Մեկնաբանություն

16.08.2013 00:11


Սերժ Սարգսյանի բացակա ներկայությունը

Սերժ Սարգսյանի բացակա ներկայությունը

Բաքվում տեղի ունեցած Պուտին–Ալիև հանդիպմանը բացակայում էր երրորդ մարդը՝ Սերժ Սարգսյանը։ Խոսքս ֆիզիկական բացակայության մասին է։

Սարգսյանը չէր գտնվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կողքին, բայց նրա շունչը զգացվում էր։

Չլիներ Սարգսյանի «նախաձեռնողականությունը», Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ ռուս–ադրբեջանական կիսալարված հարաբերությունները ջերմացման նշաններ չէին ցույց տա, Պուտինն իր ոտքով Ալիևի ապարանքները չէր մտնի և ռուս–ադրբեջանական տնտեսական ու ռազմատեխնիակական կապերը չէին խորանա։ Դե իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովի անվան փոխարեն էլ «սիկտիրը» չէր հնչեցվի։ Այնպես որ Սարգսյանը արձակուրդի մեջ չէր, այլ Բաքվում իր «հոգևոր» ներկայություն էր ապահովում արհեստական ժեստերի, պրոտոկոլային ձեռքսեղմումների ու լարված ժպիտների հանդիպման վերածված միջոցառմանը։

Հարկ է արձանագրել, որ Սարգսյանին վերջին հինգ տարվա ընթացքում հաջողվեց անել այն, ինչը չէր ստացվում Թուրքիայի ու Ադրբեջանի մոտ՝ փչացնել հայ–ռուսական հարաբերությունները և վնասել ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը, ինչպես նաև Արևմուտքում ընկալվել որպես անհուսալի գործընկեր։

Ախր շա՜տ մասշտաբային ու նախաձեռնող է Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող մարդը։ Այնքան մասշտաբային, որ նրա նախաձեռնություններից օգտվում են բացառապես թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ հայերն այդ ընթացքում համալրում են Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը»։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունն, օրինակ, փակեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման։ Բացի այդ՝ Թուրքիան, օգտվելով Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից, Ղարաբաղի հարցում ակտիվացրեց իր դերակատարումը, ընդ որում՝ լեգիտիմ մակարդակով, քանզի ՀՀԿ ղեկավարն անհեռատեսություն էր ունեցել հայտարարելու, թե ինքը դեմ չէ, որպեսզի Թուրքիան օժանդակի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Թուրքերն էլ օժանդակեցին ինչպես կարողացան ու ինչպես ցանկացան։ Բնականաբար՝ հօգուտ Ադրբեջանի։

Ինչ մնում է բաց սահմաններ ունենալուն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ապա «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում այդ թեմայով Սարգսյանը շատ հստակ էր արտահայտվել՝ համոզմունք հայտնելով, որ ինքը կմեկնի հարևան երկիր ֆուտբոլ նայելու, եթե հայ–թուրքական սահմանը լինի բաց կամ էլ մենք լինենք բացման նաշախեմին։ Թե ինչ եղավ իրականում, բոլորս ենք հիշում։ Սարգսյանի Թուրքիա կատարած այցից մնացին միայն Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբների մասին հիշողություններն ու դեպի Գյուլ կատարած Սարգսյանի անհաջող «թռիչքը» մերոնց «կերած» գոլից հետո։ Ինչևէ։

Սարգսյանը, սակայն, դասեր չի քաղել իր իսկ գործած սխալներից։ Հիմա նա «ֆուտբոլային դիվանագիտություն-2» է խաղում։ Արդյունքում՝ Հայաստանը հայտնվել է ոչ թե Թուրքիայի հետ սահմանը բացելու կամ ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու, այլ Ղարաբաղյան նոր պատերազմի նախաշեմին՝ չունենալով ոչ մի դաշնակից։

Այս ամենը հաշվի առնելով՝ Սերժն, իրոք, պետք է ֆիզիկապես գտնվեր Բաքվում, այն էլ՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված օթյակում։ Չէ՞ որ ինքն է, կամա թե ակամա, դարձել ռուս–ադրբեջանական քիրվայության քավորը։ Էլ ի՞նչ «հարսանիք» առանց քավոր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հայ–թուրքական «մեղրամսի» բուռն շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։ Դատելով ամենից՝ նա իր խոսքի տերն է և վճարում է «պո պոլնոյ պռագռամմե», ավելի ճիշտ հայ ժողովուրդն է վճարում ու վճարելու այդ ամենի դիմաց, իսկ Սարգսյանին բաժին է հասնելու ԵՄ–ի խոստացած 3 միլիարդ դոլարը, եթե իհարկե տան։ «Նախաձեռնող» Միխայիլ Գորբաչովին էլ Արևմուտքը փողեր խոստացավ, բայց չտվեց, մինչդեռ ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահը վճարել էր Արևմուտքի սիրելին դառնալու գինը ու դեռ մի բան էլ ավելին։

Արևմուտքն, ի դեպ, միշտ էլ այդպես է վարվում ավտորիտար իշխանիկների հետ՝ օգտագործում ու «քցում» է։ Հրեն Քադաֆիին ինչ օրը գցեցին։ Իսկ դրանից առաջ հիշու՞մ եք, թե ինչպիսի՜ «պաչ–պռոշտի» հարաբերություններ էին տիրում արևմտյան երկրների լիդերների ու «արևմտամետ» Քադաֆիի միջև։ Ինչպես ֆրանսիացիներն են սիրում ասել նման դեպքերում՝ «C’est la vie»:

Այս խորագրի վերջին նյութերը