Մեկնաբանություն

01.08.2013 17:00


Աճում ու զարգանում ենք բերանքսիվայր

Աճում ու զարգանում ենք բերանքսիվայր

Միայն երեկվա օրը բավարար էր՝ արձանագրելու, որ մենք իսկապես արագ տեմպերով աճում ու զարգանում ենք:

Սերժ Սարգսյանի գովական պաշտոնյան՝ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, երեկ ազդարարեց, որ մեր թիվը անցնում է 3 միլիոնը: Ճիշտ է, մի պահ կարկամեցինք, բայց հետո շատերը սա ընդունեցին ի գիտություն: Ո՞վ գիտե՝ գուցե ամեն օր օդային ու ցամաքային ճանապարհներով երկրից փախչող քաղաքացիների մասին համացանցում տարածվող տեսանյութերը պատրա՞նք են: Ասենք՝ մարդիկ բեռուբոխչով Լոռու մարզից նստում են ավտոբուսները, «մի երկու կռուգ» պտտվում են ու նորից վերադառնում տուն:

Այլապես ինչպե՞ս է հնարավոր, որ վերջին մարդահամարով արձանագրված մշտական բնակչության թիվն այժմ «աճի» ու դառնա 3 միլիոն 26 հազար:

Դե, անիմաստ է այս հանելուկը բացատրելու համար դիմել Սերժ Սարգսյանի գովական Ստեփան Մնացականյանին: Վերջինս հաստատապես կսկսի մեզ բացատրել, որ տանգոյի տակ չի կարելի քոչարի պարել, ինչպես դա արեց ամիսներ առաջ խորհրդարանում, երբ նրան խնդրեցին բացատրել, թե ինչ բան է ՀՆԱ-ի ինդեքս դեֆլյատորը:

Սերժ Սարգսյանը հիացած է այս պաշտոնյայով, քանի որ Մնացականյանը ներկայացնում է «չոր տվյալներ» ու քաղաքական հայտարարություններ չի անում:

Առավելագույնը, որ կարող է շեղվել բուն թեմայից, դա տանգո-քոչարի «անհամատեղելիության» հարցի վերաբերյալ «մաստերկլասային» բացատրություն տալն է:

Այնպես որ, մենք արագ տեմպերով աճում և զարգանում ենք:

Խնդրեմ՝ գյուղացիները օղի են քաշում և աթար են չորացնում: Քոսը վերացել է: Երեկ նաև երկու գյուղական ամբուլատորիա բացվեց՝ վարչապետի հանդիսավոր ներկայությամբ: 5 տարրիների նրա աշխատանքի միակ «ոլոլոլորտային» ձեռքբերումը: Մարդը օֆշորներում 10 միլիոն դոլար «լվալուց» հետո, ահա, խնդրեմ, հայրենիքի մասին էլ է մտածում:

Երեկ նաև տեղեկացանք, որ Հրանուշ Հակոբյանը հրաժեշտ է տվել իր հերթական տեղակալին: Վերջինը ՕԵԿ-ական է, որին բարձրագույն իշխանությունը կես տարվա մեջ հասցրեց նշանակել ու ազատել մի քանի գերատեսչությունների փոխնախարարի պաշտոնը:

Այնպես որ, կառավարման ոլորտում «բարեշրջումներն» անկասելի են, «նոր դեմքերի» առկայությունը՝ նույնպես:

Սրանից ավելի ի՞նչ եք ուզում:

Հա, միայն այսօր մի քիչ սոցապը համը հանեց. հայտարարեց, որ կենսաթոշակառուները օգոստոսի թոշակներին առաջիկա օրերին չսպասեն:

Միայն ամսի 5-ից հետո կարող են երազել դրա մասին:

Վերահսկիչ պալատի բացահայտումները խոտանող Սերժ Սարգսյանին պետք է հարցնել, թե ինչու են ուշանում թոշակները, այն էլ արդեն երկրորդ անգամ:

Այնուամենայնիվ, գուցե քարը փեշից թափի ու համաձայնի՞, որ իր կառավարության անդամների ախորժակը միլիարդանոց է. կողոպտել են ոչ թե 200-300 մլն, ինչպես ինքը՝ Սերժ Սարգսյանն է պնդում, այլ 700 մլրդ:

Բայց մինչ Սերժ Սարգսյանը բացատրություն կտա (միանգամայն անհավանական բան), մեր թոշակառուները մեծ երիգիծաբանի նման խորհում են. «Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարության երեսը չտեսնեմ: Մի՛ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա»,-խնդրում և վստահեցնում է Լեռ Կամսարը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը