Լրահոս

05.08.2013 10:23


«Օրինական» և «ապահով» հանքարդյունաբերություն «Լեռ-Էքս»-ի Հայաստանի ղեկավարության կատարմամբ

«Օրինական»  և  «ապահով»  հանքարդյունաբերություն  «Լեռ-Էքս»-ի  Հայաստանի  ղեկավարության  կատարմամբ

Ինչպես հիշում եք, ս/թ. հունիսի 26-ին Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները ականատես են եղել «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կողմից Սյունիքի մարզում շահագործվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պոչամբարի տարածքում նախորդ օրը տեղի ունեցած վթարին, որը ընկերության աշխատակիցների կողմից փորձ էր արվում թաքցնել: Այս վթարի վերաբերյալ մեր ահազանգից հետո մեկնաբանություններով և պաշտոնական հաղորդագրություններով հանդես եկան և´ ընկերության աշխատակիցները, և´ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները` բացահայտ խեղաթյուրելով ակնհայտ փաստերը:

Այդ խնդրին արդեն անդրարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, սակայն նույնիսկ մեր ներկայացրած տեսանյութն ու հրապարակումը, որտեղ պարզորոշ երևում և նկարագրված են խախտումներն ու շրջակա միջավայրին հասցված վնասը, չստիպեցին պետական պաշտոնյաներին կատարել օրենքով իրենց վրա դրված գործառույթները:

Այս խնդրի հետ կապված, ՀԲՃ-ի անունից արդեն գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ: Ստացված պատասխանները ուսումնասիրելուց հետո առաջացան բազմաթիվ հարցեր և թույլ տրված ակնհայտ խախտումներ, որոնք անհրաժեշտ ենք համարում մանրամասն ներկայացնել հանրության և իրավասու մարմինների ուշադրությանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Շախկյանի պատասխանից տեղեկանում ենք, որ ընդերքի պետական տեսչության կողմից «Լեռ-Էքս» ՍՊԸ-ում իրականացվել է ընդամենը մեկ ստուգում 2010թ. դեկտեմբերի 15-ին, որի արդյունքում կազմվել է առաջնային երկրաբանական նյութերի ստուգման և իրականի հետ համադրման ակտ: Այդ ակտով ամրագրվել է, որ երկրաբանական աշխատանքները կատարված են բավարար մանրամասնությամբ, համապատասխանում են իրականին, իսկ շեղումները գտնվում են թույլատրելիի սահմաններում:

Իսկ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի պատասխաններից պարզվում է. «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի ողջ գործունեության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից այդ ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ 2008թ. առ այսօր այդ ընկերությունում ոչ մի ստուգում չի իրականացվել: Թվում էր, թե վթարի այս դեպքը գոնե պետք է պատճառ հանդիսանար, որ պետական պաշտոնյաները վերջապես կատարեին օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները:

Իսկ ի պատասխան մեր գրությունում նշված այն պնդմանը, որ 2013թ. հունիսի 25-ին խողովակաշարի վթարի հետևանքով գետի ջրերը լցվել են գործող պոչամբարի մեջ, պարոն Փիրումյանը տեղեկացնում է, «Որ արտահոսած ջրերի մեծ մասն առանց պոչամբար մտնելու հոսել են Գեղի գետ` այդ նպատակով կառուցված առանձին խողովակաշարով: Նշված վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված ենթադրվող վնասների վերաբերյալ սահմանված կարգով պոչամբարից ներքև գետի ջրերից վերցրած փորձանմուշներում ընկերության ԹՍԱ-ի նորմատիվները գերազանցող նյութեր չեն հայտնաբերվել, ուստի վնասի հաշվարկ չի կատարվել և ընկերությանը վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել»:

Նորից ստիպված ենք կրկնել, որ մեր այցելության պահին ոչ մի առանձին կառուցված խողովակաշար չի եղել, և բնականաբար, արտահոսած ջրերի մեծ մասը չէր կարող հոսել գոյություն չունեցող խողովակաշարով, իսկ պոչամբարը համարյա ամբողջովին լցված էր վթարի հետևանքով արտահոսած ջրերով:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե թույլատրելի սահմանային արժեքները (ԹՍԱ) գերազանցող նյութեր չեն հայտնաբերվել, ապա նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, թե ինչ պարունակությամբ հեղուկ է հոսում պոչամբարից դուրս եկող խողովակից: Այդ ամենը պարզորոշ երևում է նաև մեր ներկայացրած տեսանյութում:

Պարզվում է նաև, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն 2008թ. մարտի 14-ին ստացել է Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ԲՓ-17 դրական եզրակացությունը, իսկ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագիծը ՀՀ գործող օրենսդրության համաձայն ենթարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության», որի վերաբերյալ 20.06.2011թ. տրվել է թիվ ԲՓ-49 դրական եզրակացությունը: Սակայն վերոհիշյալ ֆաբրիկայի պոչամբարի աշխատանքային նախագիծն առ այսօր չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Ընկերությունն ունի նաև ջրօգտագործման թիվ 000311 թույլտվությունը, որի համաձայն` հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատի ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով առ այսօր չի գործում, ինչի հետևանքով պոչամբարի պարզված ջրերը լցվում են Գեղի գետ»:

Փաստորեն, մեր նկարահանած վթարի վայրում գործող պոչամբարը մոտ երկու տարի է` «բարեհաջող» գործում է առանց փորձաքննության անցած նախագծի, ինչը օրենքի կոպիտ խախտում է, իսկ ֆաբրիկան` առանց ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգի, սակայն պետական լիազոր որևէ մարմին «տեղյակ» չէ այդ ապօրինի գործունեության մասին:

Ավելին, ըստ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագծի` պոչամբարի պարզված ջուրը պետք է կոլեկտորով ուղղվի շրջանառու ջրի համար նախատեսված պոմպակայան և մղվի հարստացման գործընթացի գլխամաս, իսկ պոչամբարի պարզվածքը և ինֆիլտրացիոն ջրերը հավաքվեն խյուսափոսում և մղվեն հարստացուցիչ ֆաբրիկա: Սակայն վերևում ներկայացված տեսանյութում պարզորոշ երևում է, որ պոչամբարից դուրս եկող ամբողջ հեղուկը ուղղակի լցվում է Գեղի գետը, այլ ոչ թե հետ է մղվում ֆաբրիկա, ինչը հաստատում է նաև բնապահպանության նախարարությունը` իր պատասխանի մեջ:

Իսկ թե ինչով է բացատրվում պետական մարմինների այսպիսի «անաչառ» վերաբերմունքը, պարզվում է հաջորդ բացահայտումից:

Համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի 22.12.2010թ. հրապարակման` «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը»:

Ստացվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննական դրական եզրակացություն է ստացել 2011թ. հունիսի 20-ին, սակայն արդեն կառուցված է եղել և արտադրանք է թողարկել դեռևս 2010թ. դեկտեմբերին, այսինքն` այդ եզրակացությունը ստանալուց վեց ամիս առաջ: Պետական այրերին և հանքարդյունաբերողներին հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «արգելվում է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության»: Ստացվում է, որ ՀՀ նախագահը այցելել է օրենքի բացահայտ խախտումով կառուցված և շահագործվող ձեռնարկություն:

Այս ամենը բացահայտելուց և ՀՀ պետական լիազոր մարմինների բացահայտ անտարբերությունը տեսնելուց հետո, էլ իմաստ չենք տեսնում դիմել իրավապահ մարմիններին` տեղեկացնելու հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող խայտառակ օրինախախտումների, պետական ունեցվածքի (բնական ռեսուրսների) բացահայտ թալանի մասին, քանի որ «օրինական» և «ապահով» հանքարդյունաբերությունը գտնվում է հենց ՀՀ ներկայիս իշխանությունների բարձր հովանու ներքո, իսկ ինչպես մեր իրականությունն է ցույց տալիս՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը գտնվում են նրանց անմիջականորեն ենթակայության տակ և համարձակություն էլ չեն ունենում մեղավոր պաշտոնատար անձանց և գործարարներին կանչել պատասխանատվության (հիշենք թեկուզ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գործով առայսօր շարունակվող քննչական ոդիսականը):

Ահա սա է մեր ապահով Հայաստանը, երբ բացահայտ թալանում են պետության բնական ռեսուրսները, վնաս հասցնում շրջակա միջավայրին և որևէ պատասխանատվության չեն ենթարկվում...

Դատողությունները թողնում ենք յուրաքանչյուր ընթերցողի կամքին…

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront

Ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/armecofront/

Այս խորագրի վերջին նյութերը