Կարծիք

02.08.2013 00:24


Անդրիաս Ղուկասյան. «Սահմանադրության խախտումը Երևանի քաղաքապետի կոպիտ սխալն է»

Անդրիաս Ղուկասյան. «Սահմանադրության խախտումը Երևանի քաղաքապետի կոպիտ սխալն է»

Մաշտոցի պուրակում քաղաքացիական շարժման մասնակիցների ժողովի ժամանակ որոշ ԶԼՄ-ներին ներկայացված պահանջը՝ դադարեցնել միջոցառման լուսաբանումը, հանրային կարծիքը ապակողմնորոշելու` այդ լրատվամիջոցների հետեւողական քաղաքականության տրամաբանական հետեւանքն է։

Հանրության կյանքի կարեւորագույն իրադարձությունների ազնիվ եւ անաչառ լուսաբանումը միակ ճանապարհն է լրագրողների աշխատանքի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնելու համար։ Ակնհայտ է, որ քաղաքացիների սահմանադրական իրավունքներին առնչվող հարցերն ունեն կարեւորագույն նշանակություն։

Երեւանի քաղաքապետի հուլիսի 19-ի ընդունած` բոլորին հայտնի որոշումը առաջ է բերել երեք առանցքային հարց, որոնց պատասխանը հանրությունն առայսօր չի ստացել։

1. Ըստ սահմանադրության, Հայաստանում ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի չափերը որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնի հիման վրա: Ուստի առաջանում է հարց. ինչո±ւ Երեւանի քաղաքապետը կայացրել է սահմանադրությանը հակասող անհատական որոշում, որն իր մեջ չի պարունակում իրավական նորմ` Երեւանի բնակիչների համար վճարել ավել փոխադրավարձ, սակայն թույլ է տալիս երթուղիները սպասարկող կազմակերպություններին բարձրացնել այդ փոխադրավարձի չափը։

2. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Սահմանադրության խախտումը Երևանի քաղաքապետի կոպիտ սխալն է, ուստի առաջանում է հարց. ինչո՞ւ ավագանին ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքապետի` սահմանադրությանը հակասող որոշումը անվավեր ճանաչելու ուղղությամբ։

3. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Ստեղծված իրադության մեջ այդ նախարարությունը պարտավոր է միջամտել քաղաքապետի՝ սահմանադրությանը հակասող որոշումը անվավեր ճանաչելու ուղղությամբ համապատասխան քայլերով։ Այս դեպքում էլ առաջանում է հարց. ինչո՞ւ նախարար Արմեն Գեւորգյանը անգործություն է ցուցաբերում իր իրավական հսկողության տակ գտնվող մարմնի հակասահմանադրական գործողությունների նկատմամբ։

Հանրությանն անհրաժեշտ է իմանալ, թե ինչու պաշտոնատար անձինք համատարած խախտում են ՀՀ սահմանադրությունն ու սատարում են այդ խախտումները։

Լրագրողները իրավունք ունեն բոլորի առաջ դնեն այդ հարցերը եւ նրանց ազնիվ աշխատանքից է կախված այսօր, թե ինչ ճանապարհ եւ միջոցներ կընտրի քաղաքացիական շարժումը։

Անդրիաս Ղուկասյան, ՀՀ քաղաքացի

Այս խորագրի վերջին նյութերը