Մեկնաբանություն

17.07.2013 16:30


Երեք եղբայր

Երեք եղբայր

Հայաստանը մի երկիր է, որտեղ հանրային վերահսկողություն ասվածը նոնսենս է:

Ճիշտ է, շատերն են օրուգիշեր ճամարտակում հանրային վերահսկողության անհնաժեշտության մասին, եւ այդ «գործառույթն» իրականացնելու նպատակով կազմակերպություններ են գրանցել, իրականում, սակայն, բացի հանրային վերահսկողություն իրականացնելու «առաքելությունից»՝ նրանք զբաղված են ամեն ինչով:

Անտեր մնա՝ մեզանում էլ այսպես է ձեւավորվում քաղաքացիական հասարակությունը, ինչը «ձեւավորող» գրասենյակները գործում են «կույր աչոք, կույր մտոք» սկզբունքով:

Արդեն քանի օր է՝ արձանագրվել է մի փաստ, ինչի վրա ուշադրություն դարձնող չկա:

Պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամը 2012 թվականին 500 մլն դրամ է փոխանցել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Փյունիկ» հիմնադրամին:

Ի դեպ, այս երկու հիմնադրամներն էլ հանրության համար «մութ աշխարհ» են: Այսինքն՝ գործնականում անհնար է որեւէ տեղեկատվություն ստանալ այս հիմնադրամների գործունեության, հավաքագրված գումարների ու ծախսերի մասին:

Երեւի նման տեղեկատվությունը «պետական գաղտնիք» է համարվում, թեեւ «Երեւան» հիմնադրամի միջոցները գոյանում են մեր՝ հարկատուներիս հաշվին:

Ինչեւէ, «Երեւանը» 500 մլնով հարստացրել է Լեւոն Սարգսյանին կամ նրա հիմնադրամին:

Պարզել, թե Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամը ինչպես է տնօրինում հավաքված գումարները, հավանաբար, դրա համար պետք է մի 2000 տարի փյունիկի պես մեռնել ու հառնել: Թեպետ դարձյալ անհնար կլինի պարզել, թե Լեւոն Սարգսյանի սիրտը որքան քնքուշ է, ինչպիսի բարեգործություններ է անում: Դա անհնար է՝ թեկուզ լինես Ռամզեսը:

Այնուհանդերձ, կարելի ենթադրել, թե Լեւոն Սարգսյանը իր հիմնադրամի գումարները ինչի վրա է ծախսում:

Չնայած «Փյունիկի» հաշվետվության մեջ նշված է իրականացված ծրագրերի ցանկը, ինչից կարելի է եզրակացնել, որ Լեւոն Սարգսյանը մեծ բարեգործ է, սակայն այն, ինչ նշված է (ուսման վարձեր՝ անապահով ընտանիքների ուսանողների համար, ֆինանսական աջակցություն, շինարարական, կառուցապատման, վերանորոգման ու շենքերի լուսավորության աշխատանքների կատարում, տպագրական աշխատանքներ և համերգների կազմակերպում. ձեռագրերի ձեռքբերման ծրագրերի ֆինանսավորում, փառատոնների կազմակերպում եւ այլն), իրականում մենք այդ ամենը չենք տեսել:

Ուշադրություն դարձրեք «շինարարական, կառուցապատման, վերանորոգման ու շենքերի լուսավորության աշխատանքների կատարում» տողի վրա:

Ի՞նչ է ստացվում: Երեւանի քաղաքապետարանի հիմնադրամը 500 մլն է փոխանցում Լեւոն Սարգսյանին, որ նա իր հիմնադրամի «միջոցներով» կատարի վերոնշյալ աշխատանքները, որոնք նույն քաղաքապետարանի գործառույթների մե՞ջ է մտնում:

Կա՞ ավելի անհեթեթ բան, քան սա է:

Ուրեմն՝ քաղաքապետարանը ունի հիմնադրամ, ունի ենթակա կառույցներ, որոնք պետք է իրականացնեն նշված աշխատանքները, եւ փոխանակ «Երեւան» հիմնադրամը օժանդակի քաղաքապետարանի ենթակա ընկերություններին, 500 մլն–ը փոխանցում է «Փյունիկին», որպեսզի վերջինս իրականացնի շինարարական, կառուցապատման, շենքերի լուսավորության ու շենքերի վերանորոգման աշխատանքներ:

Եթե դուք այս գործելակերպը հասկանում եք, ապա ես, մեղմ ասած, դժվարանում եմ հասկանալ:

Վերջին տարիներին Լեւոն Սարգսյանի «ազգանվեր» գործունեության ընդամենը մի դրվագ կարելի է մտաբերել: «Փյունիկի» տերը դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր գործընկերներից մեկը:

Հայտնի չէ, թե դա ինչ է նշանակում, քանի որ երբեք չի նշվել կինոփառատոնին «Փյունիկի» ֆինանսական աջակցության չափը:

Լեւոն Սարգսյանին միայն տեսել ենք հանդիսավոր բացումների ու փակումների ժամանակ՝ դահլիճում նստած, որին ամեն անգամ մեծարել են:

Ահա այսպիսի բաներ:

Միլիոնները պտտվում են գրպանից գրպան, իսկ հանրությունն այդ մասին տեղյակ չէ:

Երեւի, Սերժ Սարգսյանը առաջիկայում կխոսի նաեւ հիմնադրամային «ատկատների» մասին:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք Սերժ Սարգսյանի մյուս եղբայր Ալեքսանդրը ունի՞ հիմնադրամ, թե՞ ոչ։ Այդ հարցի պատասխանը հատկապես պետք է Տարոն Մարգարյանին հետաքրքրի, քանզի սիրուն բան չի լինի ՀՀԿ նախագահի եղբայրներից մեկին կես միլիարդ փող փոխանցել, իսկ մյուսին՝ ոչ։ Թեև Երևանի քաղաքապետը ներսի մարդ է և ամենայն հավանականությամբ գիտի, որ Ալեքսանդր Սարգսյանը, ըստ տարածված լուրերի, սիրում է տարատեսակ բիզնեսների մեջ փայ մտնել, հետևաբար՝ հիմնադրամների ու դրանց փոխանցվելիք գումարների կարիքը չունի։

Այս խորագրի վերջին նյութերը