Քաղաքական

25.07.2013 15:05


Ցուցարարները պնդում են՝ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից ելքը կա՛մ արտագաղթն է, կա՛մ իշխանափոխությունը

Ցուցարարները պնդում են՝ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից ելքը կա՛մ արտագաղթն է, կա՛մ իշխանափոխությունը

Արդեն հինգ օր է՝ տրանսպորտի թանկացումներից դժգոհ մարդիկ տարատեսակ ակցիաներով են հանդես գալիս՝ արտահայտելու իրենց բողոքը: Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվելու հիմնական առիթը թեև տրանսպորտի թանկացումն էր, սակայն քննադատության արժանացան նաև կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու այլ ապրանքների թանկացումները:

Ցուցարարներից շատերը «7օր»–ի լրագրողի հետ կիսեցին իրենց մտավախությունները։ 56 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լենան, բողոքելով ցածր կենսաթոշակից և ապրանքների բարձր գներից, նշեց, որ այս ամենի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նա պատմեց, որ ստանում է ընդամենը 50 000 դրամ կենսաթոշակ, որը չի բավարարում անգամ նվազագույն ծախսերին: Ըստ նրա՝ միակ փրկությունը ժողովրդի ընդվզումն է այդ ամենի դեմ, և եթե անգամ տրանսպորտի ուղեվարձը դարձնեն կրկին 100 դրամ, չպետք է դադարեցնել պայքարը:

Մեկ այլ ցուցարար՝ Անուշը, չէր հասկանում արձակուրդ գնալու Սերժ Սարգսյանի քայլի տրամաբանությունն այն դեպքում, երբ ժողովուրդը, դժգոհ լինելով, դուրս է եկել փողոց և պահանջում է փոփոխություններ: Նա ընդգծեց, որ այդ կերպ նախագահը ցույց տվեց իր արհամարհանքը ժողովրդի և նրա բողոքների հանդեպ, իսկ կառավարության քաղաքականությունը միտված է արտագաղթի տեմպերն է՛լ ավելի ահագնացնելուն. չէ՞ որ, ըստ վարչապետի, ավելի լավ է՝ ժողովուրդը արտագաղթի, քան մնալով հայրենիքում՝ հեղափոխություն անի.

Այսպես շարունակելն այլևս անկարելի է, ժողովուրդը չպետք է արտագաղթի, այլ պետք է մնա և պայքարի իր իրավունքների համար, անհրաժեշտության դեպքում էլ հեղափոխություն անի երկիրը կործանումից փրկելու համար:

Ցուցարար Գիշյան Մարիամն էլ այս կերպ արտահայտեց իր բողոքը. «Եթե ամեն ինչ չթանկացնեն, բա Սերժը ինչպե՞ս պետք է հարստանա, ուտում ուտում է, էլի չի կշտանում, խլում է ժողովրդից ամեն ինչ: Նախագահը, վարչապետը, քաղաքապետը թալանում են ժողովրդին մինչև վերջին կաթիլը»:

Ըստ Մարիամի՝ վիճակից ընդամենը երկու ելք կա՝ պայքարել կամ արտագաղթել:

Էսթեր Մխիթարյանն էլ «7օր»–ի հետ զրույցում հիշեցրեց այս տարվա մարտի 18-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ գազի գնի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանք են և սուտ, իսկ Տարոն Մարգարյանն էլ հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու.

Ընտրություններից առաջ միշտ սուտ խոստումներ են տալիս: Նրանց ամեն մի խոսքը սուտ է, մենք նրանց չենք հավատում, մենք նրանց հրաժարականն ենք պահանջում, միայն հարյուր դրամով ոչինչ չի փոխվի:

Լիդա Ավետիսյանը նույնպես հիշատակեց Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի մի քանի ամիս արած հայտարարությունները՝ նշելով. «Ցանկացած պետական պաշտոնյա պետք է պատասխանատվություն կրի իր արտասանած խոսքի համար: Եթե խոստանում են, բայց երկու ամիս անց ամեն ինչ թանկացնում, ես դրանց ոչ մի խոսքին էլ չեմ հավատում» :

Անդրադառնալով մյուս ապրանքների և ծառայությունների թանկացումներին՝ Լիդան ասաց. «Գազի գինը թանկացրին, ժողովուրդը ձայն չհանեց, էլեկտրաէներգիան բարձրացրին, ժողովուրդը ձայն չհանեց, հիմա էլ բարձրացնում են տրանսպորտի գինը, բա այսպես ժողովուրդ ե՞ն պահում, եթե բոլոր ծառայությունների և ապրանքների գները բարձրացնում են, ուրեմն թող կենսաթոշակներն ու աշխատավարձերն էլ բարձրացնեն»:

Մեր վերջին զրուցակիցը նույնպես չափազանց մտահոգ էր արտագաղթի տեմպերով, հատկապես այն փաստով, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։ Այսպես շարունակվելու դեպքում, նրա խոսքերով, Հայաստանը կդատարկվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը