Լրահոս

18.07.2013 14:50


Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանն ադեկվատությունից հիմա դուրս է, և դա հանգեցնելու է մեծ բունտի ու պատերազմի»

Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանն ադեկվատությունից հիմա դուրս է, և դա հանգեցնելու է մեծ բունտի ու պատերազմի»

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

–ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարն այսօր պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 20–ից երթուղային տրանսպորտի ուղեվարձը կդառնա 150 դրամ։ Ի՞նչ գնահատական կտաք այս որոշմանը։

–Խայտառակությո՛ւն է, ուրիշ ինչպե՞ս կարելի է գնահատել։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանին այժմ մի քանի բան է խիստ անհրաժեշտ։ Պետք է փակել բոլոր օֆշորները, այնտեղից բոլոր փողերը տեղափոխել Հայաստան, պետության վերցրած բոլոր վարկերը ստուգել, տեսնել՝ ի՞նչ է կատարվել, ո՞վ ու ինչքա՞ն է տվել, թալանվե՞լ են այդ վարկերը, մսխվե՞լ են, թե՞ նպատակին օգտագործվում են։ Նաև պետք է երկրում խթանվի արդյունաբերությունը, որպեսզի բյուջեի մուտքերն ավելացվեն։ Պետք է ստուգել, թե ընդհանարպես ի՞նչ է կատարվում բյուջեի հետ։ Այսինքն՝ պետք է կիրառվեր կառավարական վարչարարություն, որպեսզի այս թանկացումները ժողովրդի վրա չդնելու միջոցներ գտնվեին։

–Դուք առաջարկում եք կտրել այն ճյուղը, որի վրա նստա՞ծ են։

–Այո՛։ Հայաստանում կառավարական և նախագահական վարչարարություն ընդհանրապես գոյություն չունի։ Հայաստանում հիմա հետևյալն է՝ ամեն ինչում մեղավոր են ռուսները, իսկ եթե մեղավոր են բոլորը, ապա՝ բացի Սերժ Սարգսյանից և Տիգրան Սարգսյանից։ Այս թանկացումները ռեալ իրավիճակի արդյունքն են։ Մեր տնտեսությունն իսկապես ծանրագույն իրավիճակում է, և սրան էլ գումարվում է սուբյեկտիվ վարչարարության իսպառ բացակայությունը։ Ամեն ինչ դրվում է քաղաքացու մեջքին։ Մի ժամանակ գյուղի քյոխվեք էին լինում, որ ինչ հարց լիներ, դնում էին գյուղացու մեջքին։ Կառավարության ներկայիս գործունեությունը թալանե՛լ–թալանե՛լ–թալանե՛լն է։ Ժողովրդի՛ն թալանել, պետության բյուջե՛ն թալանել, ամե՛ն ինչ թալանել։ Թալանե՛լ ու ոչ մի բանի համար պատասխան չտա՛լ։

–Իսկ կոնկրետ երթուղայինների թանկացման պարագայում հնարավո՞ր չէր, օրինակ, գծատերերի ախորժակը զսպեին, և ուղեվարձը բարձրացնելու փոխարեն կրճատեին ամեն օր վարորդներից գանձվող «գծի փողը»։

–Իշխանությունը կարող էր նաև սուբսիդավորել, կամ էլ գների հետ մեկտեղ պիտի բարձրացնեին քաղաքացիների աշխատավարձը, նպաստները, թոշակները։ Բայց կա նաև 3–րդ ճանապարհը, որն ընտրել է մեր կառավարությունը՝ ամեն ինչ դնել ժողովրդի ուսերին։ Սա վայրի թալանչի լիբերալիզմ է՝ ոչ մի բանի համար մենք պատասխանատու չենք, շուկա՛ է, գազի գինը բարձարցրել են, հետևաբար ուղեվարձը բարձրացել է։ Եթե տնտեսական վարչարությունն անեին, ձեր ասած ներքին կանոնակարգման վարչարարությունը (գծատերերին կանչեին, ասեին՝ չպիտի՛ բարձրանա), կարիքն այլևս չէր լինի։ Կրկնում եմ՝ Հայաստանի տնտեսությունն ահավոր վիճակում է, և եթե հիմա լուծումներ չգտնենք, տնտեսությունը մեռնելու է մինչև վերջ։

–Վերջին օրերին գլուխ բարձրացրած հակառուսական հիստերիան ինչո՞վ եք բացատրում։

–3 հանգամանքով։ Առաջինը ռուսական և հայկական քաղաքական էլիտաների անհասկանալի դրսևորումներն են։ Ժամանակին ռուսական էլիտան հիմարաբար պաշտպանել է էստեղի մի էլիտայի, որը որևէ գաղափարական հենք չունի, որին ով փող տա, այն կողմն էլ թեքվելու է, և հիմա կրակն է ընկել դրա ձեռքը։ Բայց դրա հետ միասին հարվածները հասնում են նաև ժողովրդին ու պետականությանը։ Եկրորդը Բաղրամյան 26–ն է, որն իր ներքին հարցերից շեղելու համար հակա ինչ–որ բան է գտնում։

–Արաքին թշնամու կերպար է ձևավորում։

–Այո՛, և հիմա քանի որ Ռուսաստանը մի քիչ շատ կկատաղի, Բաղրամյան 26–ը փորձելու է գտնել, օրինակ, հականիգերիական խնդիր։ Ոչ մեկը չի ասում, թե Ռուսաստանի հետ չկան խնդիրներ։ Ինձ համար ամենամտահոգիչը ոչ թե ասենք խալաթն է, այլ որ Ադրբեջանին սկսել են զենք վաճառել։ Բայց ամեն անգամ գտնել մի «հակա» և շեղել, չի՛ ստացվելու։ Միևնույն է, բոլորը սկսում են հասկանալ, որ այդ ամենը գալիս է ներքի՛ն կյանքից ու ներքի՛ն խնդիրներից։ Այդ կահառուսական, հակաեվրոպական խնդիրներն էլ մե՛ր իշխանության ներսում են։ Հենց ներսում լուծենք այդ հարցերը, դրսում էլ կկարգավորվի։

–Իսկ երրորդ հանգամա՞նքը որն էր։

–Արևմտյան որոշակի տարրերի այսպես ասած փափուկ միջամտությունը, որը նպատակ ունի Հայաստանն օգտագործելով՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։ Հիմնականում այդ ամենը սկսվում է «Ֆեյսբուք»–ից, և հիմնականում նույն դեմքերն են, որոնց միանում է Բաղրամյան 26–ը, և դառնում է մի ամբողջություն։ Բայց դա ի վերջո դառնում է տրագիկոմեդիա։ Ինչո՞ւ են այդքան մեծ քանակությամբ հայեր Ռուսաստանում։ Եթե չթալանեին, գները չբարձրացնեին, մարդիկ չէին արտագաղթի չէ՞։

–Սերժ Սարգսյանն ադեկվատ գնահատո՞ւմ է Հայաստանում առկա ներկա իրավիճակը և թե ինչի այն կարող է հանգեցնել։

–Սերժ Սարգսյանը ոչ մի բան էլ ադեկվատ չի գնահատում։ Սերժ Սարգսյանն ադեկվատությունից հիմա դուրս է՝ բոլո՛ր հարցերում անխտիր։ Եթե առաջ վիրտուալ կյանքի մեջ էր, հիմա ոչ ադեկվատ կյանքի մեջ է։ Նա հենց հիմա ոչ մի հարցի ադեկվատ գնահատական չի կարողանում տալ։ Եվ այս ամենը միանշանակ հանգեցնելու է մեծ բունտի։ Դա նույնիսկ հեղափոխություն էլ չէ։ Դա անհասկանալի մի հայկական ձև է ունենալու։ Ինչքան էլ ասում են՝ արտագաղթում են, բայց էստեղ մնացողները սոցիալական առումով դառնում են է՛լ ավելի «արյունարբու». ավելի ճնշված են դառնում, չեն կարողանում իրենք էլ գնալ, ավելի վատ պայմաններում են սկսում ապրել, փողի քանակը գնալով պակասում է, որովհետև գնացողները կամաց–կամաց սկսում են չուղարկել։ Այսինքն՝ սոցիալական բունտը վերջում Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի գլխին է ջարդվելու։ Բայց շատ ավելի ցավալի մի բան կա՝ այս անադեկվատությունը կարող է հանգեցնել նաև պատերազմի։ Արտաքին աշխարհը օգտվելով մեր անգլուխ քաղաքականությունից, որ որևէ մեկի հետ չունենք եղբայրական հարաբերություններ (ռազմավարական հարաբերությունները հիմա, ցավոք, միայն թղթի վրա են)՝ պարզ է՝ եզարկացություններ է անում։ Ադրբեջանը վերջին 3 տարվա մեջ 20 անգամ ավելացրել է իր ռազմական գնումները։ Այդ ոչ ադեկվատության հետևանքով այնքան ենք թուլացել, դիմադրողականությունն այնքան է ընկել, ռազմավարական գործընկերների հետ փոխահարաբերությունները վատթարացել, որ Ադրբեջանը կարող է մտածել՝ ժամանակը եկել է։ Շատ ցավալի բան եմ ասում։

–Ելք տեսնո՞ւմ եք, թե այլևս անդառնալի է իրավիճակը։

–Հիմա Հայաստանում օդ ու ջրի խնդիր է իշխանություններին փոխելը և ադեկվա՛տ մարդկանց գալը։ Ոչ ոք չի ասում՝ լինեն հակաեվրոպա, հակառուս, նույնիսկ ոչ էլ՝ հակաթուրք։ Պետք է լինեն ադեկվատ, մասնագիտական կարողություններով մարդիկ, ովքեր կկարողանան այս վիճակից երկիրը դուրս բերել և մի նոր, ստաբիլ վիճակի հանգեցնել, որտեղից ժողովուրդը չի փախչի, արտաքին աշխարհի գործընկերների հարաբերությունների մեջ հստակություն կմտցվի և այլն։ Այլ ճանապարհ չկա, չի էլ լինելու։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը