենային։ Այնպես որ հիմա փարիսեցիությամբ թող չզբաղվեն՝ ասես պռոշները ճաքում է Ղարաբաղի համար։ Այդ «տրյուկը» չի անցնում։ Վաղուց ամեն ինչ ֆիքսված է։

Եթե մենք նորմալ երկիր ու ադեկվատ իշխանություն ունենայինք, ապա իգորմուրադյանները ու հայկազնղահրիյանները, բնականաբար, լրիվ այլ տեղում կլինեին, բայց քանի դեռ իշխանության ղեկին է «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը, նրանք հանգիստ կարող են շարունակել Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ուղղված տեղեկատվական դիվերսիան։

Սակայն ղարաբաղցի ռենեգատները պետք է լավ իմանան, որ եթե հանկարծ իրենց սիրած «արևմտամետ» կուրսի հետևանքով Ղարաբաղից ու Հայաստանից մեկ քար անգամ անցավ Ադրբեջանին, ապա իրենք ոչ պակաս պատասխանատվություն են կրելու այդ ամենի համար, քան բուն հանձնողները։ Ընդ որում՝ պատասխանատվությունը միայն բարոյական բնույթի չի լինելու։ Անմեղսունակության վարկածը, տվյալ դեպքում, փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանզի «Lragir.am»–ն իր 5–րդ շարասյան դերն այնպիսի հետևողականությամբ է կատարում, որ կասկածի տեղ չի թողնում։

Պետության անվտանգության դեմ ուղղված քայլերը վաղեմության ժամկետ չունեն։ Ոչինչ չի մոռացվելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը