Կարծիք

16.07.2009 12:36


Անցյալ անկատար (Մաս 6)

Անցյալ անկատար (Մաս 6)

            Սկիզբը տե՛ս...

            Սովետական ռևանշիզմի հաղթանակով սովետը, սակայն, չվերադարձավ: Նկատի ունեմ այն սովետը, որն առավել արտահայտված է կենցաղային կարոտախտային պատկերացումներում' իր արդարությամբ, հավասարությամբ, սոցիալական պաշտպանվածությամբ, որոշակի տարրական կարգուկանոնով և այլն: Այդ ամենը ոչ մեկին պետք չէր' ո՛չ ռևանշիստական մտածողության կրող նախկին կոմերիտականներին ու չեկիստներին, ո՛չ էլ ռեակցոին մտավորականությանը: Դրա փոխարեն ետ եկավ մյուս սովետը: Մի փոքր ձևափոխված ու «լայթս» տարբերակով վերականգնվեցին տնտեսական, քաղաքական, մասամբ' գաղափարական մենաշնորհները: Համապատասխան չափով սահմանափակվեցին տնտեսական, քաղաքական, խոսքի արտահայտամն և այլ ազատությունները: Իհարկե, այս սահմանափակումները համեմատելի չեն բուն սովետականի հետ: Դրա պատճառն այն է, որ բուն սովետական և հետսովետական ռևանշիստական համակարգերը միմյանցից տարբեր նպատակներ էին իրենց առջև դնում: Բուն սովետն իր հիմքում, այնուամենայնիվ, գաղափարախոսական մենաշնորհ էր' իդեոկրատիա, որով պայմանավորվում էր նրա տոտալիտար բնույթը: Նրան հարկավոր էր իշխել մարդու արտաքին և ներքին կյանքի բոլոր կողմերին:

Նոր համակարգին ներքին կյանքը բացարձակապես անհետաքրքրիր է: Այդ պատճառով՝ նա տոտալիտար չէ, այլ ավտորիտար (իհարկե, այս եզրն էլ պայմանական ենք օգտագործում. ավելի գիտական շարադրանքի դեպքում պետք է ընտրած լինեինք ավելի ստույգ և հստակ տերմին): Բոլոր ազատությունների սահամանափակումները, ի տարբերություն բուն սովետական շրջանի, ունեն ոչ թե իդեալիստական, այլ զուտ գործնական նպատակ' ոչինչ չպետք է վտանգի իշխող վերնախավի բռնակալական (հակասահմանադրական) իշխանության մենաշնորհը: Օրինակ, տնտեսական ոլորտում, ի տարբերություն սովետի, կարելի է կառավարությունից համեմատաբար ազատ գործունեություն ծավալել փոքր բիզնեսի ծավալների շրջանակներում: Բայց խոշորն արդեն փակ է, մենաշնորհային և «քաղաքականության» հետ ամբողջովին սերտաճած:  Քաղաքական ոլորտում, նույնպես՝ ի տարբերություն սովետի, կարող ես ուզածդ կուսակցությունը բացել, քննադատել իշխանությանը, նույնիսկ որոշակի տեղեր զբաղեցնել խորհդարանում, բայց՝ մինչև այն պահը, երբ դու կարող ես իրական ազդեցություն ունենալ կառավարման գործընթացի նկատմամբ: Այդ սահմանից անդին սկսվում է մենաշնորհը, որի խախտման փորձերն ուղիղ ճանապարհ են բացում դեպի բանտ, կամ նույնիսկ՝ դեպի գերեզման: Նույնն է վիճակը մտքերի և գաղափարների արտահայտման ոլորտում: Եղի՛ր աթեիստ կամ ջերմեռանդ հավատացյալ, եղի՛ր մորմոն, բապտիստ կամ սատանիստ, նացիստ կամ անարխիստ. ի տարբերություն սովետի՝ դա ոչ մեկին չի հուզում, նույնիսկ այն դեպքերում, երբ արժե, որ հուզեր:

Խոսքի ազատությո՞ւն: Թերթերն ու ինտերնետը լիովին ազատ կարելի է համարել, քանի որ թերթերի տպաքանակը լավագույն դեպքերում չի անցնում 10.000-ի սահմանը, իսկ ինտերնետից մինչ այժմ օգտվում է բնակչության փոքրամասնությունը: Իսկ ահա հեռուստատեսությունը, որը Հայաստանի հիմնական ԶԼՄ-ն է, արդեն ազատ լինել չի կարող, քանի որ դա իրական վտանգ է իշխանական մենաշնորհի համար:

            Սա է ետսովետական ռևանշիզմի «սովետը»: Այն ոչ մի կապ չունի սոցիալիստական գաղափարախոսական ամբողջատիրության հետ: Դրա փոխարեն այն հաջողությամբ հաստատում է օլիգարխիկ կապիտալիստական ավտորիտարիզմ: Օլիգարխիկ, որովհետև տնտեսական խոշոր կարողությունը և քաղաքական իշխանությունը լիովին համընկնում են: Սա պատահական չէ: Այս համակարգը սաղմնավորվեց ու հասունացավ հենց ուշ սովետական համակարգի ընդերքում: Շատ կարևոր է հասկանալ սա: Այսօրվա մեր հետամնացությունը ոչ թե արդյունք է սովետի փլուզման, այլ սովետի էվոլյուցիայի բնական հետևանք է: Սոցիալիստական գաղափարախոսությունն ընդամենը սովետիզմի արտաքին ֆասադն էր արդեն 30-ականների երկրորդ կեսից: Իրական բովանդակությունը ռուսական կայսերապաշտությունն էր և ռեակցիոն պահպանողականությունը: Ավելի ուշ սոցիալիզմը և դրա հետ կապված՝ սոցիալական պաշտպանության և արդարության քաղաքականությունը, որոնք նախաստալինյան' հեղափոխական շրջանի մնացուկ էին, դարձան նաև ծանր ու ավելորդ բեռ սովետական կուսակցական վերնախավի համար: Ռեակցիոն մտավորականությունը նույնպես վաղուց սոցիալիստական գաղափարի անկեղծ կրողը չէր (ի տարբերություն մտավորականների նախորդ սերունդների): Սովետական վերնախավը, ու մանավանդ դրա երիտասարդ' կոմերիտա-չեկիստական մասը, միայն ուրախ էր՝ ազատվելու սոցիալիստական հնամաշ ֆասադից, որպեսզի վերջնականապես կատարվի բաղձալի անցումը պետական սոցիալիզմից պետական կապիտալիզմ, և «դե ֆակտո» սեփականատեր ու շահագործող դասակարգը ձեռք բերի նույն կարգավիճակը նաև «դե յուրե»:

            Այս ամենն ընդհանուր գծերով բնորոշ է բոլոր նախկին սովետական պետություններին, ուր ռևանշիզմը տոնեց իր վերջնական հաղթանակը: Սակայն յուրաքանչյուր երկրին բնորոշ են նաև տեղական յուրահատկություններ: Առավել կատարյալ կերպով ռևանշիզմը մարմնավորվեց Ռուսաստանում, թերևս' նաև Ադրբեջանում: Քոչարյանական Հայաստանը մի քիչ այլ դեպք էր: Դրա առանձնահատկությունների մասին կխոսենք մյուս անգամ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը