Լրահոս

17.07.2013 15:25


«Գարեգինի հետևը դրամն ու հարստությունն է...». բարեկամը՝ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին

«Գարեգինի հետևը դրամն ու հարստությունն է...». բարեկամը՝ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին

Ցավ եմ զգում, որ Գարեգին կաթողիկոսը իր այս աղճատիչ աշխատանքը նախ սկսեց Մոսկվայից, ապա Ժնև, հետո Նիս, Լոնդոն,Կանադա, քմահաճույք է դարձել կարծես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մի ինչ-որ սեփական կառույց է, և ինչ կուզենա՝ կարող է անել:

Խոսելով այսօր եկեղեցում ստեղծված իրավիճակի մասին՝ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը: Նրան 2000 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պաշտոնանկ է արել և նրա փոխարեն նշանակել իր եղբորը` Եզրաս Ներսիսյանին:

Տիրան սրբազանը նշել է, որ ճիշտ նույն ձևով էլ, երբ Գարեգին Բ-ն վերջերս մեկնել է Փարիզ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան սրբազանին Հայաստանի պետական բարձրաստիճան այրերի ներկայությամբ անպատվել է և ասել, որ եթե նա չկարողանա ճնշում բանեցնել ֆրանսիական իշխանության վրա, որ Նիսի նախկին հոգևոր հովիվ Վաչե քահանային արդարացնեն, ապա սրբազանը Էջմիածնից դուրս կմնա:

«Վաչե քահանան Նիսի հայ համայնքի ամբողջ խնդիրների կենտրոնն է, նրա պատճառով այս խնդիրները ծագեցին, և փոխանակ պատժելու քահանային, նա խստիվ կերպով անպատվում է, նսեմացնում է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Ես պատիվ եմ ունեցել ծանոթանալ Նորվան արքեպիսկոպոս սրբազանի հետ 1971 թվականին, ես սարկավագ էի, ուսանում էի Փարիզում, նա էլ վարդապետ էր: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն, համեստ է, խոնարհ, ծառայող և մեծ վաստակ ունի ֆրանսիահայ գաղութի մեջ՝ եկեղեցական, մշակութային իր գործունեությամբ: Կա՞ արդյոք բացատրություն այս ամենին, և մինչև երբ պետք է լռեն մեր պետական կառույցները այս հարցում, որովհետև մենք կորցնում ենք մեր ժողովրդին»,- ասել է Տիրան սրբազանը:

Նա նշել է, որ ամբողջ հայոց պատմության ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին եղել է շաղկապող օղակը աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի համար, և ոչ մի ժամանակահատվածում եկեղեցին չի խառնվել քաղաքական գործունեությանը, և մայր եկեղեցու միակ նպատակն է եղել մեր ժողովրդին կապել մայր հայրենիքի, իրենց հայրենիքում գտնվող հարազատների հետ:

«Ահա առաջին անգամ պատմության մեջ Էջմիածինը Սփյուռքի հայության այդ ամբողջ թելերը կտրում է մայր հայրենիքի հետ: Սա շատ վտանգավոր մի կեցվածք է, որին պետք է գնահատական տրվի»,- ասել է արքեպիսկոպոսը:

Մեր այն հարցին, թե՝ իսկ եկեղեցականները չպե՞տք է այս հարցում իրենց գնահատականը ևս տան, Տիրան սրբազանն ասել է, որ բնականաբար, նրանք առաջինը պետք է արձագանքեն այս ամենին, սակայն չեն համարձակվում:

«Ես չեմ ուզում անուններ տալ, բարձրաստիճան հոգևորականները ինձ հետ խոսում են, ես նրանց ասում եմ, որ այս կեցվածքը ունեմ, որ դուք բոլորդ մեղավոր եք Գարեգին Ներսիսյանի այս գործունեության համար, որովհետև դուք Պիղատոսյան լռությամբ ձեռքներդ լվացել եք` միայն թե ինձ չկպչի, ինչ կուզի անի, և դա սկսվեց Տիրան սրբազանով: Ինչպես կարելի է, Կանադայում նստած բջջային հեռախոսով զանգում է ինձ և ասում է՝ կարգալույծ եմ անում»,- ասել է Տիրան սրբազանը:

Նա նաև հիշեցրել է, որ Գարեգին Բ-ն երբ նստել է Լուսավորչի աթոռին, ինքնագլուխ ցրել է եկեղեցական խորհուրդը, որը իր իրավասությունը չէր, և բերել է այն մարդկանց, ովքեր հլու -հնազանդ իր ասածները պետք է անեն:

«Այլևս պետք է գիտակցել, հասկանալ, որ մեղք է մեր ժողովուրդը , Հայաստանը հայաթափվում է, մենք չենք տեսնում, որ Էջմիածնի հոգևորականները նեցուկ կանգնեն ժողովրդին»,- նշել է արքեպիսկոպոսը:

Այնուհետև նա ասել է, որ երեկ առավոտյան ԱՄՆ-ում գործող հայկական հեռուստաընկերությամբ եկեղեցու մասին մի հաղորդմանը հարցազրույց է տվել, այնուհետև ուղիղ հեռարձակմամբ հեռուստակամուրջ է կազմակերպվել այնտեղի հայ բնակիչների և սրբազանի միջև, որի ժամանակ էլ նրան տեղեկացրել են, որ իրենք ստացել են մի նամակ, որում նշված է, որ Հայաստանում քահանաների միությունը կոչ է արել, որ դիմեն Կիլիկիո կաթողիկոսին, որ նա միջնորդի և պարտադրեն Գարեգին Բ-ին հրաժարական տալ:

«Ինը կետերից բաղկացած մի նամակ է, որը մի քիչ ցավալի է ինձ համար, չեմ ուզում մտածեմ, թե լուրջ մոտեցում է, որովհետև խոսակցական բաներ կան, բայց կան որոշ բաներ, որոնք իրականությանը համապատասխանում են»,- ասել է արքեպիսկոպոս Կյուրեղյանը:

Արքեպիսկոպոսից նաև հետաքրքրվել ենք, թե ինչ կարծիք ունի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավվածության մասին: Ի պատասխան սրբազանը նշել է, որ ամեն ինչ պետք է փաստացի լինի և կազմվի հանձնաժողով, պետք է դիմել եպիսկոպոսական ժողովին, որ այս հարցերը քննարկվեն, նա նշել է, որ ինքը չի կարող խոսել Նավասարդ սրբազանի գործունեության մասին, քանի որ դեռ հստակ ինֆորմացված չէ, բայց ցավ է ապրում, որ նման խնդիրների մեջ է հայտնվում եկեղեցականը:

«Եթե սա լուրջ մեղադրանք է, և այն հաստատվում է, անկախ նրանից, թե ով է՝ հոգևորական, գիտնական, ԱԺ պատգամավոր, թե Կառավարության անդամն է, պետք է համապատասխան պատիժ կրի: Եվ եթե դա հաստատվում է, պետության կողմից դիմվում է Էջմիածին՝ կաթողիկոսին, եպիսկոպոսական ժողովին, և վերցնում են համապատասխան միջոցներ՝ այս անգամ կրոնական ատյանի առաջ»,- ընդգծել է արքեպիսկոպոսը:

Սակայն արքեպիսկոպոսը կասկածում է, որ եպիսկոպոսական ժողովում կարող են բարձրաձայնվել նմանատիպ հարցերը, քանի որ նրա խոսքով՝ հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, բոլորը ենթակա են ճնշումների Հայաստանի պետական այրերի կողմից:

Ի հավելումն արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ ամերիկյան հայկական հեռուստաընկերության հաղորդման ժամանակ կատարած իր հայտարարություններից հետո նրան են զանգել իր վաղեմի ծանոթները, որոնց հետ վաղուց կապ չի ունեցել, և մտերմաբար խորհուրդ են տվել Ամենայն հայոց կաթողիկոսի մասին հակա բաներ չխոսել:

«Հաղորդումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում՝ ներսից և դրսից: Ներսից ինձ շատ մոտիկ բարեկամ է զանգում, որի հետ շատ վաղուց չէի խոսել, և ասում է` հաղորդումը լսել ենք և քեզ խորհուրդ կտանք, որ հեռու մնաս. Գարեգինի հետևը իշխանությունն է, Գարեգինի հետևը դրամն ու հարստությունն է, Գարեգինի հետևը մաֆիան է, դու ոչ ոք չունես և մի խառնվիր այդ ամենին: Կնշանակի՝ ինչ-որ մեկը նրա միջոցով էր դա փոխանցում՝ իմ ծանոթի միջոցով: Շատ վաղուց կապի մեջ չէինք, և հանկարծ հաղորդման երկրորդ օրը այս զանգը եկավ: Մի բարձրաստիճան հոգևորական էլ ԱՄՆ-ից զանգեց: Այնպես որ, եթե ինձ հանկարծ մի բան լինի, դուք իմացեք»,- ասել է Տիրան սրբազանը:

Լիլիթ Թադևոսյան

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը