Աշխարհ

30.07.2013 12:33


Նոր լարվածություն ռուս-ուկրաինական հարաբերություններում

Նոր լարվածություն ռուս-ուկրաինական հարաբերություններում

Շաբաթ՝ Կիևյան Ռուսիայի քրիստոնեություն ընդունման 1025–ամյակի առթիվ կազմակերպված տոնական հանդիսություններից հետո, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը Կիևի նախագահական նստավայրում տևել է ընդամենը 15 րոպե։ Այնուհետև Պուտինն անսպասելիորեն հեռացել է Ուկրաինայի նախագահի նստավայրից և մեկնել Ուկրաինայի նախկին նախագահ Կուչմայի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Մեդովչուկի գլխավորած «Ուկրաինական ընտրություն» հասարակական կազմակերպության խորհրդաժողովին:

Վլադիմիր Պուտինը խորհրդաժողովին է միացել այն ժամանակ, երբ քննարկելիս են եղել Ուկրաինայի հեռանկարները Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գոտուն և ասոցացման պայմանագրին միանալու կամ Մաքսային միությանը լիարժեք անդամագրվելու պարագայում:

Պուտինը միջամտել է քննարկմանը և նշել, որ ճիշտ հետևությունների համար անհրաժեշտ է նայել չոր թվերին. «Ուկրաինայի հետ մեր ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակին ընկել է 17 տոկոսով, Մաքսային միության անդամ երկրների հետ 2011թ. մեր ապրանքաշրջանառությունն ավելացել է 34 տոկոսով, 2012թ.՝ ևս 11 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակին, չնայած համաշխարհային տնտեսության անկմանը, ևս 2-3 տոկոսով»:

Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևն էլ հավելել է. «Ուկրաինան, տալով իր ինքնիշխան իրավունքները Բրյուսելին, չի կարող Մաքսային միության դիտորդ դառնալ, քանի որ այն՝ որպես սուբյեկտ, կկորցնի իր իրավունքը և կդադարի ինքնիշան պետություն լինելուց»: Ուկրաինացի վերլուծաբանների մեծ մասը Յանուկովիչի հետ Պուտինի 15–րոպեանոց հանդիպումը և «Ուկրաինական ընտրություն» ՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին չնախատեսված մասնակցությունը որակում են որպես «դիվանագիտական հակաքայլ և ապտակ՝ ուղղված Յանուկովիչին»:

Ուկրաինական լրատվամիջոցները եզրակացնում են, որ այդ քայլով Պուտինը ցուցադրել է իր անբարյացակամ վերաբերմունքը եվրաինտեգրման ուղղությամբ Յանուկովիչի քաղաքականության նկատմամբ: Ուկրաինական լրատվամիջոցների կարծիքով Պուտինը կփորձի ազդել 2015թ. նախատեսված Ուկրաինայի նախագահական ընտրությունների վրա և ամենահարմար թեկնածուներից մեկի վրա խաղադրույք կատարելով՝ կփորձի համաձայնության հասնել համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ:

Նշենք, որ ուկրաինացի սոցիոլոգների զգալի մասի կարծիքով՝ Պուտինի վարկանիշը Ուկրաինայում ավելի բարձր է, քան Ուկրաինայի առաջնորդների վարկանիշը, իսկ ուկրաինական հասարակության կեսը կողմ է արտահայտվում Մաքսային միությանը անդամագրվելուն. դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ընտրել էին ռուսամետ համարվող Յանուկովիչին, որը, սակայն, ընթացավ եվրոպամետ Յուշչենկոյի ուղիով:

Նշենք նաև, որ Պուտինի Ուկրաինա կատարած այցից հետո Ռուսաստանն արգելք է դրել ուկրաինական մի շարք ապրանքատեսակներ Ռուսաստան ներկրելու վրա: Ռուսաստանի վերջին քայլերն ու Ուկրաինայում Պուտինի հայտարարությունները ուկրաինացի վերլուծաբանների և քաղաքագետների կողմից որակվել է որպես վերջին նախազգուշացում Կիևին:

Այս խորագրի վերջին նյութերը