Մեկնաբանություն

26.07.2013 11:30


Երևան–Կիպրոս տրանզիտ

Երևան–Կիպրոս տրանզիտ

Տրանսպորտային պայքարի հաղթանակը որբ կմնա, եթե չունենա տրամաբանական շարունակություն։ Իսկ տրամաբանական շարունակությունը ենթադրում է սլաքավարների (Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ, գծատերեր և այլն) դեմ պայքարից անցում գլխավոր գծատերերին՝ Սերժ Սարգսյանին ու հայկական տնտեսության Թալեաթ փաշա Տիգրան Սարգսյանին։

Տիգրան Սարգսյանը, օրինակ, բռնվել է օֆշորային մեքենայության մեջ, բայց Սերժ Սարգսյանը չտեսնելու է տալիս դա, ինչպես որ լուռ հաշվում էր տրանսպորտի թանկացումից սպասվող անձնական եկամուտները։

Պետք է, ուրեմն, թույլ չտալ ծածկադմփոցի վերածել այդ սկանդալային պատմությունը։ Պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով մասնավոր բիզնեսի հանդեպ իրականացված ոտնձգությունը ոչ պակաս հակահասարակական բնույթ ունի, որքան տրանսպորտի թանկացումը։ Իսկ դա նշանակում է, որ չի կարելի աչքաթող անել այս օֆշորային պատմությունը։

Երևանում տարած հաղթանակը պետք է, պատկերավոր ասած, տեղափոխել Կիպրոս, որտեղ վարչապետն իր «օրթախներ» Նավասարդ Կճոյանի ու Աշոտ Սուքիասյանի հետ միասին միլիոնավոր դոլարներ է պտտեցրել՝ ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիաբանկի» օգնությամբ։ Փողերի լվացման դասական պատմություն հիշեցնող այս գործը որևէ պարագայում չպետք է թողնել, որ «ջրեն»։ Ի վերջո, օֆշորային մեքենայության ու պետբյուջեի թալանի հետևանքով միլիոնավոր դոլարներ են յուրացվել, և դրանք հետ բերելու միջոցով կարելի է, ասենք, քաղաքային տրանսպորտի դոտացիան ապահովել՝ միաժամանակ թարմացնելով տրանսպորտային պարկը։

Եվ ուրեմն, դատախազությանը պետք է ստիպել ոչ թե «պահանջատիրությամբ» զբաղվել և «հայրենասիրություն» խաղալ, այլ համապատասխան վերաբերմունք ցույց տալ օֆշորային սկանդալի «հերոսներին»։ Հետո ինչ, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ է, Կճոյանը՝ ՀՀԿ–ին կից «տերտեր», իսկ Սերժ Սարգսյանն էլ՝ գլխավոր գծատեր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը