Լրահոս

22.07.2013 09:50


Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Ֆեյսբուքի օգտատեր Մարինա Սարգիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հարգելի՛ քաղաքապետ, ես՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիս, դիմում եմ Ձեզ հետևյալ ՊԱՀԱՆՋով՝ քաղաքային տրանսպորտի գինը դարձնել 100 դրամ:
Պահանջիս հիմնավորումներն են՝
1.Քաղաքային տրանսպորտի թերի աշխատանքը, մասնավորապես՝ հին երթուղային գազելներում մարդկանց թյուլատրելի քանակից մի քանի անգամ ավել մարդկանց տեղափոխումը (եթե ըստ Ձեզ այդ իրավիճակը թանկացման պատճառով փոխվելու է, ապա շտապեմ հիասթափեցնել՝ սխալվում եք), մշտական ուշացումներն ու չկանոնակարգված աշխատանքը, վարորդների անտակտությունը՝ ծխելն ու արևելյան ելևէջներով մեզ անհանգստություն պատճառելը, երթուղայինների անհարմարությունը՝ օդափոխության համակարգի իսպառ բացակայությունը, դռների անսարքությունը, նստատեղերի անհարմարությունը, ինչպես նաև վարորդների բեռնափոխադրում հիշեցնող վարելու ձևը:

2.Հանրային կարծիքը հաշվի չառնելը: Որոշումներ ընդունելուց առաջ անց են կացվում սոցհարցումներ, քննարկում Հանրային խորհրդում, հաշվի պետք է առնվի նվազագույն աշխատավարձի չափը, վերջինին անդրադառնամ ավելի մանրամասն. եթե մարդ ամսական ստանում է 40000 դրամ (հանած հարկերը) և ամեն օր աշխատանքի գնալու համար ծախսում է 300-450 դրամ, ստացվում է, որ աշխատավարձի մոտավորապես 30%-ը նա ծախսում է տրանսպորտի վրա, հետաքրքիր է՝ ձեզնից որևէ մեկը կարո՞ղ է ամիսը 28000-30000 դրամով ապրել:

3.Թանկացման և նոր սակագնի անտրամաբանական լինելը: Մենք հաճույք չենք ստանում արեն հնամաշ երթուղայիներից օգտվելուց: Դուք թանկացումը բացատրում եք պահեստամասերի անհրաժեշտությամբ. չեմ կարծում, որ մասնավոր ընկերությունները շատ մտահոգված էին այդ խնդրով, իսկ նոր նվեր ստացած չինական ավտոբուսները հաստատ պահեստամասերի կարիք չունեն (ունենան էլ՝ Չինաստանից մարդասիրական օգնություն խնդրեք), վերոնշյալ ավտոբուսները աշխատում են դիզվառելիքով, ուստի թանկացման պատճառ գազի նոր սակագինը հանդիսանալ չի կարող:

Առաջարկ.
Նոսրացրե՛ք քաղաքային տրանսպորտի ցանցը հին երթուղայինների հաշվին՝ դրանց պահեստամասերն օգտագործելով բարվոք վիճակում գտնվողները թարմացնելու նպատակով, վերջինով կնպաստեք մթնոլորտի քիչ աղտոտմանը, մշակե՛ք երթևեկության ժամացուցակ, ընդլայնե՛ք ամեն գծի ճանապարհը, որպես խոշոր կազմակերպություն՝ պայմանագիր կնքե՛ք պահեստամաս արտադրող ընկերությունների հետ՝ պահեստամասերը ինքնարժեքից չնչին տարբերվող գումարով գնելու նպատակով, հայտարարե՛ք մրցույթ. հաղթած խոշոր գազօգտագործող ընկերությունը մեծաքանակ գնումների դեպքում օգտվում է գազի համեմատաբար ցածր գնից, որպես պետական հովանավորություն ազատեք կամ մասամբ ազատեք հարկերից և վարկերի բարձր տոկոսներից, երթուղու սպասարկման գումարը (16.500 AMD) նվազեցրե՛ք: Հաստատ հնարավոր է մի բան ձեռնարկել թանկացումից խուսափելու համար:
Լրացում.
2008 թվականից դիզելային վառելիքի գինը 370 դրամից դարձել է 470 դրամ, շաքարավազի, ալյուրի գինը աճել է շուրջ 2 անգամ, մարդու գոյության համար պարտադիր բնամթերքի գինն աճել է 10-50%-ով, էլ չեմ նշում գազը, ջուրն ու էլ.էներգիան, ինչքանո՞վ է իրատեսական մարդկանց աշխատավարձերի ստաբիլությունը, նամանավանդ հասարակ պետական ծառայողների խղճուկ աշխատավարձերը, ու այս ամեն ինչին զուգահեռ գնաճը շարունակական բնույթ է կրում, ես 17 տարեկան եմ ու սկսում եմ պետությունիցս հիասթափվել, փնտրել արտագաղթի ճանապարհներ, չնայած այն հանգամանքին, որ անչափ սիրում եմ հայրենիքս, ու չնայած այն համգամանքին, որ ինչքան ուզեիք, էնքան էլ կխփեիք:

Հ.Գ. Նամակիս վայելուչ պատասխան չստանալու դեպքում խոստանում եմ՝ հաջորդը կլինի շատ ավելի կոպիտ ու սարկազմով լի, իսկ մինչ այդ հայտարարում եմ բոյկոտ վերը նշված պատճառների հիմնավորմամբ, վճարելու եմ հին սակագինը, օրենքը չվերանայելու դեպքում բոյկոտը փոխելու է իր բովանդակությունը:

ՀՀ քաղաքացի Մարինա Սարգիսյանից»:

Այս խորագրի վերջին նյութերը