Լրահոս

22.08.2013 10:36


Բաց նամակ վարչապետին. «Դուք երաշխիքներ ունե՞ք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը»

Բաց նամակ վարչապետին. «Դուք երաշխիքներ ունե՞ք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը»

Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգծի փակման կապակցությամբ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Օգոստոսի 21-ի առավոտյան, տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը և փակում է երկաթուղային կայարանը՝ գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտից բորբոքված են և բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ:
Պարո՛ն Սարգսյան, ի գիտություն ընդունեք տարակուսանքս ու մեծ դժգոհությունս այսօրինակ կոնցեսիոն կառավարման դեմ, արդյո՞ք կոնցեսիոն կառավարման իրավունքը թույլ է տալիս ժամանակավոր կառավարչին՝ նվազեցնել Հայաստանի երկաթուղու թողունակությունը, ի՞նչ իրավունքով է այս կառավարիչը այսօրինակ գործողություններ իրականացնում, արդյո՞ք աշխատատեղերի կրճատումը, երկաթուղային կայարանի փակումը և գծի ապամոնտաժումը նախատեսված է կոնցեսիոն կառավարման պայմանագրով, և, վերջապես, արդյո՞ք Դուք երաշխիքներ ունեք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել, թունելները փակել կամ կամուրջները քանդել, ինչի՞ վրա են հենվում Ձեր ունեցած երաշխիքները:

Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից խնդրում եմ միջոցներ ձեռք առնել՝ անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները և այսուհետև բացառել այսօրինակ ինքնագործունեությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը