Քաղաքական

23.07.2013 10:42


Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում. «Իրավիճակը Հայաստանում դառնում է անկառավարելի և պայթյունավտանգ»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում. «Իրավիճակը Հայաստանում դառնում է անկառավարելի և պայթյունավտանգ»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության ուսումնասիրությունները կապված Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումների հետ, ցույց են տաիս, որ իրավիճակը երկրում դառնում է անկառավարելի և պայթունավտանգ: Նմանատիպ վերլուծության ազդակներ հանդիսացան նախ արտաքին հարաբերություններում ՀՀ-ի վերջին տարիներին վարած, մեղմ ասած, անհասկանալի քաղաքական խաղերի արդյունքները, և դրա հետևանքով կորցված հեղինակության փաստը, ինչպես նաև վերջերս ստացած անվստահելի գործընկերոջ իմիջն ու կերպարը: Արդյունքում խարխլվեցին հաստատուն հարաբերությունները և՛ արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Ադրբեջանին մասսայական ոչնչացման յուրահատուկ զենքի վաճառքը աննախադեպ էր, և ՀՀ բացառիկ թուլացած իշխանությունները վախեցան դրան համարժեք գնահատական տալուց: Այս փաստն անմիջապես գրանցվեց և գնահատվեց Ադրբեջանի կողմից, որի հետևանքով էլ Ադրբեջանի բռնապետի հայատյաց հայտարարություններն ավելի ռազմատենչ դարձան: Հայաստանի շուրջ իրավիճակն էլ ավելի թեժացրեց հայ իրականության մեջ բարձրագույն պետպաշտոնյա հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազի զգացմունքային ելույթը`առաջին անգամ հողային պահանջներ ներկայացնելով Թուրքիային, և դրան հետևած թուրքական արտգործնախարարության պատասխանը: Այս ամենին եթե ավելացնենք Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական լարվածության սրընթաց զարգացումները, ի հետևանք օֆշորային բացահայտումների, Սյունիքի մարզպետի կողմից թույլ տրված սանձարձակությունների, ինչպես նաև Վերահսկիչ Պալատի բացառիկ օբյեկտիվ բացահայտումների հետ կապված և դրա դեմ ուղղված ԱԺ ու կառավարական գնահատականները, գումարած գազի, էլեկտրականության և տրանսպորտի արհեստածին թանկացումներ հանդիսացող ֆորս-մաժոռային իրավիճակները և դրանց հանդեպ ՀՀ նախագահի «լռակյացությունը», ապա կարելի է փաստել, որ ստեղծվել է մի եզակի իրավիճակ, որի հետևանքով լուրջ վտանգված է Հայաստանի Հանրապետության ներկան և ապագան:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը ս.թ. սեպտեմբերի 6-ից 8-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունենալիք իր հերթական Համագումարի օրակարգի հիմնահարց դարձրել է Հայաստանի այսօրվա ներքին քաղաքական վիճակի վերլուծությունը: Նաև օրակարգային կարևորագույն հարցերից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներկա վիճակից ելքեր ստեղծելու ուղղությամբ տարվող նախագծերի կազմումը, որը կարտահայտվի ԵՀՄՖ Համագումարի կողմից ընդունվող Բանաձևում` հանդիսանալով որպես հետագա տարիների համար գործունեության ուղեգիծ-ծրագիր: Մյուս կարևոր օրակարգային հարցերից են.

-Եվրոպայի հայկական կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ գործունեության համակարգումը,

-հայկական մշակութային ժառանգությունների հանդեպ իրականացվող „մշակութային ցեղասպանության“ դեմ պայքարի աշխատանքների մասին տեղեկատվությունը և ռազմավարության հաստատումը

-ոճրագործ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակվելու դեմ դատական գործունեություն ծավալելու շուրջ քննարկումները:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը շարունակում է եվրոպահայության`արևելահայ և արևմտահայ հանրության համախմբման աշխատանքները` վերջնական նպատակ ունենալով եվրոպահայությանը հուզող ներքին կազմակերպչական հարցերի լուծմանն ուղղված քայլերի համակարգումը, ինչպես նաև, ՀՀ-ի ներքին լարված քաղաքական և տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով եվրոպահայության ներուժը դեպի Հայաստան ուղորդելու աշխատանքները :

Հետևաբար ԵՀՄՖ Նախագահությունը, շարունակելով իր ժողովրդավարական բաց գործունեությունը, պատրաստ է Համագումարի հրավեր ուղարկել հայ մտավորականության այն ներկայացուցիչներին, որոնք ասելիք կունենան ԵՀՄՖ Համագումարի օրակարգային հարցերի շրջանակներում (տեղերի սահմանափակության պատճառով Համագումարին մասնակցել ցանկացողներին խդրվում է մոտակա 5 օրերի ընթացքում դիմել ԵՀՄՖ նախագահությանը հետևյալ հասցեով`[email protected]):

ԵՀՄՖ Նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը