Մեկնաբանություն

24.11.2010 13:29


Մի համեստ խորհուրդ մեր նախագահին (ես դրա իրավունքն այլևս ունեմ)

Մի համեստ խորհուրդ մեր նախագահին  (ես դրա իրավունքն այլևս ունեմ)

Մի անգամ այսպիսի մի համեստ խորհուրդ էլ փորձել էի տալ Գալուստ Սահակյանին: Վատ խորհուրդ չէր, կարծես, բայց թերթերը չտպեցին: Թերթերը նախանձ են, ո՞վ չգիտի, նրանցից ո՞վ է ուզում Գալուստ Սահակայնի լավը, որ տպեր: Ինչ որ է: Խնդրել էի Գալուստ Սահակյանին տեր կանգնել ՀՀԿ-ական կարկառուն գաղափարախոսների մտքի վերջին թռիչքներին, որոնք, մեղմ ասած, մեզ կարող են հոգեբուժարաների դուռը հասցնել: ՀՀԿ-ական մեկը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր, որ արտագաղթի բուն պատճառները պետք է փնտրել մեր ցեղի ներսում: Հալա մի բան էլ լրագրողների վրա մատ էր թափ տվել, թե դուք չգիտե՞ք, որ մեր ցեղի այդ հատկանիշը (արտագաղթելու) դեռևս հոգեբանական լուրջ ուսումնասիրությունների կարիք է զգում:

Մեծարգո նախագահ, ճիշտը որ ասեմ, աչքիս առաջ եկավ Ձեր ելույթը, որով իսկական քոչվորներին իրենց տեղն էիք դնում: Բայց արի ու տես որ ՀՀԿ մեծ ընտանիքի զավակը այսքան անփույթ է գտնվել Նժդեհի ցեղի ովլինելության հարցում: Այն ժամանակ ես Գալուստ Սահակյանին էի հավարը գցել, բայց, ինչպես ասացի, թերթերը չտպեցին ու ամեն ջանքս ի զուր անցավ:

Իսկ ինչու եմ հիմա կարծում, թե այս գիրը կհրապարակվի: Այդպես եմ կարծում, քանի որ ՀՀ նախագահի լավը, հաստատ, ավելի շատ թերթ ու լրատվամիջոց կուզի, քան Գալուստ Սահակյանինը: Եվ բացի այդ, արդեն հրապարակի վրա է նժդեհական կուսակցության մի նոր հայտնագործություն, որ ուղղակի կապվում է նախագահի եւ նրա կուսակցության անվան հետ: Հիմա էլ, որպեսզի ցույց տան նախագահի եւ նրա ղեկավարած կուսակցության ամուր կապը (ասես այդ կապը կարող էր եւ թույլ լինել), որոշ հանրապետական գործիչներ, նախընտրական այս կեղծ բումի ազդեցության տակ սկսել են իրենց կորցնել եւ կոմայի մեջ են հայտնվում, երբ չարաճճի լրագրողները նրանց անհարմար հարցեր են տալիս: Եվ նրանք, հավատացեք, այդ հարցերին պատասխանում են ճիշտ կոմայի մեջ հայտնված մարդու տրամաբանությամբ: Ահա այդ տրամաբանությունից ծնված մտքի մի արգասիք. «...որեւէ պատգամավոր օգնության կարիք չի զգում, առավել եւս, եթե ՀՀԿ խմբակցության անդամ է»: Շատ զարմացանք: Իսկ գաղափարական աջակցությա՞ն: Ինչի՞ կարիք չի զգում ՀՀԿ խմբակցության անդամը: Փողի՞, շքեղ ապրուստի՞, լավ բնակարանի՞, լավ մեքենայի՞, արտասահմանյան ուղևորությունների՞: Վերջինը, գուցեև գործի բերումով զգում է, բայց դրա համար պետությունը կոպեկը-կոպեկին վճարում է' կասեք ինձ: Այո, բայց ի՞նչը մնաց, որի կարիքն զգում է ՀՀԿ-ական պատգամավորը: Գուցե ասեք, որ նա, իրոք, ոչ մի բանի կարիք էլ չի՞ զգում: Ինչո՞ւ, նա մա՞րդ չի...

Ինձ մի մեղադրեք, խնդրեմ, ՀՀԿ-ական պատգամավորի այս հանճարեղ միտքը կոնտեքստից կտրելու համար: Որովհետև, եթե այն դիտարկենք կոնտեքստի մեջ, շատ ավելի խայտառակ բան կստացվի: Սա էլ կոնտեքստը. «որեւէ պատգամավոր օգնության կարիք չի զգում, առավել եւս, եթե ՀՀԿ խմբակցության անդամ է: Եվ, առհասարակ, ցանկացած Հանրապետական պաշտոնյա ՀՀԿ մեծ ընտանիքի անդամ է եւ պաշտոնավարում է (առանց որևէ բանի կարիք զգալու, Էդ.Ա.) այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է ՀՀ նախագահի վստահությունը»: Շատ համոզիչ է, այնպես չէ՞: Տեսնո՞ւմ եք ինչ հնարքով է սույն Հանրապետականը մեզ համոզում, որ ՀՀ նախագահն է պաշտոնի նշանակում եւ պաշտոնից հեռացնում Հանարպետականներին: Գոնե ասեր, որ ՀՀԿ մեծ ընտանիքը մարդկանց գործի նշանակելու հարցում միշտ հաշվի է առնում նախագահի կարծիքը, հարգում է նրա կարծիքը: Թե չէ ի՞նչ է ստացվում: Հայաստանում ինչքա՞ն ընտրովի պաշտոններ կան, որ ՀՀԿ-ականներ են զբաղեցնում: Բոլորին, մեծարգո նախագահ, Դուք եք նշանակե՞լ:

Հեչ լավ բան չէ ասուլիսին անպատրաստ գնալը: Առավել վատ է այս օրերին անպատրաստ գնալը: Մեր պարզ, աշնանային երկնքում որոտը որոտի հետևից է պայթում: Հիմա էլ մի բրիտանական կազմակերպություն է լույս ընկել ու բոլորին համոզում է, թե ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հաղթում է: Որտեղի՞ց ծլեց: ՀՀԿ մեծ ընտանիքն իր համար մրափում էր, դեպքից դեպք էլ հայտարարում, որ հաղթել-պրծել է: Ի՞նչ է ստացվում. նախագահի գլխի տակ փափուկ բա՞րձ էին դնում: Լավ, ենթադրենք այս անգլիացիները լուսնից են իջել եւ չգիտեն, թե Հայաստանում ինչն ինչից հետո է: Այդ դեպքում Գալուստ Սահակյա՞նն ինչու է շշկլվել սրանց հայտարարած արդյունքներից, կարծիք է հայտնում, որ դրանք ԲՀԿ ներքին օգտագործման համար են: Գոնե ասեր, որ դրանց միայն մի մասը իրականությանը չի համապատասխանում: Բայց նա, անսպասելի նորությունից գուցե, կասկածի տակ է առել, պարոն նախագահ, 2013 թվականին ձեր հաղթելու շանսը, փոխանակ ուրախանալու այդ ցնցող լուրից:

Հիմա, մեծարգո նախագահ, խնդրում եմ լսեք փոքրիկ խորհուրդս: ՀՀԿ մեծ ընտանիքին փորձեք հասկացրել, որ իր առաքելությունը հաղթելը չէ միայն, որ մինչև հաղթելը քաղաքական ուժը պարտավոր է իր համար պարզել առնվազն մեկ բան' ինչո՞ւ է հաղթում: Եթե հաղթում է, որ այլևս ոչ մի բանի կարք չունենա, որպեսզի բացառապես իր հանդեպ որևէ դեպքում որևէ անարդար բան տեղի չունենա այս կյանքում, ապա նրա վերջաբանը տխուր է լինելու: Տեսնո՞ւմ եք ինչպես է Գալուստ Սահակյանը վիրավորվել բրիտանացիներց, հայտարարում է, թե անարդարություն է տեղի ունեցել, թե էդ ջահելների թվերը դեռ ոչինչ չեն նշանակում: Իսկ գուցե լավ էլ նշանակո՞ւմ են, իսկ գուցե ՀՀԿ-ն հասկանա՞, որ մինչև 2012 թվականը, այսպես շարունակելու դեպքում, նույնիսկ կզրկվի խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից:

Այս համեստ խորհուրդը մենք տալիս ենք' հաստատ համոզված, որ գոնե ՀՀ ԱԺ պատգամավորներին Դուք չեք նշանակում, մեծարգո նախագահ, ու նաև դա է պատճառներից մեկը, որ 2013 թվականին հաղթել-պրծել եք այդքան մեծ առավելությամբ:

Էդիկ Անդրեասյան

Ըստ Ահարոն Ադիբեկյանի' 2013 թվականին հաղթելու ամենահամեստ ցուցանիշն ունեցող ՀՀ քաղաքացի

Այս խորագրի վերջին նյութերը