Լրահոս

15.07.2013 14:08


Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները

Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ՝ նախորդ շաբաթ կատարված շրջայցերին պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը` հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման և Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի անտառային գոտիների վերականգնման աշխատանքների շրջանակում հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռսբլուր» պանթեոնի հարակից տարածքի և «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում ծառերի տապալման հնարավոր դեպքերը կանխելու և դրանք բացառելու ուղղությամբ:

Կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը նոր աշխատակիցներով համալրելու գործընթացին անդրադառնալով` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձինք:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են բազմաբնակարան բնակելի շենքերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված հայտարարությունների տախտակները որոշ անբարեխիղճ քաղաքացիների կողմից վնասելու դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է սահմանել հսկողություն և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը