Քաղաքական

20.08.2013 13:15


Ստեփանակերտում հակադարձո՞ւմ են Սերժ Սարգսյանին

Ստեփանակերտում հակադարձո՞ւմ են Սերժ Սարգսյանին

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը անուղղակի կերպով հակադարձել է օրերս Սերժ Սարգսյանի արած հայտարարությանն այն մասին, թե իր համար «Իլհամ Ալիեւն Ադրբեջանի նախագահի ավելի նախընտրելի թեկնածու է»:

«Լեռնային Ղարաբաղը նախընտրում է ժողովրդավար հարեւան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Բաբայանը: Որպես պարզաբանում, նա հավելել է, որ Ադրբեջանում նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունը ազգայնամոլությունն է, իսկ դրա հեղինակը տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդի մեջ հայատյացություն սերմանող Իլհամ Ալիևն է:

«Սա դարձել է ժողովրդի ուշադրությունը շեղելու տարբերակ՝ հայերը մեղավոր են, մեր տարածքներն օկուպացված են․․․ Այսպիսի կլիշեներով առաջնորդվելը և բնակչության այդ հայատյացության քաղաքականությունը սրսկելը դարձել է շատ արդյունավետ տարբերակ իշխանությունը պահելու համար», - ասել է Բաբայանը:
Նա, ի հակադրություն Ալիեւի, խոսել է ընդդիմադիր թեկնածու, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի մասին, որն ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի, առաջինն է, որ պայքարելով երկրի նախագահի պաշտոնի համար՝ հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է հրաժարվեն նացիստական գաղափարախոսությունից եւ հայատյացությունից:
Իր հերթին, ստեփանակերտցի քաղաքական մեկնաբան Մասիս Մայիլյանը նշել է, որ թեեւ Ալիևն ավելի կանխատեսելի է, քան մյուս թեկնածուները, սակայն ընդհանրապես անկանխատեսելի են Ադրբեջանի նախագահի հետագա քայլերը՝ հաշվի առնելով այն ռազմական ներուժը, որի համար Ադրբեջանն այդքան մեծ գումարներ է ծախսել:
«Բայց մենք՝ որպես հայ ժողովուրդ, որպես երկու հայկական պետությունները, չպետք է մեր բախտը կապենք Ադրբեջանի իշխանությունների անելիքների կամ չանելիքների հետ: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն մի սցենարի», - «Ազատության» հետ զրույցում ասել է Մայիլյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր համար Ադրբեջանի նախագահի «ամենաձեռնտու թեկնածուն» գործող նախագահ Իլհամ Ալիեւն է:

«Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է», - ասել էր նա:

Այս խորագրի վերջին նյութերը