Կարծիք

16.07.2013 15:45


Լավ էլի...

Լավ էլի...

Ինչ ուզում եք ասեք՝ ես չեմ հասկանում այս վայնասունը, որ սկսվել է երեկվանից ու շարունակվում է: Մի տեսակ կեղծ հայրենասիրության հոտ եմ առնում:

Ով չի ալարում՝ առավոտվանից գրում է՝ «Ռուսները ծաղրում են հայ վարորդին», «Ոտնահարված է մեր ազգային արժանապտվությունը», «Բոլորս դեպի ՌԴ դեսպանատուն» եւ այլն:

Լավ էլի…զզվելի է: Առնվազն:

Նայեք, թե ովքեր են վայնասուն բարձրացնողները: Հիմնականում այն մարդիկ, ովքեր մշտապես պատվերով հայրենասիրություն են խաղացել: Ու չի գտնվում մեկը, որ սրանց ասի՝ այդքան մտահոգ եք, հա՞, հայ վարորդի ճակատագրով, բա որտե՞ղ եք, երբ ոտնահարվում է Հայաստանում ապրող քաղաքացիների իրավունքները, որոնց բոլորին նույն «խալաթն» են հագցրել ՀՀ իշխանությունները։

Ախր, ձեր իշխանությունը բացահայտորեն ծաղրում ու արհամարհում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այս մասին ինչո՞ւ մի օր բողոքի ձայն չեք բարձրացնում: Թե՞ հեշտ է օտար իշխանության դեմ բռունցքներ ճոճելը, թե իբր մենք կանք, մենք հայ ենք «Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, մեզ հայ են ասում, կանք ու պիտի շատանանք» ոճով:

Չենք շատանում: Հակառակը՝ աղետալիորեն պակասում ենք:

Այո՛, մենք բոլորս Հրաչյա Հարությունյանի վիճակում ենք՝ մեր հողի վրա: Հիմա ինչու՞ եք խառնվել իրար, ինչու՞ եք աշխարհացունց աղմուկ բարձրացնում:

Պակասում ենք հենց Սերժ եւ Տիգրան Սարգսյանների «հայրենանվեր» գործունեության հետեւանքով: Եւ հիմա սա չտեսնել ու անիմաստ կռինչներ արձակել առ ՌԴ իշխանությունները…սա ես անձամբ չեմ հասկանում:

Տեղական հայրենասիրության էս ձեւը, իրոք, չեմ հասկանում, երբ, մանավանդ, կրկնում եմ, կատարվածի դեմ բողոքում են մարդիկ, ովքեր, օրինակ, ձկան նման լռել են օֆշորային սկանդալի բացահայտման կամ ընտրությունները կեղծելու ժամանակ: Բայց «փողեր լվանալը» նույն ՀՀ քաղաքացիներին լլկելուն հավասար բան է, չէ՞: Իսկ ի՞նչ որակում տալ տոկոս «խփելու» «ազգանվեր» գործունեությա՞նը։

Օֆշորը մի կողմ՝ որտե՞ղ էիք, երբ ազատամարտիկները ցույցեր էին անում: Չէ որ նրանք էլ այս հողի վրա ապրում են նույն Հրաչյա Հարությունյանի կարգավիճակով: Սրա մասին խոսեիք, հետո նոր երեսատեղ կունենայիք օտար երկրում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ձեր բողոքն արտահայտելու:

Եվ կամ՝ հայոց բանակի սպա Բուդաղյանի սպանության կապակցությամբ կոչ անեիք ցույցեր կազմակերպել Լիսկայի առանձնատան կամ նախագահական նստավայրի դիմաց (որքան հասկանում եմ դրանք նույնացվել են):

Ի՞նչ օրի է ՀՀ քաղաքացին, ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները նրան մաշկում, էս մասին կարո՞ղ եք խոսել կամ ընդվզել սեփական իշխանության դեմ: Եթե այդ համարձակությունը չունեք, ումից ինչ եք պահանջում:

Եթե չեք ստիպում օրվա իշխանությանը հարգել սեփական ժողովրդին՝ վերջինիս թույլ տալով շնչել ու արտաշնչել եւ ոչ թե կքել սարսափելի հոգսերի բեռան տակ, կամ բռնել պանդխտության ճանապարհը, ուրեմն ումի՞ց ինչ եք պահանջում:

Երբ ձեր իշխանությանը կստիպեք հարգել ու տեր կանգնել երկրի քաղաքացիների իրավունքներին, այդ ժամանակ էլ նույն իշխանությունը տեր կկանգնի դրսերում ապրող հայերի իրավունքներին:

Ա՛յ այդ ժամանակ կարելի է խոսել ազգային արժանապատվության մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը