Լրահոս

13.07.2013 14:32


ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը  Հայաստան

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը, հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշեց, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս հայտնեցին, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրեցին նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով: Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշեց, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունը հայտնեց, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր - 2020» տեսլականը:

Այս խորագրի վերջին նյութերը