Կարծիք

29.07.2013 17:03


Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո) անդրադարձել է Տարոն մարգարյանի հրաժարականի հարցին

Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո) անդրադարձել է Տարոն մարգարյանի հրաժարականի հարցին

Ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ժամանակավոր կասեցնելը «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացած Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո) բավարար չի համարում։ «7օր»–ի հետ զրույցում նա ընդգծել է, որ իրենց պայքարը ոչ թե խնդիրը ժամանակավոր կասեցնելու, այլ լիարժեք լուծելու համար էր։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելուն, Մկրտիչ Արզումանյանը չի ցանկացել «խորանալ այդ հարցի մեջ»։

–Դրանով թող զբաղվի նա, ով զբաղվում է քաղաքականությամբ, կամ ում հետաքրքիր է այդ հարցն առաջ տանելը։ Կոնկրետ ես միացել էի այդ ակցիային, որովհետև ժողովրդի համար դա լավ էր։ Իսկ թե ով դրանից հետո հրաժարական կտա կամ չի տա...ինձ ավելի շատ հետաքրքրում են ժողովրդի խնդիրները, որոնց լուծման համար ես փորձեցի իմ լուման ներդնել։ Եթե պետք լինի, նորից պետք է անել։

Մեր այն հարցին՝ եթե նույն այդ ժողովուրդն այժմ էլ պահանջի Տարոն Մարգարյանի հրաժարականը, ինքը կրկին կկանգնի՞ նրանց կողքին, Մկրտիչ Արզումանյանը դժվարացել է պատասխանել։ Հարցը մի քանի անգամ պնդելուց հետո միայն նա ասել է.

–Չգիտեմ, չեմ ուզում պատասխանել ձեր հարցին։ Ես ասացի՝ մասնակցեցի ինչի համար, հանուն ինչի։ Եթե այդ հարցը նույնպես այդպես հետևողականորեն ընթացք ստանա, որ բոլորը մի մարդու նման այնպես անեն, որ հարցը նման լուծում ստանա, այսինքն՝ մեկը մյուսից բխող հետևանքներ են, բնականաբար, ես չգիտեմ, ասենք՝ լոգիկային մոտ է, որ, պարզ է, մինչև վերջ պիտի տարվի այդ հարցը։ Եթե էդպես է պետք լուծումը, թող էդպես լինի, ինչ ասեմ։ Բայց ես չեմ կարծում, որ դրան կհասնի, ճիշտն ասած։ Կարծում եմ, որ իշխանություններն ավելի խելամիտ կգտնվեն և հարցին ճիշտ լուծում կտան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը