Լրահոս

22.07.2013 15:55


Արեգ Գևորգյան. «Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի թույլատվության չի անում ոչի՛նչ»

Արեգ Գևորգյան. «Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի թույլատվության չի անում ոչի՛նչ»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Արեգ Գևորգյանի հետ

–Արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի թույլտվության կբարձրացնե՞ր տրանսպորտի սակագինը։

Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի թույլատվության չի անում ոչի՛նչ: Նրա բոլոր որոշումները կայացվում են նախագահի պաշտոնը զբաղեցնողի անմիջական վերահսկողության տակ: Տարոն Մարգարյանը չէր լինի իր պաշտոնին, եթե ունենար դույզն իսկ ինքնուրույնություն: Նրա առավելությունը մյուսների նկատմամբ հենց նրա կամակատար լինելն է: Սրա վառ ապացույցը Մաշտոցի պուրակում տեղ գտած իրադարձություններն են, երբ այսպես ասված ընտրված քաղաքապետը հրապարակայնորեն ուղղորդվում է Սերժ Սարգսյանի կողմից՝ «Տարո՛ն, սիրուն չի» արտահայտությամբ: Հիմա նույնպես քաղաքապետարանի և առհասարակ, իշխանության ցանկացած հատվածի որոշում, գործողություն պետք է ընկալել, որպես Սերժ Սարգսյանի կողմից անմիջականորեն հրահանգավորված:

Այս օրերին սկսված «վճարում ենք 100 դրամ ակցիային» միացել են այնպիսի հանրային դեմքեր և ԶԼՄներ, որոնք հայտնի են իրենց մերձիշխանական դիրքորոշմամբ։ Ինչո՞վ եք սա բացատրում։

Նպատակը մեկն է. վերահսկել բողոքի միջոցառումները՝ ժողովրդավարություն կոչվող թատրոն խաղալ, բողոքների հարվածների ուղղությունները հնարավորինս շեղել իրական պատասխանատու Սերժ Սարգսյանից, հասարակության շրջանում որոշակի հարգանք ձեռք բերել` հետագայում ընդդիմադիր դաշտում ականային գործունեություն ծավալելու նպատակով:

Այդ նույն շրջանակները թիրախը դարձնում են գծատերերին։ Արդյոք ճի՞շտ թիրախ է ընտրված։

Նույն հաջողությամբ կարելի է թիրախավորել նաև վարորդներին, ինչը անթույլատրելի է: Իհարկե գծատերերից շատերը Սերժ Սարգսյանի սպասարկուներն են և հանցագործ տարրեր են, բայց գծատերը այստեղ զրո է: Նա ոչ մի որոշում չի կայացնում, նա ուղղակի Հայաստանի թալանը կազմակերպելու գործում ևս մեկ գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին: Պայքարի արդյունավետության և այսուհետև թե՛ թանկացումները, թե՛ մնացած այլ անարդարություններն ու ապօրինությունները բացառելու համար հարկավոր է թիրախավորել և հեռացնել երկրի թիվ մեկ հանցագործին՝ Սերժ Սարգսյանին:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը