Լրահոս

10.08.2013 18:03


«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության  հայտարարությունը

Մեր տրամադրության տակ է “ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ” ընկերության կողմից 17.07.2013 թ-ով թվագրված “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ին հասցեագրված մի գրություն: Սույն գրության առկայությունը փաստում է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում “Ֆորչն Ռիզորսիս” ՍՊԸ-ի կանխամտածված լռությունն ու երբեմն-երբեմն, առանց աղբյուրի նշման, մամուլով տարածած ստահոդ լուրերը, թե “Հրազդանի “չարաբաստիկ” երկաթահանքի շահագործումից հրաժարվում ենք”, սոսկ խորամանկ և խարդախ մարտավարություն էր` միտված հասարակության զգոնության թուլացմանը:

Նամակին կցված հենց առաջին նախադասությունը շեշտում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 (նախկին 14/453) լիցենզիաների փաստը` միտումնավոր մոռանալով նշել դրանց տրման տարեթվերն ու գործունեության ժամկետները:

Ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել նամակը ստորագրած լիազորված անձ պարոն Սիաոխե Լինին, որ, ի հեճուկս իրենց գործադրած խորամանկ ու խարդախ մարտավարության, սույն լիցենզիաների իրավական հիմքերը խախուտ են, ինչի վկայությունն է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների, Ազգային Ժողովի պատգամավորների, Հանրային Խորհրդի ներկայացուցիչների, խնդրին առնչվող պետական գերատեսչությունների անդամների, “Ֆորչն Ռիզորսիս” ՍՊԸ-ի պատասխանատուների` ՀՀ Բնապահպանության նախարարի մոտ 14.12.2011թ-ին կայացրած խորհրդակցությունը, որի ժամանակ բազմաթիվ իրավական ակտերի ու փաստերի համադրմամբ “Ֆորչն Ռիզորսիս” ՍՊԸ-ի տնօրեն պարոն Ջ. Գորմանը ընդունեց սույն լիցենզիաների` “մեռելածին” լինելու փաստը, և ի լուր ամենքի, պարտավորվեց պատվիրել հանքի շահագործման նոր նախագիծ` հավակնելով անցնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր ընթացակարգերը:

Այս ամենից հետևում է, որ իրավական հիմքով մահվան վկայական ստացած սույն լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում: Ի հեճուկս Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի շահագործման նախաձեռնողների խորամանկ ու խարդախ փորձերի, խրոխտ հայտարարում ենք` ազգաբնակչության և, մասնավորապես, “Առողջ Հրազդան” քազաքացիական նախաձեռնության խմբի զգոնությունը մշտարթուն է` օրինականության սահմաններում թույլ չտալու այս աղետաբեր հանքի շահագործումը:

«Առողջ Հրազդան» քաղաքացիականն նախաձեռնության խումբ

Այս խորագրի վերջին նյութերը