Լրահոս

16.07.2013 13:25


ԿԲ պատասխանը ծրագրավորողների նամակին

ԿԲ պատասխանը ծրագրավորողների նամակին

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ անանուն նամակ:
ՀՀ կենտրոնական բանկն իր քաղաքականության համաձայն՝ չի արձագանքում անանուն նամակներին, սակայն կարևորելով հասարակության հետ թափանցիկ շփումը, նպատակահարմար է գտնում պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ:

«Google AdSense» համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: «Google AdSense» համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին «EFT – Electronic Fund Transfer» համակարգի օգնությամբ: Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները:
Ինչ վերաբերում է «Paypal» համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց «Paypal» հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին: ՀՀ կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել «Paypal» համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ-ի համար հանելու ուղղությամբ:
Ի լրումն, հարկ է նշել, որ վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով: Մեր շփումները «Paypal» ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը