Քաղաքական

07.08.2013 15:01


Սեռը ձեռքբերովի վարք համարող եզրույթը փոփոխության կենթարկվի

Սեռը ձեռքբերովի վարք համարող եզրույթը փոփոխության կենթարկվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Սա հանրության շրջանում հայտի «գենդերային հավասարության» մասին օրենքն է, որը փոփոխության կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 20-ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունվել էր Կառավարության և ՕԵԿ–ականներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած այս օրենքը։ Դրանում առկա 3–րդ կետի առաջին դրույթում ասվում է.

«Գենդեր, գենդերային՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»։

Այսպիսով «սեռ»–ը համարվել է ձեռքբերովի վարք, իսկ այդ դրույթի հեղինակը Ջեմմա Հասրաթյանն է՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահը։

Այսօրվա ասուլիսում Ֆ. Բերիկյանը խոստացել է օրենքի ձևակերպումները մեր հասարակության համար ավելի հասկանալի դարձնել։

–Մենք հանձնարարություն ենք ստացել օրենքը հասարակության համար լիովին հասկանալի բառերով կոչել: Եթե այդ տերմինը բանավեճ է առաջացնում, կաշխատենք մեծամասնության համար ընդունելի դարձնել այն: Ձևակերպման երեք-չորս ձև արդեն իսկ կա,–ասել է նա։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շրջանառության մեջ է դրել այդ եզրույթը օրենքից հանելու առաջարկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը