Լրահոս

26.07.2013 16:25


Հուլիսի 28-ը հեպատիտ C-ով հիվանդների համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը հեպատիտ C-ով հիվանդների համաշխարհային օրն է

Հեպատիտների համաշխարհային օրվան ընդառաջ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվեց մամուլի ասուլիս:

Բանախոսները ներկայացրեցին աշխարհում ու Հայաստանում տիրող իրավիճակը, իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները:

Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1.4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության 2-7%-ի մոտ առկա է հեպատիտ Բ-ի վիրուսակրություն։ Նրանցից 240 մլն-ը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ է մահանում սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից: Հեպատիտ Բ-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, 2-րդ տեղում է ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված է հեպատիտ Ց-ով, և տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ է պահանջում, ուստի բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների առողջությանը և տնտեսությանը հասցրած վնասը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար:

2010-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի կողմից ընդունված վիրուսային հեպատիտների` մասնավորապես Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ, և իր հետագա աշխատանքներն իրականացրել և իրականացնում է այդ համատեքստում:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվարկով 2008թ. եղել է 25.7, իսկ 2012-ին` 3.0: Արձանագրված հեպատիտ Ա-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` 100000 բնակչի հաշվարկով 2008թ. 3.4, 2012-ին` 1.9: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում ` 98 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.1-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են հեպատիտների տարածվածության ընտրանքային հետազոտություններ ռիսկի խմբերում։ Պարզվել է, որ հետազոտված առողջ բնակչության շրջանում գրանցվել է հեպատիտ Բ-ով և Ց-ով վարակվածության ցածր մակարդակ: Համաձայն այդ հետազոտությունների` հեպատիտներով վարակվածության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդների շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում հետագայում վիրուսային հեպատիտների կանխարգելումն և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը