Քաղաքական

18.08.2013 00:19


Սերժ Սարգսյան. «Մեզ համար ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթեր»

Սերժ Սարգսյան. «Մեզ համար  ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթեր»

Սերժ Սարգսյանը նախօրեին Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հանրապետության Նախագահին ներկայացվել են «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումները:

Նախագահը ներկա է գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք միջոցառումների եզրափակիչ փուլերին, զրուցել հավաքի մասնակիցների հետ, հետաքրքրվել այս օրերի ընթացքում նրանց ստացած տպավորություններով, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաև նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու և քննարկելու համար: Երիտասարդները Սերժ Սարգսյանին պատմել են նաև այս օրերի ընթացքում պետական, քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին, նշել, որ փորձել են «Բազե-2013»-ի շրջանակներում կազմակերպված բոլոր մրցաձևերում առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու կարողությունները:

ՀՀ Նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին հայտարարություններին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:

Այս խորագրի վերջին նյութերը