Մեկնաբանություն

18.07.2013 12:50


Ինչո՞ւ է Բաղրամյան 26–ը խրախուսում հակառուսական տրամադրությունները

Ինչո՞ւ է Բաղրամյան 26–ը խրախուսում հակառուսական տրամադրությունները

Ռուսաստանում ողբերգական պատմության մեջ հայտնված Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՌԴ իրավապահների ու լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչների պահվածքն արդարացի վրդովմունք է առաջացրել Հայաստանում։ Մարդիկ պահանջում են ՀՀ քաղաքացու իրավունքների ու արժանապատվության պաշտպանություն, ինչպես նաև արդար դատավարություն։

Նկատենք, սակայն, որ եթե ոմանց վրդովմունքն ու բողոքի ցանկությունն ազնիվ է և ինքնաբուխ, ապա նախագահական նստավայրին կից գործող «հայրենասերների» և ֆեյսբուքյան առնետների ակտիվացումն ուղղորդվում է նախագահական նստավայրից։ Վերջիններս, օրինակ, ծպտուն չեն հանում Սյունիքի նախկին մարզպետի տան բակում վիրավորված զինվորական Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներկայացնելու սերժսարգսյանական արդարադատության կապակցությամբ, չեն բողոքում կեղծված ընտրությունների կապակցությամբ, կույր ու համր են դարձել Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունների թեմայի շրջանակներում, ձկան պես լուռ են մնում մեր բանակում տիրող ապօրինությունների ժամանակ, բայց ահա կանացի խալաթով դատարան բերված նախկին ազատամարտիկի մասին պատմող ռեպորտաժը խոցել է սրտները։

Պատվերով «հայրենասերների» կեղծ պաթոսն ու հիստերիկ պահվածքն այնքան ակնհայտ է, որ կասկածի տեղ չի թողնում. կա կոնկրետ առաջադրանք։

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը՝ հակառուսական հիստերիան խրախուսելով։ Այս հարցի պատասխանը գտնելը դժվար չէ։

Հայաստանում այլևս մարդ չի մնացել, որ չհասկանա, որ ՀՀԿ ղեկավարը բացառապես սեփական շահերով է առաջնորդվում, իսկ այդ շահերը մշտապես խորը հակասության մեջ են մեր պետության ու հանրային շահի հետ։

Երբ 2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը որոշեց ներքին լեգիտիմության բացակայությունը լրացնել արտաքին լեգիտիմությամբ՝ նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտություն, որը կարող էր ամրացնել իր աթոռը, բայց թուլացնել ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգությունը։ Սարգսյանը, բնականաբար, գերադասեց սեփական շահը։

Այն օրերին Բաղրամյան 26–ը ինքնամոռաց կերպով քարոզում էր պրոթուրքականություն և հակառուսականություն։ Բանը նույնիսկ հասել էր այնտեղ, որ Հ1–ին արգելված էր Թուրքիայի դեմ որևէ թթու խոսք ասել։ Եվ դա այն դեպքում, երբ «ֆուտբոլի» մեկնարկին զուգահեռ պաշտոնական Անկարան անընդհատ խոսում էր նախապայմանների լեզվով և հայտարարում, որ մինչև Ղարաբաղի հարցում Հայաստանի կողմից զիջում չլինի, իրենք ոչ մի սահման էլ չեն բացի։ Սերժ Սարգսյանին, սակայն, դա չէր հետաքրքրում։ Նրան դուր էր գալիս միջազգային լրահոսում հայտնվելն ու նախագահի աթոռին մնալու հեռանկարը։

Ինչ վերաբերում է հայ–թուրքական «մերձեցման» փուլում իրականացվող հակառուսական քարոզին, ապա Սարգսյանն այդպիսով ուզում էր իբր առաջադեմ երևալ ու զուգահեռաբար առևտրային առաջարկ անել Արևմուտքին «Ես ռուսների դեմ աշխատեմ, իսկ դուք ինձ փող տվեք և օգնեք սահմանը բացեմ» թեմայով։ Ոչինչ, որ այդպիսով փլուզվելու էր մեր անվտանգության համակարգը, և առևտրի առարկա էր դառնալու Ղարաբաղը, կամ որ նույնն է՝ Հայաստանը։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը, սակայն, ի ուրախություն մեզ և ի տխրություն այն նախաձեռնողների ու դրանից օտգվել ցանկացողների, այլ զարգացում ստացավ։ Էրդողանի ու Ալիևի ագահության պատճառով գործարքը չկայացավ, և վատթարագույն սցենարից խուսափելու համար Սերժ Սարգսյանը ստիպված եղավ նետվել ՌԴ–ի գիրկը։

Պուտինը Ստամբուլում հայտարարեց, որ հայ–թուրքական գործընթացը չի կարելի կապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։ Ռուսները զսպեցին թուրքերի ախորժակը, բայց Սերժ Սարգսյանի հակառուսական քարոզչության նստվածքը մնացել էր՝ պատճառ դառնալով անվստահության առաջացմանը։ Սարգսյանի «արևմտամետության» դիմաց Հայաստանը ստիպված եղավ վճարել ՌԴ ռազմաբազաների ներկայությունը 49 տարով երկարաձգելու պայմանագրով։

Ասել է թե՝ «ֆուտբոլի» շնորհիվ Հայաստանը չմոտեցավ Արևմուտքին, բայց հեռացավ Ռուսաստանից՝ արդյունքում մնալով մենակ։ Հետևություններ, սակայն, չարվեցին։

Այժմ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում «ֆուտբոլային» դիվանագիտության երկրորդ արարն է բեմադրվում։ Հարցն այն չէ, որ պետք է չինտեգրվել Եվրոպային։ Ճիշտ հակառակը՝ Հայաստանը պետք է արդիականացնել արևմտյան արժեհամակարգով և մոտենալ քաղաքակրթական առումով ամենահարազատ միավորին, բայց դա պետք է անել այնպես, որ չվնասվի մեր անվտանգության համակարգը, այսինքն՝ հատուկ հարաբերություններ պահպանվեն Ռուսաստանի հետ։

ԵՄ–ն անվտանգության համակարգ չի կարող առաջարկել, և մեր արևմտյան գործընկերները մշտապես ըմբռնումով են մոտեցել ՌԴ–ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության առկայությանը։

Սարգսյանի սխալն այն է, որ նա, փսորելով հայ–ռուսական հարաբերությունները, խախտեց հավասարակշռությունը և հանուն անձնական շահերի սկսեց կրակի հետ խաղալ։ Արևմուտքում անմիջապես նկատեցին նրա առևտրային հակումներն ու թուլությունը և անցան գործի։

Արևմուտքին պետք է ռուսական գազի այլընտրանքի առկայություն՝ Ադրբեջանից և կենտրոնական Ասիայից եկող գազատարի տեսքով։ Դրա դիմաց Ալիևը Արևմուտքից միշտ պահանջել է Ղարաբաղը, իսկ վերջին շրջանում՝ նաև Հայաստանը։ Բնականաբար, ՌԴ–ին ձեռնտու չէր Արևմուտք–Ադրբեջան գազային հնարավոր գործարքը՝ «Նաբուկոն», ինչը նշանակում էր, որ Ղարաբաղի հարցում, իր իսկ շահերից ելնելով, ՌԴ–ն կողմ էր ստատուս–քվոյի պահպանմանը և Հայաստանի դիրքերի ուժեղացմանը։ Ստատուս–քվոն ձեռնտու էր նաև հայերիս, մինչև որ կարողանայինք «սառը» պատերազմի ժամանակահատվածն օգտագործել զարգանալու և մեր ձեռքի տակ եղածը պահելու համար։ Այսինքն, ստատուս–քվոն այն միջանկյալ լուծումն էր, որը հակամարտող կողմերը պետք է օգտագործեին սեփական շահերից բխող նոր լուծման հանգեցնելու համար։ Վերջնական հաղթանակի կհասներ այն պետությունը, որը ավելի հզոր կլիներ ոչ թե չափերով կամ զենքի քանակով, այլ պետական ու քաղաքացիական ինստիտուտների զարգացածությամբ և տնտեսության մրցունակությամբ։

Պարզ էր, որ պետության արդիականացման համար Ռուսաստանը կրկնօրինակման մոդել չէր կարող լինել մեզ համար, և հասկանալի էր, որ մենք պետք է ընտրեիքն եվրոպական մոդելը։ Բայց անվտանգության ապահովման հարցում ստիպված էինք հաշվի նստել ՌԴ–ի շահերի հետ ու համադրել դրանք մեր պետությունների շահերի հետ։

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը չեն կարող հաշվի չառնել ռուսական գործոնը։ Վրաստանն ու Ադրբեջանը հաշվի չառան ու տուժեցին։ Հայաստանն ընտրեց հավասարակշռված քաղաքականության տարբերակը և սեփական անվտանգությունը կառուցեց կոմպլեմենտարիզմի մոդելով, ինչը միակ ճիշտ լուծումն էր։

Սերժ Սարգսյանն, ահա, քանդեց այն անվտանգության համակարգը, որը կար մինչև հիմա, բայց փոխարենը ոչինչ չկառուցեց, քանզի Արևմուտքը նման ծրագրեր չի կարող իրականացնել։ Ռուսները, պատկերավոր ասած, ինչքան էլ սատկած լինեն, մի իշաբեռ են։ Սահակաշվիլին դա չհասկացավ, ու Վրաստանն անդառնալիորեն կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան։

Համոզված և մինչև վերջին բջիջն արևմտամետ Սահակաշվիլուն Արևմուտքը չօգնեց ու չէր էլ կարող օգնել, քանզի Հարավային Կովկասը ՌԴ–ի կենսական շահերի տարածք է համարվում, և Արևմուտքում դա հասկանում ու ընդունում են։ Էքսցենտրիկ Միխոն միայն ռուսական տանկերի գրոհի պահին Արևմուտքի ու ՆԱՏՕ–ի օգնության մասով պատրանքազերծ եղավ, բայց արդեն ուշ էր։

Ուշագրավն այն է, որ Վրաստանում և Ադրբեջանում համապատասխան եզրահանգումների են եկել ու այժմ փորձում են ՌԴ–ի հետ լեզու գտնել, իսկ Հայաստանը գնում է սահակաշվիլիական արկածախնդրության ճանապարհով, ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով։ Ի՞նչ է սա, եթե ոչ ազգային ու պետական դավաճանություն Սերժ Սարգսյանի կատարմամբ։

Ռուսաստանում Սարգսյանի խաղերը ֆիքսել են ու սկսել են մտրակ կիրառել։

ՌԴ–ն Լավրովի շուրթերով վերջերս հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում ստատուս–քվոն անընդունելի է։ Նախկինում Կրեմլը նման կտրուկ հայտարարություններ չէր անում, իսկ եթե նմանատիպ մի բան ասվում էր, ապա դա ձևական բնույթ էր կրում։ Իսկ հիմա իրավիճակ է փոխվել։ Ռուսները, տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները սեփական երկրի անվտանգության հաշվին հակառուսական գործարքի են գնում (այդ գործարքում Հայաստանի շահը զրո է, իսկ Սերժ Սարգսյանի անձնական շահի չափը միայն «հերձումը» ցույց կտա), հասկացրեցին, որ իրենք էլ կարող են գործարքի գնալ ու հարձակողական զենքով հզորացնել ադրբեջանական բանակը։

Եթե հայաստանյան իշխանությունները դադարեցնում են անվտանգության հարցում իրենց ֆունկցիան կատարել, ապա զարմանալ պետք չէ, որ ՀԱՊԿ–ի շրջանակներում մեր գլխավոր դաշնակից հռչակված Ռուսաստանը բացահայտ ադրբեջանամետ քայլերի է գնում՝ զուգահեռաբար գազային ու այլ տիպի ճնշումների ենթարկելով մեզ։

Ռուսներն իրենց շահն են հետապնդում։ Նրանք հիմա տեսնում են, որ Հայաստանի իշխանությունը հանձնել է սեփական պետությունը և առևտրի առարկա դարձրել այն։ Տեսնում են և շտապում արժեզրկվող ապրանքի վաճառքի մեջ փայ մտնել ու բաց չթողնել Ադրբեջանից նավթագազային պայմանագիր պոկելու պահը։ Պատահական չէ, որ Պուտինը մեկնում է Բաքու՝ նավթագազային գործարք կնքելու, այլ ոչ թե գալիս է Հայաստան։

Սարգսյանը, շատ լավ հասկանալով, որ անդառնալիորեն կորցրել է ռուսական աջակցությունը անվտանգության հարցերում և Հայաստանը դրել հարվածի տակ, որոշել է Արևմուտքի (ներառյալ՝ Թուրքիայի) հետ իր անձնական շահերից բխող գործարքի մասնակից դարձնել ողջ հանրությանը և հակառուսական տրամադրություններ խրախուսելով՝ շեղել հանրային ուշադրությունը Բաղրամյան 26–ի հանցավոր «նախաձեռնողականությունից» և դիվանագիտական ձախողումները բարդել «հանրային տրամադրությունների» վրա։

Ահա՛ այն հիմնական պատճառը, որը ստիպում է վերջին հանգրվանի հասած իշխանությանը հակառուսականության միջոցով «հայրենասեր» երևալ և պաշտոնական Մոսկվայի՝ դեպի Ադրբեջան թեքվելու հարցում սեփական մեղքի հսկայական բաժինը թաքցնել։ Հակառուսական հիստերիան հովանավորելով՝ ՀՀ իշխանություններն ուզում են ցույց տալ, թե իբր իրենք հայ–ռուսական հարաբերությունները վատացնելով՝ հետևում են հանրային կարծիքին։

Ազատամարտիկ Հրաչյայի խալաթն, ըստ այդմ, առիթ էր ազատամարտիկների ձեռք բերածի հաշվին առևտուր անող այս իշխանության համար։ Առիթ էր հակառուսականությամբ Արևմուտքից փող աշխատելը որպես հանրային պահանջ ներկայացնելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը