Կարծիք

14.08.2013 01:20


ԵՎ ԱՅՍՊԵՍ` ՄԻՆՉԵՎ ԵՐԲ...

ԵՎ ԱՅՍՊԵՍ` ՄԻՆՉԵՎ ԵՐԲ...

Սանկտ-Պետերբուրգում Ա.Ի Սոլժինիցինի հետ հանդիպման ժամանակ, ով մեր պատմության հիանալի գիտակներից էր, ինձ հետ զրույցում այսպիսի մի միտք արտահայտեց. ,,Զարմանալի ազգ եք հայերդ` պատմությունը ձեզ համար միշտ հրաշալի հնարավորություններ է ընձեռել դառնալ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը, բայց երբեք դուք չեք կարողացել օգտվել այդ հնարավորություններից: Լինելով փաստացի անկախ եվ ինքնաբավ տերություն, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեծ Հայքը ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը ու միջազգային լուրջ հեղինակություն, ձեր թագավորը /նկատի ուներ Տրդատ Ա-ին, Ռ.Հ/ բազմամարդ շքախմբով մեկնեց Հռոմ` Ներոնի ձեռքից Մեծ Հայքի թագը ստանալու համար: Անհասկանալի է` ինչու ձեր թագավորները չէին թագադրվում հենց իրենց թագավորության սահմաններում` առանց մուրալու այդ ժամանակահատվածում տեւականորեն միմյանց նկատմամբ խորը հակասությունների մեջ գտնվող Հռոմի կամ Պարսկաստանի բարեհաճությունը: Այդ օտարապաշտությունը պատմականորեն միշտ խանգարել է ձեզ` հզոր պետություն դառնալու ճանապարհին,,:

Այդ զրույցը արձանագրեցի իմ դիվանագիտական հանդիպումների նոթատետրում եւ, հատկապես վերջին ժամանակներս, հաճախ եմ վերհիշում այն: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Սոլժինիցինի հետ, բայց անժխտելի փաստ է` երբեմնի հզոր, ավելի քան 300 հազար քառակուսի կիլոմետր ընդարձակ տարածքից այսօր մնացել է մի փոքրիկ, ափաչափ Հայաստան, որն օր-օրի արտագաղթում է:
Մի կողմ թողնենք տրդատների ու արշակների ժամանակաշրջանը, եւ, որպես մասնակիցների ու վկաների, դառնանք մեր ժամանակներին. իսկապես` ինչու մենք` ինքներս, այսքան թշնամաբար ապականեցինք արյաբ ու հազար ու մի զրկանքներով ձեռք բերած մեր Անկախ պետականությունը` արտաքին բազմաշերտ վասալային կախվածությամբ ու պետական մուրացկանությամբ, կոռուպցիայով ու ահռելի չափերի հասնող ստվերային տնտեսությամբ, որն իր ծավալով գրեթե չի զիջում պետական բյուջեին: Ինչու մենք` ինքներս, մեր քաղաքացուն ունեզրկեցինք ու նվաստացրեցինք, որ իր ազգուտակով բռնի փախեփախի ճամփան, եւ, որ թերեւս ամենակործանարարն է` ինչու ապականեցինք բոլոր մակարդակներում ընտրությունները` իշխող ուժի թեկնածուների համար ապահովելով մինչեւ 225 տոկոս քվե, ինչի արդյունքում այդ 225 տոկոսանոց թագավորները այդպես էլ մնացին, ինչպես կասեր Չարենցը, անժողովուրդ ու գահազուրկ:
Եւ այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման նորից մնացել է նույնը` ամերիկաններին, ռուսաստաններին, եվրոպաններին հրավիրենք, որ մեզ կառավարեն, թե թուրքերը գան` բայց, հասկանալի է, արդեն առանց հրավերի... ԵՒ ԱՅՍՊԵՍ` ՄԻՆՉԵՒ ԵՐԲ...

Ռուբեն Հակոբյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ruben.hakobyan.50/posts/189234007915448

Այս խորագրի վերջին նյութերը