Լրահոս

05.08.2013 11:22


Ապօրինությունների ռեկորդային քանակ՝ վճարովի կայանատեղիների որոշման հետ կապված

Ապօրինությունների ռեկորդային քանակ՝ վճարովի կայանատեղիների որոշման հետ կապված

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը «սիրում» է որոշումներ ընդունել` առանց օրենքները հարգելու: Սակայն վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու՝ դեկտեմբերին կայացրած որոշումը կուլիմինացիոն է: Թվարկենք դրա հիմնական ապօրինությունները.

1. Անդորրագիր չկա

Այսպիսով, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»:

Բայց, ի հեճուկս օրենքի, ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս: Դա ոչ միայն վարորդների իրավունքների և օրենքի խախտում է, այլև պաշտոնյաներին SMS-ներից ստացված գումարները գրպանելու հնարավորություն է տալիս:

2. Րոպեավճարի փոխարեն ժամավճար է

Համաձայն նույն օրենքի 10-րդ հոդվածի՝ եթե վարորդը նախընտրում է ժամավճարի տարբերակը (և ոչ օր/շաբաթ/ամիս/տարի համակարգը), ապա իրենից գանձվում է միայն փաստացի կանգնած րոպեների գումարը:

Այսինքն, եթե մեկ ժամվա կայանման գինը 100 դրամ է, ապա, օրինակ, կես ժամ կանգնելուց պետք է գանձվի 50 դրամ, 1 ժամ և 15 րոպե կանգնելուց` 125 դրամ և այլն (րոպեն 1 դրամ և 67 լումա սակագնով):

Սակայն, խախտելով օրենքը, մեկ ժամվա գումարը գանձվում է կայանված յուրաքանչուր ամբողջ և ոչ ամբողջ ժամվա համար:

3. Տեսախցիկներով տուգանելու իրավունքը միայն Ոստիկանությունն ունի

Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը (հոդված 2, մաս 1, կետ 3):

Այնինչ, Երևանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, որոշել է ապօրինաբար տեղեկություններ հավաքել վարորդների մասին և ապօրինաբար ստացված ապացույցներով տուգանել վարորդներին:

4. Տուգանողը ՍՊԸ է

Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (Երևանի քաղաքապետարանը): Բայց, քաղաքապետարանի չարաբաստիկ որոշման համաձայն, խախտման արձանագրություն կազմողը մասնավոր ընկերություն է:

Այսինքն, ի հեճուկս օրենքի, ինչ-որ մասնավոր կազմակերպություն ստացել է քաղաքացիներին տուգանելու իրավունք:

5. Վարորդների մասին տվյալների բազան տվել են ՍՊԸ-ին

Համաձայն քաղաքապետարանի (ավելի ճիշտ՝ Երևանի ավագանու) որոշման, «լիազորված» մասնավոր ընկերությունը տուգանքներն ուղարկելու է մեքենաների սեփականատերերին: Սակայն որտեղի՞ց մասնավոր ընկերությունը պետք է իմանա, թե որ պետհամարանիշի մեքենայի սեփականատերն ով է:

Ստացվում է, որ, ի հեճուկս սահմանադրության, պետական մարմինները բոլոր մեքենատերերի մասին տեղեկությունները փոխանցել է ինչ-որ մասնավոր ընկերության:

Մեկնաբանություններն ավելորդ են:

Դանիել Իոաննիսյան

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը