Մեկնաբանություն

20.08.2013 23:05


Օֆշորային պատմության բացահայտման բանալիները

Օֆշորային պատմության բացահայտման բանալիները

«Հետք» էլեկտրոնային պարբերականը շարունակում է ներկայացնել օֆշորային սկանդալին վերաբերող լրագրողական հետաքննության արդյունքները (տե՛ս http://hetq.am/arm/articles/28783/ofshorayin-patmutyan-bacahaytman-banalinery.html

Ստորև ձեզ ենք ներկայացնում հոդվածն ամբողջությամբ։

...

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն օֆշորի սկանդալային պատմության մեջ առանցքային դերակատարում ունի: Հիշեցնենք, որ հենց այս բանկն է ադամանդագործ Սուքիսայանին տրամադրել 12 մլն դոլար վարկ, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

«Ամերիաբանկը» չի ստուգել Աշոտ Սուքիասյանի ներկայացրած բիզնես ծրագրում առկա փաստաթղթերը: Ըստ գործող կարգի՝ բանկի ներկայացուցիչը պետք է նաեւ տեղում` Սիերա Լիոնեում, ստուգեր այդ փաստաթղթերում առկա տեղեկությունները: Վարկառու Աշոտ Սուքիասյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ բանկի իրավաբանը պետք է մեկներ Սիերա Լիոնե, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի մեկնել: Բայց բանկը շարունակել է պարտաճանաչ փոխանցումներ կատարել Կիպրոս: «Ամերիաբանկը» ընդհանուր առմամբ 10 մլն 700 հազար դոլար է փոխանցել Աշոտ Սուքիասյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Իսկ եթե բանկը ժամանակին հետևեր իր վարկային ծրագրին, վարկառուի պարտավորությունների կատարմանը, ապա կտեսներ, որ Աշոտ Սուքիասյանը վարկային գումարներով ձեռք է բերել մեծ քանակությամբ ոսկի, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, տուն, ներդրում է կատարել սրճարանի շինարարության մեջ, «Մետաքս Գոլդ» ՍՊԸ –ում և այլն:

Աշոտ Սուքիասյանին ներկայացված մեղադրանքներից մեկն էլ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելն է (ՀՀ քր. օր.-ի 190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ): Սա փողերի լվացման հայտնի հոդվածն է: Իսկ Աշոտ Սուքիասյանը փողերը լվացել է «Ամերիաբանկի» միջոցով: Արդեն հարցաքննվել են բանկի մի քանի աշխատակիցներ, բայց առաժմ չի հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա, իհարկե, շատ բացահայտումներ կարող է անել, որոնք կարող են դառնալ օֆշորային պատմության բանալին: Բայց այսօր կարելի է վստահաբար ասել, որ Հանեսյանը չի հարցաքննվի և ոչ մի բացահայտում էլ չի լինի:

Ընդհանրապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է պարզաբանի, թե ինչու է այս գործն ուղարկել ոստիկանություն` ոստիկանության քրեական գլխավոր վարչություն: Այս գործով անցնում են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օֆշորային սկանդալի բացահայտման բանալին գուցե հենց նրա՝ ոստիկանապետի ձեռքում է, եթե ասի, թե ում զանգով է Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել Հայաստանի տարածքը: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, եւ նույն օրը Աշոտ Սուքիասյանը ցանկացել է լքել Հայաստանի տարածքը, սակայն նա արդեն «սեւ ցուցակում» էր, եւ նրան սահմանից բերման են ենթարկել ոստիկանություն: Նա հարցաքննվել է, ապա ազատ արձակվել: Ինչ-որ մեկի զանգով նրա անունը հանվել է «սեւ ցուցակից», ու նա կարողացել է հեռանալ Հայաստանից: Դրանից հետո Ա. Սուքիասյանն այլևս Հայաստան չի վերադարձել:

Առայսօր չի հարցաքննվել նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Նա երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում: Քննիչի «մտքով չի անցնում», որ նա օֆշորային պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցողներից մեկն է:

«Ամերիաբանկի» ղեկավարությունը «հանգիստ» է իրեն զգում: Նրանք համոզված են, որ Հայաստանում որևէ դատարան իրենց բանկի դեմ վճիռ չի կայացնի: Բայց Փայլակ Հայրապետյանը այս դատական գործընթացները, ինչպես արդեն հայտարարել է, տեղափոխելու է Եվրադատարան: Իսկ դա նշանակվում է, որ փողերի լվացման գործը, որում ներքաշված է «Ամերիաբանկը», հայտնվելու է միջազգային դատարանում: Այսինքն` հնարավոր է՝ բանկը հայտնվի փողերի լվացման մեջ ներքաշված բանկերի հայտնի ցուցակում: Չենք կարծում, որ այս փաստը չի անհանգստացնի բանկի սեփականատերերին:

Իսկ ովքե՞ր են բանկի սեփականատերերը: Նախ ասենք, որ «Ամերիաբանկն» էլ է գրանցված օֆշորում` Կիպրոսում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

«Ամերիաբանկի» մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բանկի կայքէջից: Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, 2007թ. օգոստոսին ձեռք է բերել ռուսաստանյան «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը»: Վերջինս խոշոր ներդրումային ընկերություն է: «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը» 2011թ. նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2011թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացրել է մինչև 99.9988997%:

Հիմա ներկայացնենք այն տեղեկությունները, որոնք բանկի կայքէջում չկան: Այսպիսով, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ»-ն է (AMERIA GROUP (CY) LIMITED): AMERIA GROUP ( CY ) LIMITED-ը գրանցված է օֆշորում` Կիպրոսում: Ընկերությունը գրանցվել է 2007թ. հուլիսի 23-ին: Հիմնադրման օրվանից մինչեւ 15/06/2012-ը ընկերության տնօրենը եղել է Դավիթ Սարգսյանը: Դավիթ Սարգսյանը «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական ծառայությունների գծով տնօրենն է:

15/06/2012-ից առ այսօր AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրենն է Անդրեյ Մկրտչյանը: Նա նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ է : Իսկ ովքեր են AMERIA GROUP ( CY ) LIMITED-ի բաժնետերերը: Այն ունի մեկ բաժնետեր` Կիպրոսում գրանցված մեկ այլ օֆշորային ընկերություն` MONTRAGO NOMINEES LIMITED: Այդ ընկերության բաժնետերերը չեն երեւում, կա մեկ լիազորված անձ` Կիպրոսի բնակիչ Անդրոյլա Պապադոպուլուն (ΑΝΔΡΟΥΛΛΑ ΠΑΠΑΔΟΠΟΥΛΟΥ) :

Չնայած փաստաթղթերում նշված չէ, թե ովքեր են իրականում բանկի բաժնետերերը, սակայն հայտնի են գոնե նրանցից երկուսի անունները` գործարար, բարերար, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը եւ բանկի խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը :

Աշոտ Սուքիասյանը 4,5 մլն դոլար վարկ է վերցրել նաեւ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից: Եթե քննիչը հարցաքննի «Պրոմեթեյ բանկ»-ի վաչության նախագահին, գուցե վերջինս համարձակություն ունենա ասելու, թե ով է այդ վարկի համար զանգել իրեն, եւ ինչպես է Սամվել (Նավասարդ) Կճոյանը այդ վարկի համար 4 անգամ այցելել իրեն: Այնպես որ, օֆշորային գործի կծիկը բացելու բազմաթիվ «բանալիներ» կան: Այդ թվում՝ Աշոտ Սուքիասյանի ծախսերի մասին գրառումները: Ասենք, օրինակ, դրանցից մեկում նշված է` հինգ տոմս Դուբայի համար, Դուբայում հյուրանոցի ծախսեր: Եթե քննիչը պարզի, թե ով է եղել այդ հինգ հոգուց գոնե մեկը, դա էլ կարող է բանալի լինել:

Բայց բոլորս էլ գիտենք, թե նման գործերն ինչու չեն բացահայտվում Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարելը դժվար գործ է, իսկ Հայաստանում՝ գրեթե անհնար, քանի որ բոլորն էլ նույն գործող անձինք են:

Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը