Լրահոս

16.07.2013 17:17


Նոր բախումներ և զոհեր Եգիպտոսում

Նոր բախումներ և զոհեր Եգիպտոսում

Երեկ Կահիրեում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի և Եգիպտոսի նոր իշխանությունների միջև հանդիպումից հետո Եգիպտոսի բախումները նոր թափով են վերսկսվել: Ինչպես հաղորդել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, երեկ երեկոյան և գիշերը բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ, 261-ը վիրավորվել է: Նախարարությունը դեռ չի պարզաբանում՝ բոլոր զոհերը Մուրսիի կողմնակիցնե՞րն են, հակառակորդնե՞րը, թե՞ իրավապահներից:

Բախումները Կահիրեի կենտրոնում սկսվել են, երբ ցուցարարները փակել են Նեղոսի վրայով անցնող «Հոկտեմբերի 6»-ի կամուրջը: Ոստիկանությունը ուժով մաքրել է կամուրջը, այնուհետև արցունքաբեր գազով ցրել ցուցարարներին, որին ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը կոչ է արել Եգիպտոսի զինվորականներին որևէ մեկին չձերբակալել քաղաքական պատճառներով, միևնույն ժամանակ պետքարտուղարի տեղակալը Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները չի որակել որպես ռազմական հեղաշրջում, քանի որ այդ դեպքում ԱՄՆ օրենսդրությամբ կարգելվի ամենամյա 1,3 մլրդ դոլարի ֆինանսավորումը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկին՝ Եգիպտոսին։

Նշենք, որ թե՛ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման ներկայացուցիչները, թե՛ Մուրսիի հրաժարականի պատճառ դարձած լիբերալ-դեմոկրատական «Տամառոդ» շարժման ներկայացուցիչները հրաժարվել են Բերնսի հետ հանդիպել:

Նշենք նաև, որ կիրակի վարչապետ Հազեմ Բեբլավիի գլխավորությամբ Եգիպտոսի ժամանակավոր կառավարության անդամները երդում են տվել: «Մահմեդական եղբայրները» և արմատական իսլամիստները՝ սալաֆիտները, հրաժարվել են մաս կազմել կառավարությանը՝ հայտարարելով, որ միայն ժողովրդավարական ընտրված իշխանության մարմինների մաս կկազմեն։

Այս խորագրի վերջին նյութերը