Լրահոս

20.07.2013 14:30


Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարի կողմից բռնության ենթարկված սարկավագի դիմումին ոստիկանները չեն արձագանքել

Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարի կողմից բռնության ենթարկված սարկավագի դիմումին ոստիկանները չեն արձագանքել

Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել միջադեպ: «Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը:

Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով՝ իրենք դիմել են միջադեպից հետո այնտեղ գտնվող ոստիկաններին, սական վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը