Մեկնաբանություն

06.08.2013 09:43


Սերժ Սարգսյան. քաղաքականապես անմեղսունա՞կ, թե՞ Պետրոս Գետադարձի վկա

Սերժ Սարգսյան. քաղաքականապես անմեղսունա՞կ, թե՞ Պետրոս Գետադարձի վկա

Սերժ Սարգսյանը տարբերում է նախագահի ու նախարարի աթոռները, բայց դրանց նշանակությունը և կշիռը չի տարբերում։ Նախարարի աթոռներ էլ, նախագահի աթոռն էլ նա օգտագործել ու օգտագործում է փող աշխատելու և կոմպլեքսներից ձերբազատվելու համար։

Սերժ Սարգսյանը տարբերում է «այո»–ն ու «ոչ»–ը, բայց դրանց ֆունկցիաները չի տարբերում։ «Այո»–ն էլ, «ոչ»–ն էլ նրա համար պայմանական հասկացություններ են։ Սարգսյանը ձգտում է բոլորին (հատկապես դրսին) «այո» ասել, իսկ «ոչ»–ը ստացվում է ինքնաբերաբար, երբ բոլորին բաշխած «այո»–ն վերջում վերածվում է «ոչ»–ի։ Արդյունքում նախագահի աթոռին հայտնված մարդը ձեռք է բերում «քցողի» համբավ հա՛մ դրսում, հա՛մ ներսում։

Սերժ Սարգսյանը տարբերում է բառերն իրարից, բայց դրանց իմաստը չի տարբերում։ Նա խոսքի արժեքը չի գնահատում։ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ, որ երկրի անվտանգության հետ կապված իր հայտարարությունները չի կարելի շփոթել սեփական շրջապատի հետ թղթախաղի ժամանակ արած գյալաջիի հետ։

Սերժ Սարգսյանը տարբերում է Ռուսաստանը Արևմուտքից (զուտ աշխարհագրորեն), բայց դրանց բովանդակային տարբերությունները չի հասկանում։ Դա է պատճառը, որ նա գավառական «շուստրիության» շրջանակներում քծնում է և՛ Պուտինին, և՛ Օբամային, և՛ եվրաչինովնիկներին ու բոլորին իրարամերժ խոստումներ տալիս։ Սարգսյանի պատկերացրած «և–և»–ը հենց դա է։ Աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը և նախաձեռնողական գավառամտությունը նրա մոտ ճկունության հոմանիշներ են դարձել։

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը տարբերում է Հայաստանն այլ երկրներից (քանզի հաջողացրել է այստեղ տոկոս «խփել»), բայց մեր երկրի շահերը նա չի տարբերում, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերից։ Դա է պատճառը, որ նա «ֆուտբոլ» է խաղում Թուրքիայի հետ, իսկ իր քարոզչամեքենան վերածվել է թուրք–ադրբեջանական դիվերսիոն խմբի։

Մասնավորապես Բաղրամյան 26–ի քարոզչագործիքներից «Lragir.am» կայքը գործնականում չի տարբերվում թուրքական «Սաբահ» օրաթերթից կամ ադրբեջանական «1news.az»–ից. սրանք բոլորն էլ աշխատում են Ղարաբաղը (նաև Հայաստանը) Ադրբեջանի վերահսկողության տակ անցկացնելու ուղղությամբ։ Տարբերությունն այն է, որ թուրք–ադրբեջանական լրատվամիջոցները բաց տեքստով են գրում Հայաստանի դեմ ու փորձագիտական գնահատականներ ներկայացնում՝ հիմնավորելով, որ միայն հայ–ռուսական հարաբերությունների վատացմամբ և ՀՀ–ի անվտանգության համակարգի փլուզմամբ է հնարավոր Ղարաբաղի հարցում հաջողություն գրանցել, իսկ ահա «հայկական» «lragir.am» կայքը նույն բանը քարոզում է՝ քողածածկվելով արևմտամետության և, ինչպիսի ցինիզմ, Մեծ Հայաստան ստեղծելու գաղափարների տակ։ Ռուսախոս «արևմտամետների» ու «քյառթու» գեղցիների համատեղ գործունեության արդյունքում «lragir.am»–ը դարձել է ժամանակակից ղուկասղուկասյանության դրոշակակիրը։ Ինչևէ։

Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության վերաբերյալ փորձագիտական տեսակետները կիսվել են։ Մի մասը գտնում է, որ գործ ունենք քաղաքական անմեղսունակության հետ, իսկ մյուսների կարծիքով Սերժ Սարգսյանը բռնել է Պետրոս Գետադարձի ուղին։ Բոլորը, սակայն, միակարծիք են, որ «թագավորը մերկ է»։ Հետևաբար, իշխանափոխության հարցը զուտ անձի փոփոխությանը չի վերաբերում։

Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը ազգային անվտանգության ապահովման միջոց է և համազգային աղետից խուսափելու հնարավորություն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը