Լրահոս

17.07.2013 13:23


Փաստաբան Լուսինե Սահակյան. «Վարդան Ղուկասյանը վստահ է, որ չի պատժվի»

Փաստաբան Լուսինե Սահակյան. «Վարդան Ղուկասյանը վստահ է, որ չի պատժվի»

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 16–ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա 2 տասնյակից ավելի կողմնակիցները ծեծել են Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին։ Նա Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրն է:

Ներկայացնում ենք «7օր»–ի հարցազրույցը Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ։

–Դուք դատական նսիտից հետո հաղորդում եք ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ։ Ի՞նչ ընթացք է ստացել այն։

–Երեկ եմ ներկայացրել հաղորդումը և դեռ տեղեկություններ չունեմ։

–Ի՞նչ հույսեր ունեք՝ քրեական գործ կհարուցվի՞։

–Եթե օրինական լուծում տան, միանշանա՛կ պետք է քրեական գործ հարուցվի։ Ես դատախազություն հաղորդում եմ ներկայացրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որովհետև դատարանի դահլիճում մեզ վիրավորել են։ Իսկ Քրեական օրենսգրքի համաձայն՝ դատավարության ընթացքում մարդկանց վիրավորելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Ինչ վերաբերում է բռնությանը, քանի որ Սամվել Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց, իմ տեղեկություններով՝ այդ հիմքով արդեն նյութեր նախապատրաստվում են։ Բայց թե ինչ ընթացք կունենա՝ տեղեկություններ չունեմ։ Կարգն այդպիսին է՝ եթե անձը վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց, անպայման նյութեր են սկսում նախապատրաստվել։

–Ձեր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ընդհանրապես այդպիսի դեպք եղե՞լ էր, որ դատարանի դահլիճում մի կողմը ծեծի ենթարկեր մյուս կողմին։

–Ո՛չ, երբեք չէր եղել։

–Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների այդ սանձարձակ պահվածքն ինչո՞վ եք պայմանավորում։

–Վստահ են, որ չեն պատժվի, դրա համար էլ այդպես են պահում իրենց։

–Բայց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում էր, թե Գյումրիում կլանները արյունահեղությամբ և զոռբայությամբ այլևս հարցեր չե՛ն լուծելու, կրիմինալը վերացել է, ավարտվել է զոռբայության դարաշրջանը, բոլոր զոռբաները և ուժով հարց լուծողները պատժվելու են և այլն։ Արժանահավատ համարո՞ւմ եք նրա այս պնդումները։

–Պատժվելու են, թե չէ, կյանքը ցույց կտա։ Իսկ որ կրիմինալը Գյումրիում չի վերացել, կարծում եմ՝ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Վլադիմիր Գասպարյանի այդ արտահայտությունն իհարկե իրականությանը չի համապատասխանում։ Ես ճիշտ հակառակն եմ տեսնում։ Այս ամենն անպատժելիության մթնոլորտից է գալիս։ Համենայնդեպս, Վարդան Ղուկասյանն այդպիսի ինքնավստահություն ունի։

–Ձեր կարծիքով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունն ինչո՞վ կավարտվի։

–Չեմ կարող ասել, դատավարության ընթացքը ցույց կտա։ Բայց նայելով դատական նիստի ընդհանուր ընթացքին՝ մեծ հույսեր չունեմ, որ նախագահող դատավորը կկարողանա օբկյեկտիվ դատական ակտ կայացնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը