Լրահոս

07.08.2013 09:12


Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը

Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը

Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով:

Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո:

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն պնդում է, որ «հայ զինվորներն» առանց նախազգուշացնելու կրակ են բացել 35-ամյա Մուստաֆա Ուլքերի վրա, երբ վերջինս փորձում էր հետ բերել իր ոչխարները հայկական կողմից: Թուրք նահանգապետը մեղադրել է հայերին «անհամաչափ ուժ» կիրառելու մեջ՝ պնդելով, որ «հովիվն անզեն է եղել»: Մեկ այլ թուրք պաշտոնյա, Օսման Ուղուրլուն, բացահայտել է, որ սահմանախախտը ադրբեջանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է, որը զինված է եղել միայն դանակով և սպանվել է թիկունքից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք պատահականությամբ տեղի ունեցած սահմանային փոքր խախտման համար անմեղ քաղաքացու վրա կրակելը: Պատշաճ բացատրություն գոյություն չունի այս սովորական միջադեպի առնչությամբ հայկական կողմից անհամաչափ ուժ կիրառելու համար»: Մեկ այլ հրապարակային հայտարարության մեջ Անկարան կոչ է արել Հայաստանին «խելամտություն» ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ նախազգուշացնելով Երևանին սխալ քայլերի ծանր հետևանքների մասին, որոնք կարող են վտանգի ենթարկել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Հայաստանը մերժել է իրադարձությունների թուրքական վարկածը՝ պնդելով, որ երկու թուրք երիտասարդներ ոչխար գողանալու նպատակով գիշերը ժամը 3-ին հատել են հայ-թուրքական սահմանը: Երբ Հայաստանի սահմանին կանգնած ռուս սահմանապահները զգուշացրել են, որ սահմանախախտները հետ դառնան, թուրքերը ծաղրել են նրանց և հրաժարվել նահանջելուց: Այնուհետև սահմանապահները երկու անգամ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, և այդ պահին թուրքերից մեկը կրակ է բացել նրանց վրա: Ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչության՝ ռուսական զորքերը պատասխան կրակոցով սպանել են թուրք սահմանախախտներից մեկին:

Թուրքական աղբյուրները բազմիցս ընդգծել են, որ հայերն են սպանել հովիվին, չնայած որ Անկարան շատ լավ իրազեկված է, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուսական զորքերը՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև կնքված 1992 թվականի համաձայնագրի: Թուրքական կառավարությունը ռուսներին մեղադրելու փոխարեն պնդում է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում հովվի սպանության համար՝ այն վերածելով հայ-թուրքական միջադեպի, այլ ոչ թե ռուս-թուրքական հակամարտության:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել զուսպ հայտարարությամբ, որտեղ ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ և հույս հայտնել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Ակնհայտ է, որ Երևանը չի ցանկանում բորբոքել կրքերը և հրահրել ավելի լուրջ միջադեպեր՝ անկանխատեսելի հետևանքներով:

Հասկանալի է, որ թուրք ղեկավարները կցանկանային ուռճացնել սահմանային այս համեմատաբար փոքր միջադեպը, որպեսզի շեղեն ուշադրությունը Թուրքիայի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներից, ինչպիսիք են.

• Շարունակվող զանգվածային ցույցերը Թուրքիայում, որոնք վիճարկում են վարչապետ Էրդողանի բռնապետական իշխանությունը:

• Երեք հազար ցուցարարների ձերբակալությունը, ութ հազար վիրավորվածն ու հինգ հոգու սպանությունը՝ որպես հետևանք թուրքական ոստիկանության կողմից «անհամաչափ ուժի կիրառման»:

• Ամերիկյան, բրիտանական և գերմանական խոշոր թերթերում տեղադրված հայտարարությունները, որոնք դատապարտում են Էրդողանի «նացիստական» գործողությունները: Թուրքիայի վարչապետի սպառնալիքները` դատի տալու բրիտանական հայտնի «Թայմս» թերթին մի ամբողջ էջում վճարովի նամակի հրապարակման համար՝ ստորագրված արևմտյան հայտնի մտավորականների և արվեստագետների կողմից, ավելի լայնորեն կբացահայտի նրա կեղեքիչ գործելակերպը:

• Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 46 անդամների կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հղված նամակը, որում խնդրում են նրան դատապարտել վերջերս թուրք ղեկավարների, այդ թվում՝ Էրդողանի կողմից արված հակասեմական հայտարարությունները, ով սիոնիզմին անդրադարձել էր որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» և Գեզի այգում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել էր հրեա սադրիչներին:

• Ներքին լուրջ թշնամանքը քրդական խմբավորումների, ընդդիմադիր կուսակցությունների և բանտարկված բարձրաստիճան զինվորական ղեկավարների հետ:

• Հաճախակի ռազմական ներխուժումները իրաքյան Քուրդիստան:

• Լարված հարաբերությունները Եգիպտոսի նոր իշխանությունների հետ՝ Էրդողանի իսլամիստ գործընկերոջ նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո:

• Տարաձայնությունները Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Իսրայելի հետ, ինչպես նաև պատերազմական գործողություններ Սիրիայի հետ:

• Անցյալ շաբաթ Թուրքիայի դեսպանատան պայթեցումը Սոմալիում Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող մի խմբի կողմից:

Թուրքիայում և նրա շուրջ գոյություն ունեցող այս բոլոր խնդիրների հորձանուտում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն արդեն վերածվել է «զրո հարևաններ՝ առանց խնդիրների»:

Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է աշխարհով մեկ ոգեկոչման միջոցառումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, Թուրքիայի շահերից չի բխում իր բազմաթիվ խնդիրներին ավելացնել սահմանային ընդհարում Հայաստանի հետ, որը միայն կծառայի Թուրքիայի անցյալի և ներկայի ոճիրների երկար ցուցակի բացահայտմանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը