Լրահոս

01.08.2013 15:39


Անասնագլխաքանակն աճել է

Անասնագլխաքանակն աճել է

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև տնտեսվարողների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում:

Սկսած 2011 թվականից ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը՝ նպաստելով հիմնական անասնաբուծական մթերքների արտադրության աճին:

Այսպես, օրվա օպերատիվ տեղեկատվությամբ՝ շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել է տավարի գլխաքանակը, որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 % աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով, նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում. այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134 հազարի , ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունի. Այս պահին արդեն իրացվել է 24, 5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130.3 հազ տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը 2.4 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: Սա գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արոտավայրերի կառավարման և ջրարբիացման համալիր ծրագրերի արդյունքն է, որոնք հետևողական ապացուցում են իրենց արդյունավետությունը և ներազդում սպառողական շուկայի գների ընդհանուր միտումների վրա:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը