Մեկնաբանություն

15.08.2013 01:45


Օֆշորային «ժառանգորդը»

Օֆշորային «ժառանգորդը»

Տիգրան Սարգսյանը գնաց արձակուրդ եւ շատերն անմիջապես կատակեցին՝ «Լավ է, ՀՀ տնտեսությունը մի 10 օր կհանգստանա»:

Սրան հաջորդեց թերթերից մեկի տարածած տեղեկությունը, որը կարելի է չափազանց անհաջող կատակ համարել: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի վրա Տիգրան Սարգսյանի ազդեցությունը շատ մեծ է եւ արդեն վարչապետի շրջապատում խոսվում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց Տիգրան Սարգսյանն է լինելու:

Լուրն առնելուն պես տարբեր կողմերից սկսեցին վարկածներ առաջ քաշել, թե ինչպես է Տիգրան Սարգսյանը հայտնվելու գահին:

Ասենք, մի երեկու տարի հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, համաձայն որի երկրում փոխվում է կառավարման համակարգը՝ դառնալով խորհրդարանական: Ինքը՝ Սերժ Սարգսյանը խոհրդարանական ընտրությունների միջոցով դառնում է վարչապետ՝ իր ձեռքը վերցնելով իրական իշխանությունը, իսկ Տիգրան Սարգսյանին դարձնում է ՀՀ նախագահ՝ «Անգլիայի թագուհու» կարգավիճակով:

Ծանոթանում ես առանձին անձանց կողմից տարածված այդ երեւակայական սցենարներին ու զարմանում ես՝ էս ինչ հետաքրքիր է, փաստորեն, էս երկրում ժողովուրդ չկա: Այսպես հեշտ ու հանգիստ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին պետք է հաջողվի «փոխատեղման» միջոցով պահել իշխանությունը:

Ուշագրավն այն է, որ ինչ-ինչ վարկածներ առաջ քաշողների մեջ չես գտնում մեկին, ով նախ կասկածելի կհամարի՝ արդյոք այս իշխանությունը կձգի՞ մինչեւ 2018 թվականը:

Ընդ որում, նկատենք, որ թեման ակտիվորեն քննարկողները այս իշխանության ամենամոլի հակառակորդներն են: Կամ համենայնդեպս այդպիսին են ներկայանում հանրությանը։

Ստացվում է, որ բավական է սրանց մի հատ «կուտ» տաս, ինչը արել է թերթերից մեկը՝ տարածելով գահի հավանական ժառանգորդի մասին տեղեկությունը, եւ նրանք, մոռանալով իրենց հակաիշխանական կեցվածքը, սուզվում են վարկածների ջրափոսը՝ գուշակելու, թե ինչպես է գործող իշխանությանը հաջողվելու 2018-ից հետո էլ երկիրն իրենց ձեռքում պահել:

Երեւի Սերժ Սարգսյանը ոչ միայն տոկոսներ է «խփել» այլեւ «խփել» է նաեւ այս մարդկանց ուղեղներին:

Պակաս ուշագրավ չէ նաեւ այն, որ լուրը տարածվեց Տիգրան Սարգսյանի արձակուրդ մեկնելուց հետո: Հիանալի է, ապագահ «ժառանգորդը» ստիպված չի լինի «թեմայի» վերաբերյալ իրեն ուղղված հարցերին պատասխանել ու մի լավ կհանգստանա: Իսկ այդ ընթացքում սոցցանցերում եւ լրատվամիջոցներում «թեման» մի լավ « կտժժացնեն»՝ փորձելով «մոռացության գետում» խեղդել վարչապետի հետ կապված իրական թեման՝ օֆշորային սկանդալը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը