Լրահոս

01.08.2013 12:45


Ակտիվիստներից մեկն ուշագնաց է եղել, մեկին էլ բերման են ենթարկել

Ակտիվիստներից մեկն ուշագնաց է եղել, մեկին էլ բերման են ենթարկել

Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է։ Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 7–րդ օրը նստացույց հայտարարածների համար վրաններ տեղադրող ակտիվստները դիմել են խորամանկության։ Նրանք երկու վրանները ոստիկանների համար անակնկալ կերպով փորձել են տեղադրել ոչ թե հենց քաղաքապետարանին հարակից սիզամարգի վրա, այլ դիմացի պուրակում։

Սակայն րոպեներ անց տեղ են հասել նաև ոստիկանները, ովքեր բռնել են վրանը և թույլ չեն տվել այն տեղադրել։ Ակտիվիստներից Անի Կաղինյանը ոստիկաններից պահանջել է բաց թողնել իր վրանը, քանի որ այն գետնին չի կպել, և ինքն իրավունք ունի վրանը օդում պահել։ Այս կոչին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ականջալուր չի եղել և անձամբ է քաշքել այն։

Այդ պահին քիչ այն կողմ երկրորդ վրանն է փորձել բացել և օդում պահել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը, ում այնուհետև բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Վ. Օսիպյանը պատճառաբանել է, թե Կիվիրյանը անօրինական գործողությունների կոչ է արել և փորձել վրան տեղադրել առանց թույլտվության։

–Վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան՝ կենթարկենք պատասխանատվության,–ասել է Օսիպյանը։

Այս ամենին հաջորդել է ոստիկանների և ակտիվիստների միջև բախումը, որի ժամանակ ոստիկաններին հաջողվել է «առևանգել» երկու վրանները և թաքցնել ոստիկանական մեքենայում։

Բախման ժամանակ ակտիվիստ կանանցից մեկն ուշագնաց է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը